կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 11:11
Աշխարհ

Իսրայելն առանց Նեթանյահուի. 12 տարվա մեջ առաջին անգամ կառավարություն է կազմվել առանց Բիբիի

Իսրայելն առանց Նեթանյահուի. 12 տարվա մեջ առաջին անգամ կառավարություն է կազմվել առանց Բիբիի

Վերջին 12 տարվա ընթացքում Իսրայելն առաջին անգամ կոալիցիոն կառավարություն է կազմել առանց վարչապետ Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության: «Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է, որ համաձայնագիր է ստորագրել մի քանի կուսակցությունների հետ. հայտնում է The Times of Israel-ը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների՝ «Յամինա» կուսակցության ղեկավար Նաֆթալի Բենեթը կդառնա վարչապետ: Նա այս պաշտոնում կմնա մինչև 2023 թվականի սեպտեմբերը: Այնուհետև, մինչ 2025 թվականի նոյեմբերը (նախքան խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը), Լապիդը կգլխավորի կառավարությունը:

Այժմ կոալիցիոն կառավարության կազմը պետք է հաստատվի նախագահի և Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) կողմից:

Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը երկրի նոր նախագահ էր ընտրել Յիցակ Հերցոգին: Իր առաջին հետընտրական ելույթում նա հայտարարել է, որ մտադիր է «կամուրջներ կառուցել» իսրայելական հասարակության ներսում և ամրապնդել կապերը հրեական սփյուռքի հետ, խրախուսել ձեռնարկատիրությունը, «պայքարել հակասեմիտիզմի և Իսրայելի նկատմամբ ատելության դեմ» և «պահպանել ժողովրդավարության հիմքերը»: