կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանակին ցանկանում են վնասել Փաշինյանի շատ աջակիցներ, նաև ադրբեջանցիներն են ուզում իրենց Իլհամիկին տանել․ իջևանցի

Ավանակին ոչ միայն ցանկանում են վնասել Նիկոլ Փաշինյանի շատ աջակիցներ, այլ նաև ադրբեջանցիներն են ուզում իրենց Իլհամիկին հետ տանել, նույնիսկ գումար էլ են առաջարկել, որ  ավանակին տանք, քանի տեսնում են՝ չենք համաձայնում, չափն ավելացնում են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Փաշինյանին ԱԺ-ից էշին թարս նստեցրած՝ իբրև դավաճանի, տանել ցանկացող Իջևանի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանը։

«Բայց Իլհամիկին չենք տալու, որովհետև ավանակը դեռ իր առաքելությունը չի ավարտել․ ավանակին մենք կուղարկենք Ադրբեջան, բայց ոչ մենակ, իր վրա մարդ կլինի թարս նստած՝ մերկ վիճակում»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Նա նշեց, որ ԱԺ-ի մոտ գնալուց հետո, երբ իրեն բերման ենթարկեցին, ավանակին շատ լավ էին վերաբերվել Ոստիկանությունում, հավուր պատշաճի տարել էին՝ կերակրել, հետո Օղակաձև այգում կապել, ոստիկաններն էլ հերթափոխով հսկողություն էին սահմանել, մինչև լուսաբացին իրենց մեքենան Իջևանից հասել էր, անասունին տեղավորել ու տարել։

«Հիմա մեր տարածքում է․ տեղը չեմ ասի, որովհետև շատերն են ցանկանում վնասել։ Դե բա որ ինձ չեն կարող վնասել, շատ-շատ ավանակին վնասեն։ Էնքան ճղճիմ մարդիկ են, որ ինձ մոտենալ չեն կարող, բայց էշն էլ է հատուկ հսկողության տակ հատուկ պատրաստված մարդկանց կողմից»,-վստահեցրեց աչաջուրցի երիտասարդը։

Նա վերահաստատեց, որ Փաշինյանը տեղյակ է եղել, որ իր հետևից էշով գալու են․ «Ես կարծում եմ, որ ինքն էլ կցանկանա, վերջապես, ջանն ազատել այս ամեն ինչից, ու գալ ինձ հետ, պարզապես, իրեն թույլ չեն տալիս Թուրքիան ու Ադրբեջանը, որովհետև իրենց ներկայացուցիչը մեր երկրում դեռ գործ ունի անելու։ Բայց մենք ավելի ուժեղ ենք, քան Նիկոլ Փաշինյանին պաշտպանող այդ գաղտնի ուժերը։ Սա շատ լուրջ դաստիարակչական, ուսուցողական բնույթ ունեցող բան է, ժողովուրդը պետք է հասկանա, որ դավաճանի հետ այդպես պետք է վարվել»։

Սևադա Ղուկասյանն ասաց՝ ինքը մտորում էր կանգ առնել և չշարունակել Փաշինյանին էշով՝ թարս նստած, պտտեցնելու դաստիարակչական ակցիան, քանի որ Փաշինյանը, ցավոք, իջևանցի է և նրա շատ բարեկամներ, դասընկերներ իրենից նեղանում են։ Բայց երեկ ոստիկանները խուժեցին իր տուն՝ խուզարկության, վատ վիճակի մեջ դրեցին տան անդամներին, և ինքը հասկացավ, որ պետք է ավելի ակտիվ պայքարել դավաճանի դեմ։

«Հասկանում եք՝ գյուղ տեղ է, պատվի հարց էլ է, իմ տունն էլ հենց գյուղամիջում է, գյուղի մարդիկ տեսել են, որ միանգամից մի 10 ոստիկան մտավ իմ տուն՝ վա՜յ, հանցագործի հետևից եկել են։ Մամաս գյուղական դպրոցում տարրական դասարաններում դասավանդում է, գյուղի մարդիկ էլ շատ բանից տեղյակ չեն, հիմա կմտածեն, որ եթե այդ կնոջ հարազատ զավակը թմրամոլ է, նա ո՞նց կարող է մեր զավաներին դաստիարակել։ Դա լուրջ վիրավորանք է ինձ հասցված։ Ոստիկանությունը չպիտի մտներ իմ տուն ու չպիտի խուզարկեր իմ տունը։ Ես փոքր տղա ունեմ, ես դա այդպես չեմ թողնի, ես չեմ թողնի, որ իմ մայրը ամաչի մտնել կոլեկտիվ, ես իմ երեխի նեղվածությունը որ տեսել եմ՝ հաստատ դրա մեղավորները պիտի պատժվեն ավելի ծանր»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Փաշինյանին էշին թարս նստեցնել ցանկացող իջևանցու դեմ քրեական գործ են հարուցել թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածով՝ առանց իրացնելու նպատակի, որն ուղարկվել է ՔԿ։ ԱԺ-ի դիմաց ակցիայից հետո, նրան բերման ենթարկելու ժամանակ, Սևադա Ղուկասյանի գրպանը թմրանյութ են գցել, իսկ երեկվա խուզարկությամբ առգրավել են խանութից գնած բոված կանեփի սերմը։

«Կանեփն ու կանեփի սերմը լրիվ տարբեր բաներ են․ իմ տանը հայտնաբերել են բոված կանեփի սերմեր, որոնք պլաստմասսայե ամանի մեջ խանութներում, սուպերմարկետներում ազատ վաճառում են։ Մարդիկ դա հենց այնպես էլ են ուտում, բուլկիի երեսին էլ են դնում։ Այնպես ուրախացան, որ գտան, կարծես իմ տանը միջուկային զենք են հայտնաբերել ու դարձրել են եսիմ ինչ հանցագործություն, էսա իրենք էլ կոչումներ կստանան, մեդալներ կստանան»,-պատմեց Սևադա Ղուկասյանը։

Նա վստահեցրեց, որ փորձում են իրեն վարկաբեկել, բայց դա հակառակ ազդեցությունն է ունենում։

«Ես հավատում էի, որ այս երկրում խոսքի ազատությունը արդեն իրողություն է, և որոշել էի իմ բողոքը արտահայտել այդ ձևով․․․ պարզվեց, մենք հետ ենք դարձել ավելին, քան մտածում էինք՝ Սովետի ժամանակաշրջան, երբ խոսքի ազատությունը լիովին սահմանափակված էր․ բողոքի ձայնը բարձրացնողի գլխին շատ հեշտությամբ կարող են սարքել»,-ասաց նա։

Ինչ նպատակ ունեն իր գրպանը թմրանյութ գցողները, Սևադա Ղուկասյանի համար մի քիչ անհասկանալի է, որովհետև եթե ուզում էին իրեն ձերբակալեն, ապա ավելի մեծ քանակով թմրանյութ կգցեին գրպանը․ բանն այն է, որ մինչև 3 գրամ թմրանյութ մարդն իրավունք ունի մոտը պահելու և դրա համար քրեական գործ չի հարուցվում, մինչդեռ իր գրպանը գցել են 2,94 գրամ, որն այնտեղ տեղում կշռել են։

«Ինձ թվում է՝ նրանք նպատակ ունեին ընդամենը վարկաբեկել ինձ, հիմնավորել, որ ես ոչ սթափ վիճակում եմ այդ ակցիան արել։ Ինձ համար անհասկանալի է՝ որտեղից էր ինձ մոտ հայտնվել այդ թմրանյութը․ ես հիմար չեմ, որ ԱԺ գնամ թմրանյութը գրպանս, նույնն է, որ թմրանյութը ձեռքդ մտնես Ոստիկանության բաժին և ասես՝ ինձ ձերբակալեք։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր տրամաբանություն ունեցող մարդ վստահ է, որ դա չէր կարող իմը լինել»,-ասաց նա։

Ղուկասյանը համոզված է, որ ժամանակը ցույց կտա՝ ինչ նպատակ էր հետապնդում այդ էժան մեխանիզմով իր գլխին սարքելը։

«Սրանց պատվիրատուները համարում են, որ ես շատ լուրջ ձևով իրենց պատվազրկել եմ, ուզում են ինձ պատասխանել։ Բայց տարբերություն կա՝ ինքն արժանի է այդ վերաբերմունքին։ Իմ անունը, հեղինակությունը, պատիվը ինձ համար շատ թանկ է, կյանքիցս թանկ է, ես դա շատ եմ կարևորում, և իմ բոլոր եզրակացությունները տանում են դրան, որ ուզում են ինձ պատվազուրկ անել, ոչ թե ձերբակալել։ Իրենց հաջողվեց ինձ հունից հանել, վիրավորել, բայց գլխավոր իրենց նպատակը, որ ցանկանում էին ինձ պատվազրկել, իրենց դա չհաջողվեց, քանի որ մարդիկ արդեն մտածում են ու հասկանում ճշմարտությունը»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Նա գաղափար հուշեց քանդակագործներին․ դավաճանի խորհրդանշական արձան կանգնեցնել սիմվոլիկ մի տեղ, ասենք, Նուբարաշենի աղբավայրում։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․