կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 16:01
Տարածաշրջան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անիի Մայր տաճարում թուրք նախարարի կնոջ պահվածքը քննադատությունների է արժանացել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը քննադատել է երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյի կնոջը՝ Փերվին Էրսոյին՝ Ինսթագրամում հրապարակած տեսանյութի համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gercekgundem.com կայքը:

Տեսանյութում Փերվինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու խորանի վրա երգում էր ժամանակակից թուրքական էստրադային երգ, իսկ ներքևում գտնվողները նրան ձայնակցում և ծափ էին տալիս:

Յարքադաշը քննադատել է նախարարի կնոջն այն բանի համար, որ վերջին զվարճանում է այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը սգի մեջ է՝ կապված Վանում փետրվարի 6-ին տեղի ունեցած ձնահոսքի հետ, որի հետևանքով մահացավ 41 մարդ:

«ԱԶԿ անդամ, Զբոսաշրջության նախարար, ETS Տուր-ի սեփականատեր Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը Կարսի-Անի ավերակներում գտնվող պատմական եկեղեցում ընկերների հետ միասին երգում էր, զվարճանում, այն ժամանակ, երբ Վանում 38 մարդ մնացել է ձյան տակ…», - նշում է Յարքադաշը:

Էրսոյի փաստաբանները հայտարարել են, որ թեև իրենց գործատուն տեղյակ էր ձնահոսքի մասին, այնուհանդերձ այլևս անհնար է չեղարկել այցելությունը: Յարքադաշը չի նշել եկեղեցու հայկական լինելը, սակայն հավելել է, որ նման պահվածքը «դեմ է պատմական եկեղեցու ավանդույթներին և օրենքներին»:

Տեսանյութը հրապարակումից որոշ ժամանակ անց ջնջվել է: Փաստաբանները դատի են տվել Յարքադաշին, իսկ Փերվան Էրսոյը հեգնելով նշել է, որ «պարզապես ստուգում էր եկեղեցու  ակուստիկան»: