Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ շաբաթ առաջ ԵՊՀ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից, ասել էր. «Երբ որ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ այ կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես։ Հայ հանրությունն ու ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ այ գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը՝ կարդա, պատմի, անգիր արա, կգնաս այ սենց կլուծես հարցը»:
Այսօր հրավիրված ասուլիսում, yerkir.am-ի հարցին ի պատասխան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գաղտնազերծեց Փաշինյանի այս հայտարարության նախապատմությունը: Պարզվում է՝ դա արձագանք էր Հանրային խորհրդում Լարիսա Ալավերդյանի բարձրացրած հարցերին:
«Հանրային խորհրդում պատրաստել ենք հարցապնդումներ և դիրքորոշում, և ոչ թե հարցեր, քանի որ հասկացել ենք՝ եթե հարցեր տանք, ապա պատասխանները գրեթե գիտենք` ինչ են լինելու: Բավականին հրաշալի առաջարկություններով են հանդես եկել Հանրային խորհրդի հանձնաժողովների ներկայացուցիչները՝ կրթություն, գիտություն, առողջապահություն, անվտանգություն: Ես այսպես եմ դրել իմ հարցապնդումը՝ մենք համարում ենք, որ Արցախի հարց չկա, կա Արցախի պատասխան: Այսինքն՝ Արցախի հարցն արդեն լուծված է, արցախահայությունը համայն հայության հետ մեկտեղ տվել է այդ լուծումը` դա անկախ Արցախի Հանրապետությունն է: Եվ ՀՀ իշխանություններից պահանջվում է պահպանել և պաշտպանել այդ լուծումն ու պատասխանը: Արցախում ապրում է ժողովուրդ, որն, իր` այնտեղ ապրելով, արդեն իսկ պատասխանել է, թե որն է իր պատասխանը: Ես ասել եմ նաև, որ չկա Արցախի առանձին հարց, կա ՀՀ-ի և հայության անվտանգության խնդիր, որտեղ ՀՀ-ի անելիքը շատ պարզ է՝ պահպանել այն վիճակը, որը կա, և ինչպես վարչապետն էր ասել մի առիթով՝ միջազգային հանրությանը ներկայացնել Արցախի հարցի իրական պատկերը: Ես ավելացրել եմ՝ ցավոք, ՀՀ-ում էլ բոլորը չէ, որ պատկերացնում են դա, դրա իրավական կողմը: Եվ իմ այս դիրքորոշմանն ի պատասխան` վարչապետն ասել է՝ վարչապետի առաջարկությամբ, Հանրային խորհուրդը պետք է քննարկի և տա իր խորհրդատվական կարծիքը, քանի որ ՀՀ ժողովրդի մեջ չկա կոնսենսուս Արցախի հարցում: Ես համոզված եմ, որ ժողովրդի մեջ կոնսենսուս կա Արցախի խնդրի լուծման վերաբերյալ, կոնսենսուս չկա որոշ քաղաքական ուժերի և ժողովրդի միջև»,- նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ Հանրային խորհուրդը կարող է խորհրդատվական թուղթ մշակել և տալ վարչապետին, բայց իշխանությունների վրա է մնում դիրքորոշում և նոր փաթեթ ունենալու կարևոր պարտականությունը:
«Ժողովուրդը, հրապարակում կանգնած, կարող է միայն մոտեցում արտահայտել, որն արդեն վաղուց արել է, ուստի ժողովրդին դիմելու նոր խնդիր չկա: Այլ հարց է, որ փորձագիտական խորհուրդների կարիք կա: Կարծում եմ` իշխանությունը չունի ԼՂ հարցի լուծման պատկերացում»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ չգիտակցված հարցադրում է՝ Արցախը ՀՀ մա՞րզ է, թե՞ ոչ: «Այդ ասողները խորապես տեղյակ չեն այն ճանապարհից, որով անցել է Արցախը` մեզ հետ: Զարմանալի է, որ «Սասնա ծռեր»-ում կան մարդիկ, որոնք պատերազմով են անցել, և լավ իմանալով ՀՀ առաջին նախագահի դիրքորոշումն Արցախի հարցում` պնդում են, որ հենց սկզբից Արցախը պիտի լիներ ՀՀ մարզ: Դուք պատկերացնո՞ւմ եք` եթե միավորված լինեին, երբ հայտնի էր Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում` որպես ինքնավար հանրապետություն, մենք ինչի այսօր կհասնեինք»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը: