Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը իր fasebook-յան էջում գրել է.
«Սցենարի քաղաքական հիմնավորման համար ընտրվեց ՀԱԿ-ի առաջնորդի հրապարակային հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, իսկ որպես գլխավոր կարգախոս «Կոնսենսուս մինուս մեկ»` ոչ ամբողջական բանաձեւը: Մինչ այդ փորձ էր արվել այս սցենարն երկխոսության միջոցով իրականացնել կոալիցիայի հիմնական ուժի` Հանրապետականի միջոցով «Սերժն իմ ընկերն է» Առաջին նախագահի հայտնի խոստովանությամբ` մինուս մեկի դերում, որպես հանցագործներ ներգրավելով «ավազակապետության» մյուս խորհրդանիշ ԲՀԿ-ին` Ռոբերտ Քոչարյանով, Գագիկ Ծառուկյանով, Վարդան Օսկանյանով եւ այլն (գնահատականները ՀԱԿ-ի առաջնորդին են):
Սերժ Սարգսյանը առավելագույնս կարողացավ օգտվել երկխոսության` իրեն հասնող քաղաքական բարիքներից եւ ...շնորհակալություն, ցտեսություն:
Կոալիցիայի մյուս ներկայացուցիչ ԲՀԿ-ն` քաղաքական իմունիտետի հստակ բացակայության պատճառով սահուն հայտնվեց այս տրագիկոմեդիայի գայթակղիչ ծուղակում: Ներկայացումը պետք է բեմականացվեր երկու գործողություններով: Առաջին արարը ԱԺ ընտրություններն էին, որի ժամանակ, այսպես կոչված միացյալ շտաբով ԲՀԿ-ն, հիմնականում ՀԱԿ-ի միջոցով, պետք էր «ադապտացվեր» ընդդիմադիր դաշտում: Եւ այն, կարծես թե, մասամբ ստացվեց, չնայած ՀԱկ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կողմից Արթիկից, մյուս մարզերից պարբերաբար աղաղակող փաստերի, որ Բարգավաճի ներկայացուցիչները Հանրապետական թեկնածուների հետ հավասար զբաղված են հանցագործություններով` ընտրակաշառք, բարեգործ տրակտորներ բաժանելով եւ այլ օրինազանցություններով:Նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչների անենօրյա բացահայտումները հանցագործությունների մասին միացյալ շտաբում բանի տեղ չդրեցին:
Իշխանությունը այս ընթացքում բարձրաձայն լռում էր, լավագույնս գիտակցելով, որ այս սցենարի իրականացումը բխում է բացառապես իր շահերից` իր ձեռքում պահելով զարգացումները չափավորելու դիրիժորական փայտիկը: Բեմականացման երկրորդ արարում պետք է լրացվեր գլխավոր կարգախոսի թերի հատվածը, այսինքն` «Կոնսենսուս մինուս մեկ` հավասար է Գագիկ Ծառուկյան». այլ խոսքով` միացյալ շտաբով եւ Գագիկ Ծառուկյան միացյալ թեկնածուով` դեպի նախագահական ընտրություններ:
Այս ընթացքում ամբողջ ցինիզմով գործի դրվեց լրատվական կիլերությունը` իր բացահայտ լկտիությամբ եւ խորհրդարանում պատահականորեն հայտնված, քաղաքական դաստիարակությունից զուրկ երիտասարդների հարվածային գունդը` այս տրագիկոմեդիան բացահայտողների նկատմամբ հայոյանքներ ու հակահիգենիկ որակումներ շաղ տալով:
Իշխանությունը շարունակում էր բարձրաձայն լռել. ավել ինչ էր նրան պետք` ՀԱԿ-ի միջոցով ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ բերելը խառնաշփոթ էր առաջացրել ընդդիմադիր դաշտում, նույնիսկ որոշ կուսակցությունների ներսում պառակտողական գործընթացներ էին սկսվել, բեմադրության ամբողջ ընթացքն ու զարգացումները կառավարելի էին իր կողմից: Կուլմինացիայի զավեշտը, թերեւս, քաղաքական կոնյուկտուրայի հուժկու թելադրանքով` խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին ԲՀԿ-ի ներկայացուցիչներից մեկի կողմից արված հայտարարությունն էր, որը համառորեն ներկայացվում էր Բարգավաճի եւ նրա առաջնորդի միասնական քաղաքական տեսակետ: Այսպիսով, պոլիտիկանտությունը հասավ իր գագաթնակետին: Կարծում եմ` իշխանությունը իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի Գ. Ծառուկյանն առաջադրվի որպես նախագահի թեկնածու, բայց ներկայացման ռեժիսուրան դեռեւս չէր հասցրել Բարգավաճի առաջնորդին զրկել ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից:
Չիրականացման պատճառը, թերեւս, այն էր, որ սցենարի հեղինակների հերոսին բեմադրության ռեժիսորները որպես զոհ էին նախատեսել: Այսօր արդեն Բարգավաճի եւ նրա առաջնորդի անունից պարբերաբար հայտարարությամբ հանդես եկողներին ետողորմիայի մեկ ճանապարհ է մնացել, որ իրենք ընդամենը իրենց անձնական տեսակետն են արտահայտել, հասկանալի է` ինչ-որ կուլիսներում մշակված:
Սա, իհարկե, ճշմարտություն է, բայց` երեւի ուշացած. գնացքն արդեն բավականին հեռացել է»: