կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 15:36
Քաղաքական

Փաստացիորեն արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը գնում են «Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատով

Փաստացիորեն արտահերթ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը գնում են «Կոնսենսուս մինուս մեկ» ֆորմատով

2020թ. նոյեմբերի 9-ի դավադիր հայտարարությունը փոթորկեց Հայաստանը։ Հենց այդ օրը քաղաքացիների ներխուժումը ԱԺ և կառավարության շենք զանգվածային, էմոցիոնալ, արդարացի բողոքի առաջին քայլն էր, որով հայ ժողովուրդն արձանագրեց իր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ։

Ձևավորված արտակարգ իրավիճակում 17 քաղաքական ուժեր բարդ քննարկումներից հետո կոնսոլիդացվեցին՝ փորձելու դիմագրավել դեռ այն ժամանակ շատերի համար արդեն տեսանելի այն աղետները, որոնց մենք դեռ առերեսվելու էինք։ Քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի հիմքը «Կոնսենսուս մինուս 4» ձևաչափն էր։ Այսինքն՝ բոլոր ուժերը, անկախ իրենց քաղաքական ու գաղափարական օրակարգերից, երկիրը փրկելու նպատակով կոնսոլիդացվում էին մեկի դեմ։ Շարժումը, որն ուներ «Հայրենիքի փրկության շարժում» անվանումը, առաջնորդեց Վ.Մանուկյանը՝ ստանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի լիարժեք աջակցությունը։

Փոփոխական հաջողություններով փողոցային պայքարը, որը տևեց մի քանի ամիս, փորձեց քաղաքական օրակարգ սահմանել, որի միակ ու հիմնական կետը գործող իշխանության հրաժարականն էր, միջանկյալ կառավարության ձևավորումը, երկիրը կայունության հուն մտցնելը, ապա ընտրությունների կազմակերպումը։ Սա այն՝ առանց ցնցումների ուղին էր, որով հնարավոր էր երկրի համար կանխատեսելի ու անվտանգ միջնաժամկետ հեռանկար ձևավորել։

Սակայն որոշ վերլուծաբաններ ու քաղաքագետներ, անգամ քաղաքական գործիչներ այս օրակարգին հոռետեսությամբ մոտեցան՝ քննադատելով նրա գործունեության ձևի ու բնույթի, նրա գաղափարական հենքի հետ կապված ինչ-որ հարցեր՝ միաժամանակ չկարողանալով այլ՝ առավել արդյունավետ օրակարգ ու քայլեր առաջարկել։ Նրանց հիմանական փաստարկը ընդդեմ պայքարի այս ձևի կապված էր քաղաքական գործընթացների նկատմամբ հանրային մի ստվար շերտի անտարբերության ու ապատիայի հետ։

Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Ռ.Քոչարյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ արտահերթի ընտրական օրակարգը մեկն է. ընտրությունն իր և գործող դավադիր Ն.Փաշինյանի միջև է լինելու՝ պետության փրկության շուրջ, ու ինքը «կրելու է»։ Սա քաղաքական կուսակցությունների, անհատների, անգամ թերահավատ քաղաքացիների մոտ սթափվելու ու իրավիճակը հստակ գնահատելու պայմաններ ստեղծեց։ Իրականում Ռ.Քոչարյանը քաղաքական «կարմիր գիծ» գծեց իր և երկիրը աղետի բերած վարչապետի պաշտոնակատարի միջև։

Սա ազդանշան էր քաղաքական ուժերին, որոնք սկսեցին հասկանալ, որ եկել է կողմնորոշվելու պահը, և փաստացիորեն ստացվեց այնպես, որ «Փաշինյանի հետ ընտրությունների գնալը կամ ընտրություններից հետո նրա հետ հնարավոր կոալիցիոն կառավարություն կազմելու» թեզը դարձավ ամենից անպատվաբեր և դավաճանականը։ Քաղաքական օրակարգը Ռ.Քոչարյանի գծած կարմիր գծից հետո սկսեց ձևավորվել արդեն «Ո՞վ է դավաճան Փաշինյանի հետ, ո՞վ՝ պետության» թեզի շուրջ։

Ժամանակագրորեն վերջին ուժը, որ հերքեց Ն.Փաշինյանի հետ ընտրություններից հետո որևէ կերպ կոալիցիա կազմելու հեռանկարը, «Բարգավաճ Հայաստան»-ն էր. հիշեցնենք, որ նախկինում նման քաղաքական հեռանկարները հերքել էին «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ԼՀԿ-ն, ևս մի քանի ուժ, իսկ հաստատել էր «Հանրապետություն» կուսակցությունը։

Ի՞նչ ստացվեց․ ամիսներ առաջ Հայրենիքի փրկության շարժման «Կոնսենսուս  մինուս 1» ձևաչափը իրողություն դարձավ։ Սա, ի պատիվ ՀՀ քաղաքական դաշտի շատ ուժերի, արձանագրեց մեկ կարևոր իրողություն, որ պետության փրկության օրակարգը առաջնահերթ է, իսկ ընդդեմ աղետի մոբիլիզացվելը՝ օրակարգային։