Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարի Աբրահամյան
Արվեստաբան
Հայկական ճարտարապետության պատմության մեջ առանցքային դեր և նշանակություն ունի Անիի դպրոցը, որն իր ոճական ինքնատիպությամբ, կառույցների հորինվածքային, գեղարվեստական ձևերի նորարարությամբ մեծ ազդեցություն է թողել հայ ճարտարապետության զարգացման հետագա ամբողջ ընթացքի վրա:
Անիի ստեղծագործական դպրոցի նվաճումներն անխզելիորեն կապված են միջնադարյան Հայաստանի մեծանուն ճարտարապետ Տրդատի անվան հետ, ով իր բեղուն գործունեության ընթացքում արարել է հոյակերտ, անզուգական կոթողներ:
Անգնահատելի է Տրդատի դերը Անիի ճարտարապետական ինքնության ձևավորման գործում: Մեծանուն գիտնական, ճարտարապետ Թորոս Թորամանյանը բարձր է գնահատել Տրդատի կարևորությունը հայ ճարտարապետության մեջ, նույնիսկ, նպատակ ունենալով նրա կերպարը դարձնել գեղարվեստական երկի նյութ, որից սակայն միայն մի քանի թերթեր են պահպանվել[1]:
Տրդատ ճարտարապետի մեզ հայտնի առաջին գործը Արգինայի եկեղեցին է[2]: Նրա ստեղծագործական մտահղացմանն են պատկանում նաև Անիի Գագկաշեն (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 1001-1010) զվարթնոցատիպ եկեղեցին, Սուրբ Փրկչի (1036) ութախորան կենտրոնագմբեթ եկեղեցին (համաձայն հարավային մուտքի վրայի արձանագրության՝ հեղինակը եղել է Տրդատը):
Տրդատի համբավը տարածված է եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Հայտնի է, որ 989-ին Տրդատը հրավիրվել է Կոստանդնուպոլիս և վերականգնել Սուրբ Սոֆիա տաճարի՝ երկրաշարժից քանդված գմբեթը, որը կանգուն է մինչև օրս: Թորոս Թորամանյանը, մեջբերելով պատմագիր Ստեփանոս Ասողիկի նկարագրությունները, գրում է. «Շիրակի նման փոքր թագավորության մեջ ծնվել ու զարգացել էր այնպիսի հայ արվեստագետ, ով ոչ միայն մրցակից հանդիսացավ Հուստինիանոսի զույգ ճարտարապետներին՝ Անթեմիուսին և Իսիդորին, այլև՝ իր հավիտենական մահարձանը կանգնեց Բյուզանդիայի Սբ. Սոֆիա տաճարի վրա՝ պատիվ ու պարծանք իր հայրենիքին, իր ցեղին»[3]:
Տրդատի ստեղծագործական անհատականության լավագույն դրսևորումներից մեկն է Անիի Մայր տաճարը՝ նշանակալի դեր կատարելով եկեղեցական ճարտարապետության գեղարվեստական ձևերի զարգացման գործում: Մայր տաճարն իր շքեղությամբ, գաղափարաբովանդակային ասելիքով կոչված է եղել հավերժացնելու հայկական պետականության հզորությունը:
Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001 թվականներին՝ Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման շրջանում: Տաճարի հիմնադրումն սկսվել է Սմբատ Բ Բագրատունու (Տիեզերակալ) կառավարման տարիներին: Հետագայում տաճարի շինարարությունն ավարտվել է Գագիկ Ա Բագրատունու կնոջ՝ Կատրանիդե թագուհու անմիջական հովանավորությամբ:
Տաճարը գտնվում է Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպների միջանկյալ տարածքի կենտրոնական հատվածում: Նվիրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնին (կոչվում է նաև՝ Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի):
Անիի Մայր տաճարն ունի վաղմիջնադարյան հայ ճարտարապետությանը բնորոշ քառամույթ գմբեթավոր բազիլիկայի հորինվածք:
Տաճարի արտաքին ճարտարապետությունն առինքնող է՝ ինքնատիպ հարուստ հարդարանքով. արևելյան, հյուսիսային, հարավային ճակատները ակոսված են եռանկյունի որմնախորշերով: Բոլոր ճակատները հարդարված են դեկորատիվ կամարաշարքով[4], որոնք խարսխված են բարակ որմնասյուների վրա. «Դեռևս VII դ. հայտնի հայկական եկեղեցիների արտաքին հարդարանքի այդ եղանակը Տրդատը հասցրել է կատարելության՝ նրբացնելով որմնասյուները և փոքրացնելով նրանց միջև տարածությունը»[5],- նշում է ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը:
Տաճարի պատերը բարձրանում են բազմաստիճան գետնախարիսխների վրա: Հետաքրքիր մոտեցումով են արված տաճարի երեք՝ արևմտյան, հյուսիսային, հարավային շքամուտքները, «որոնք առաջակարկառ են ու մշակված որմնափնջերի օգնությամբ»[6]:
Անիի Մայր տաճարում՝ պատուհանների, խորշերի շրջանակման մեջ, քիվերում, մուտքերի ձևավորման մեջ նկատելի են քարի հարուստ քանդակազարդումներ, ինչը գեղարվեստական մեծ արժանիքներ է հաղորդում տաճարի արտաքին տեսքին:
Անզուգական է Մայր տաճարի ինտերիերի լուծումը, որտեղ Տրդատը դրսևորել է մեծ վարպետություն՝ հասնելով ներքին տարածության միասնական ընկալման. Մայր տաճարի կենտրոնական գմբեթակիր նավը՝ շնորհիվ կողմնային նավերի նեղացման, գերիշխում է շենքի ներքին տարածության վրա: Ուշագրավ է հզոր, բարձր մույթերի փնջանման մշակվածությունը, որով ընդգծվել է Մայր տաճարի հորինվածքային ուղղահայացությունը՝ հաղորդելով «…շեշտված վերսլացություն, դինամիկ լարվածություն, որի շնորհիվ ծածկն ասես ճախրում է աղոթասրահի վրա»[7]:
Ինտերիերի տարածական լուծման նման մեկնաբանումը՝ «…ներվյուրների նմանողությամբ մույթերի և կամարների խրցաձև մասնատումը, երկկենտրոն՝ սլաքաձև կամարները և թաղերը՝ այս բոլոր առանձնահատկություններն ավելի ուշ կիրառել և զարգացել են գոթական ճարտարապետության մեջ»[8]:
Ենթագմբեթային քառակուսուց դեպի թմբուկ անցումն իրականացվել է առագաստներով: Գմբեթը (կործանվել է 1319-ին երկրաշարժից) նստած է եղել արտաքուստ բազմանիստ, անկյուններում զույգ կիսասյուներով զարդարված թմբուկի վրա: Մայր տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթաձույլ խաչ, ինչպես նաև, Սմբատ Բ Բագրատունին Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ. «…որպես արեգակ՝ երկնանման գմբեթից կախված, լուսավորի տաճարիս մեջ աղոթող հավատարիմ ու անձնվեր ժողովրդիս, և շուրջը հազարավոր ոսկի և արծաթ կանթեղներ մշտավառ աստղերի պես փողփողեն»[9]:
Ինչպես նկատելի է, Անիի Մայր տաճարի ներքին հարդարանքն աչքի է ընկել առանձնահատուկ շքեղությամբ:
Մայր տաճարի արևելյան հատվածում գտնվող Ավագ խորանը, որի երկու կողմերում ավանդատներ են, զարդարված է եղել որմնանկարով: Խորանն ավանդատներից բաժանող և երկայնական պատերի՝ մույթերին հանդիպակաց մասերը ջլատված են եռանկյունաձև խորշերով, որոնք այստեղ ունեն ոչ միայն դեկորատիվ, այլև կոնստրուկտիվ նշանակություն[10]:
Անիի Մայր տաճարն իր ճարտարապետական, գեղագիտական ամբողջությամբ վկայում է միջնադարյան հայ ստեղծագործական մտքի բարձրարժեքությունը: Կառուցվածքային հորինվածքի կատարելությամբ, գեղարվեստական ձևերի նրբաճաշակությամբ Անիի Մայր տաճարը պատկանում է համաշխարհային ճարտարապետության լավագույն կոթողների թվին:
[1] Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, աշխատությունների երկրորդ ժողովածու, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1948, էջ 43:
[2] Արգինայի եկեղեցին ուներ գմբեթավոր դահլիճի հորինվածք: Տրդատը Արգինայի եկեղեցում առաջին անգամ կիրառեց գմբեթակիր մույթերի փնջաձև ջլատման գաղափարը, որ հետագայում ավելի կատարյալ նա օգտագործեց Անիի Մայր տաճարում // Տե՛ս Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետություն, գիրք-ալբոմ, Երևան, Տիգրան Մեծ, 2011, էջ 13:
[3] Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, աշխատությունների երկրորդ ժողովածու, էջ 43:
[4] IX-XIV դարերում ընդօրինակվում, հարստացվում և զարգացվում են ոչ միայն IV-VII դարերի եկեղեցիների հիմնական տիպերը, այլև հիմնական զարդատարրերը՝ երկրաչափական, բուսական-հյուսվածքային, կենդանական, թռչնային և այլն: Անիում և մայրաքաղաքին հետևող շրջաններում այդ զարգացումը կրում է դեկորատիվ բնույթ, որտեղ ավելի մեծ դեր է խաղում ոճավորումը: // Տե՛ս Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ», 2009, էջ 106-107:
[5] Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, էջ 87:
[6] Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, բուհական ձեռնարկ, Երևան, «Լույս» պետական հրատարակչություն, 1992, էջ 232:
[8] Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետություն, էջ 13:
[9] Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, աշխատությունների երկրորդ ժողովածու, էջ 43:
[10] Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, Երևան, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1974, էջ 413:
Akunq.net