Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 6-ին պաշտոնական այցով Կիգալիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ:
Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարարը հատկանշական համարեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցն իրականանում է Ռուանդայի ցեղասպանության ոգեկոչման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ:
Զոհրաբ Մնացականյանը և Ռիչարդ Սեզիբերան համակարծիք էին, որ վերջին շրջանում արձանագրված շփումների և հանդիպումների դինամիկան վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի հանձնառության մասին:
Նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին քաղաքական երկխոսության, փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մարդկանց միջև շփումների խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը:
Որպես համագործակցության գերակա ուղղություններ` երկուստեք ընդգծվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտները: Այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր պատվիրակության կազմում տվյալ ոլորտներում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում տեղում քննարկումներ ծավալել թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանում կիրառվող լուծումների տեղայնացման հնարավորությունների շուրջ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա համագործակցությունը: Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վաղ կանխարգելման գործընթացում կարևորվեց իրազեկվածության բարձրացման դերը, այդ թվում՝ կրթության, թանգարանների և գիտական հաստատությունների միջև համագործակցության միջոցով: Նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան այս առումով ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ խթանելու Հայոց ցեղապսանության ինստիտուտ-թանգարանի և Ռուանդայի ցեղասպանության թանգարանի միջև համագործակցությունը:
Առանձնահատուկ կարևորելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդների միջև համերաշխության ձևավորումը՝ նախարար Մնացականյանը կարևորեց ցեղասպանության ժխտման դեմ պայքարը` որպես մարդկության դեմ նոր ոճիրների կանխարգելման գործուն միջոցի: «Մենք անցել ենք ցեղասպանության սարսափի միջով, մենք գիտենք ցեղասպանության հետևանքները: Մեր սկզբունքային դիրքորոշումն է մեկընդմիշտ ամրագել «այլևս երբեքը», որպեսզի որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչի միջով անցել են մեր ժողովուրդները»:
Շնորհակալություն հայտնելով Ռուանդայի ժողովրդի համար կարևոր այս ոգեկոչմանը ներկա լինելու համար՝ Ռուանդային արտաքին գործերի և համագործակցության նախարար Սեզիբերան ներկայացրեց հաշտեցման գործընթացի Ռուանդայի փորձը: