Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուսապարկով քանդակը: 2 մետր 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն իջևանցի քանդակագործ Արմեն Դավթյանն է:
Քանդակագործը լրագրողների հետ շփվել չի սիրում: Yerkir.am-ն էլ զրուցեց նրա որդու՝ Գոռ Դավթյանի հետ: Նրա խոսքով՝ քանդակի ստեղծման աշխատանքները սկսվել են հեղափոխության առաջին իսկ օրերից: «Քանդակը հորս ներքին մղումն է եղել: Հայրս մտադրություն չի ունեցել այն ինչ-որ տեղ տեղադրելու: Բայց քանի որ այն արդեն կյանքի էր կոչվել, մտահղացումը լավն էր, որոշեցինք ձուլել և տեղադրել: Որոշեցինք այն տեղադրել Գյումրիից դուրս գալու ճանապարհին, որտեղից սկսվել է քայլերթը»,-ասաց Գոռ Դավթյանը:
Քանդակը ստեղծվել և տեղադրվել է Արմեն Դավթյանի միջոցներով: Քանդակը պղնձից չէ, սակայն, ըստ քանդակագործի որդու, քանդակի նյութն ավելի ամուր է, քան պղինձը:
Գոռ Դավթյանը նշեց նաև, որ հոր նպատակն է եղել հեղափոխությունը խորհրդանշող մի քանդակ ստեղծել, իսկ եթե ուզում ես հեղափոխության շունչը ցույց տալ մեկ քանդակի միջոցով, նրա գնահատականով, բնականաբար, դրա լավագույն կերպարը Նիկոլ Փաշինյանն է: «Մենք ոչ թե անձի պաշտամունքի խնդիր ենք դնում, այլ ուզում ենք հեղափոխության շունչը ցույց տալ: Քանդակի տեղն էլ լավն է՝ ճանապարհի վրա է, մարդիկ կանգնում են, նկարվում»,- ասաց նա:
Հարցին, թե տարածքում հսկողություն կա՞, կամ գուցե պատկան մարմիններին դիմելու նպատա՞կ ունեն, որպեսզի ինչ-որ կերպ այն վերահսկվի, քանի որ քանդակների պահպանության հարցում, կարծես, այնքան էլ լավ մշակույթ չունենք, քանդակագործի որդին պատասխանեց, որ, ոչ, այն չի հսկվում: «Քանդակը նվեր է ժողովրդին, ու ժողովուրդն ինքը կպաշտպանի այն»,- ասաց նա:
Գոռ Դավթյանի խոսքով՝ ֆեյսբուքյան մեկնաբանություններից դատելով՝ 99 տոկոսով լավ արձագանք է ստացել քանդակը ստեղծելու մտահղացումը, ինչը, ըստ նրա, կախված է Փաշինյանի հանդեպ սիրուց: «Հազվագյուտ մարդիկ են, որ վատ են արտահայտվում ու սխալ ենթատեքստ տալիս, թե անձի պաշտամունք կա: Հայրս, սակայն, ուզեցել է այդ կերպարի մեջ ամփոփել հայ ժողովրդի՝ իր ազատության համար պայքարող, վճռական կամքով կերպարը: Համոզված եմ՝ Փաշինյանը կուրախանա, որ բոլորիս հասել են իր գաղափարները, բայց քանի որ հիմա վարչապետի պաշտոնում է, մի փոքր գուցե վատ կզգա, անհարմար վիճակում կլինի»,- ասաց քանդակագործի որդին:
Դավթյանի խոսքով՝ հայրը մի շարք քանդակներ ունի, որոնք դարձյալ ստեղծվել ու իրենց միջոցներով տեղադրվել են Իջևանում: Նման քանդակներից մեկը, օրինակ, Աշոտ Երկաթի ձիարձանն է Իջևանում: Այն, ճիշտ է, ըստ Դավթյանի, սկզբում պատվեր է եղել, նաև որոշակի գումար են հատկացրել դրա համար, սակայն հետո դադարել են ֆինանսավորումը, Արմեն Դավթյանն էլ այն ավարտել ու տեղադրել է Իջևանում: