Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Ճշմարտությունը համառ է։ Թերևս կարող ուժերը փորձեն որոշ ժամանակով կոծկել և խավարի մեջ պահել այն, սակայն ինչ էլ անեն, մի օր ճշմարտությունը կսկսի բացահայտվել։
Հասան Հայրի Աթեշ
Խնդիրը Դերսիմի՝ հնագույն ժամանակներից ունեցած սոցիալական կառուցվածքն է
Դերսիմի 1937-38 թթ․ ավարտին հասցված գործընթաց չէ։ Երբ անդրադառնում ենք համառորեն շարունակվող ժխտողական քաղաքականությանը, ակնհայտ է դառնում, որ ներկայում Դերսիմը խնդիր է համարվում մշակութային համատեքստում, խնդիր, որը պետք է լուծել։ Հնագույն Դերսիմը քուրդ-զազա-ալևի-քըզըլբաշ դավանանքի բնօրրանն է, մի առանձնահատուկ մշակութային ավազան։ Այստեղ ինքնուրույն սոցիալական և մշակութային կառուցվածքը հարյուրավոր տարիներ շատ ծանր շրջափակման մեջ է պահվել, սակայն երկար ժամանակ թուրքական պետությունն իր նպատակին չի հասել։ Ժամանակին ներքին գործերի նախարար եղած Շյուքրյու Քայան 1935 թ․ «Թունչ-Էլի» օրենքի մասին իր ելույթում նշել է․ «Դերսիմի խնդիրն առկա է դեռ Յավուզի ժամանակաշրջանից»։ Շյուքրյու Քայայի խոսքն ապացույց է առ այն, թե թուրքական իշխանություններն ինչ չարությամբ էին լցված Դերսիմի նկատմամբ։
Պալատի հրամանով՝ Զեքի փաշայի և Անատոլիայի գլխավոր տեսուչ Շաքիր փաշայի կողմից 1896 թ․ մշակված զեկույցը Դերսիմի բարենորոգման հարցը ներառող առաջին մանրամասն փաստաթուղթն է։ Զեկույցում Դերսիմի դավանանքը ներկայացվել է որպես անհնազանդության պատճառ, նշվել, որ կարևոր է հասարակական կառուցվածքի վերափոխումը մշակութայինի և առաջարկվել․ «Տգիտության կանխում, սնահավատության վերացում, նաքշբանդիա թեքքեների (դերվիշական միաբանությունների- Ակունքի խմբ․) բացում»։ Նաև կարևոր նպատակ է համարվել աշիրեթների միջև հակասությունների հրահրումը՝ պետության իշխանությունն այդ շրջանում ամրապնդելու համար։
Զեկույցի բովանդակությունից երևում է, որ Դերսիմում մշակութային կառուցվածքի չեզոքացման նպատակով Օսմանյան կայսրության ժամանակներից մինչ օրս տարված քաղաքականությունը չի փոխվել, որ թուրքականության և հանաֆիականության հիմքի վրա էթնիկ և կրոնական միատարր համայնք ձևավորել ձգտած երիտթուրքերն ու քեմալիստները որդեգրել և շարունակել են այդ քաղաքականությունը։
1933 թ․ Ժանդարմերիայի գլխավոր տեսչության պատրաստած զեկույցում ասվում է․ «Եթե Յավուզի մտադրությունն իրականացված լիներ Դերսիմի ուղղաձիգ լեռների ներսում, թերևս Դերսիմն այսօր նյութական և հոգևոր մեկ այլ ճանապարհի վրա լիներ»։ Իրականում նրանք ցանկանում էին Դերսիմը նյութապես թուրքացնել, իսկ հոգևոր առումով սուննիական դարձնել․․․ Հավաքական հիշողության մեջ որպես «Թերթելե 38» (1937-38 թթ․ Դերսիմի կոտորածը- Ակունք խմբ․) պահպանված կոտորածը երկարատև պատմական գործընթացի վերջին օղակն է։
Հալվորիի (Հալվորիկ- Ակունք խմբ․) հանդիպումը և օրինական պաշտպանությունը
1937 թ․ ընդունվեց Թունջելիի գործողության վերաբերյալ որոշումը, որը հնագույն Դերսիմը թաղելուն, Յավուզից հետո չհաջողված նպատակին հասնելուն ուղղված գործողություն էր։ Նախկինում անարդյունավետ եղած 40 մեծ գործողություններից ամենաարյունոտ ռևանշն էր դա։
Շատ են եղել դեպքեր, երբ ազգ-պետությունները, սադրանքներ հրահրելով, ժողովուրդներին կոտորել և ցեղասպանությունների են ենթարկել։ Երիտթուրքերի ժամանակ սկսված և Հանրապետության տարիներին շարունակված պետական սովորույթը դրանից հետ չի մնացել։ Դերսիմի կոտորածների համար առիթ հանդիսացած սադրանքը Փաքսի կամրջի այրումն ու Հալվորիի հանդիպումն էր։
«Հալվորիի ժողովի ժամանակ ապստամբության որոշում է կայացվել, կամուրջն այրվել է, ապստամբության կրակը՝ բոցավառվել, իսկ ապստամբությունը ճնշել ցանկացած պետության օրինական իրավունքն է․․․»։ Մինչև 90-ական թթ․ սկիզբ տիրապետող տեսակետը դա էր։ Այդպես էին խոսում, գրում, ներկայացնում։ Սակայն իրականությունը հետևյալն է․ « 1936 թ․ 15 աշիրեթի առաջնորդներ Էլյազըղում (Խարբերդ-Ակունքի խմբ․) հանդիպում են գլխավոր տեսուչ Ալփդողանի հետ, բանակցություններ վարում, ապա՝ զենքերը հանձնում։ Օրենքից դուրս հայտարարված անձանց մի մասը ևս հանձնվում է։ Վերջապես Ալփդողանը գլխավոր տեսուչների ժողովում (1) հաղորդում է, որ այդ տարի հիշատակման արժանի անհնազանդության որևէ դեպք տեղի չի ունեցել։ Դերսիմում հանգստություն է տիրում։
Էլյազըղի մեղադրականում էլ դրությունը այսպես է արտացոլված․ «Բարձրագույն դատարանի կողմից 1936 թ․ մարտի սկզբից մինչև 1937 թ․ մարտի սկիզբը վիլայեթում արձանագրվել է գույքի բռնագրավման 23 մեղադրանք և 18 սպանության դեպք, քանի որ դեպքերը գնալով նվազել են։ Օրենքի կիառման առաջին տարում արձանագրված այդ թվերը մեզ թույլ են տալիս ունենալ այն համոզումը, թե Թունջելին կարող է ապստամբ կետից աշխարհի ամենաերջանիկ անկույնների հետ կողք կողքի, ուս ուսի քայլել»։ (2)
Իրավիճակն այդպիսին էր, երբ խոստումները չպահվեցին։ Գայլն արդեն վերահսկողությունից դուրս էր եկել։ Եթե չլիներ Փաքսի կամրջի այրումը, մեկ այլ առիթ էին գտնելու։ Սեյիթ Ռըզան և մյուս առաջադեմները դա շատ վաղուց էին հասկացել։ Վերահաս աղետը կանխելու համար նրանք ամեն տեսակ ջանքեր գործադրել են։ Սակայն ինչ էլ անեին, միևնույնն է 1925 թ․ Արևելքի բարեփոխման պլանով թիրախավորված, 1926 թ․ «հանրապետության ղեկավարության համար որպես կտրել-դեն նետելու արժանի թարախապալար որակված», 1934 թ․ «Պարտադիր վերաբնակեցման մասին» օրենքով որոշվել էր արդեն, որ Դերսիմը պետք է ամբողջությամբ ոչնչացնել։ Սելիմ Յավուզի թերության պատճառով սրված վրեժի թուրը պատրաստ էր, չհաջողված գործը հաջողելու համար երդումը՝ տրված։ Վերադարձի ճանապարհ չկար։ 1937 թ․ մարտին ներքին Դերսիմում Սեյիթ Ռըզայի մասնակցությամբ 7 աշիրեթների ղեդկավարներ հանդիպում են Հալվորիի ակունքներում, քանի որ հասկացել էին, որ պետությունը գործի է անցել։ «Գուցե պետությունը մեզ վրա բանակ ուղարկի, նման իրավիճակում մեզ այլ ելք չի մնում, քան՝ ինքնապաշտպանվել»,- պայմանավորվում են նրանք։ Որոշում են կայացնում, որ եթե անգամ ատրճանակները հանձված էլ լինեն, ձեռքներին մնացած զենքերով ինքնապաշտպանվեն։
Որքան էլ պնդեն, թե ապստամբությունը սկսվել է 1937 թ․ մարտին Փաքսի կամրջի այրումով, բացահայտված է, որ դա չի արտացոլում ճշմարտությունը։ Այդ շրջանի մամուլն ուսումնասիրած Թահա Բարանը հայտնում է․ «1937 թ․ հունիսի 14-ին Իսմեթ Ինյոնյուի՝ խորհրդարանում ներկայացրած ելույթի հաջորդ առավոտյան տպագիր մամուլում սկսեցին տեղ գրավել Դեսիմի դեպքերի մասին հոդվածներ»։ Մինչ այդ որևէ լուր չէր տրվել։ Դա էլ ցույց է տալիս, որ դեպքերը, ըստ էության, մայիսի 4-ին ընդունված որոշումից հետո են ծավալվել։ Դեռ առաջին պահից աշիրեթներից մեկը նահանջում է, հարձակման դեմ օրինական ինքնապաշտպանության են դիմում 6 աշիրեթներ։ Ավելին՝ Սեյիթ Ռըզայի Աբասան աշիրեթը ներառյալ՝ ոչ մի աշիրեթ միասնական հանդես չի գալիս, ներսում բաժան-բաժան էին արել նրանց։ Մոտ 40 աշիրեթներ էլ չեզոք դիրք են գրավում և անհաղորդ մնում։ Դրանք պետության կողմից արձանագրվում են որպես հավատարիմ աշիրեթներ։
Հայտնի է, թե ինչպես է ավարտվում 1937 թվականը։ Սեպտեմբերի 18-ին վարչապետ Իսմեթ Ինյոնյուն խորհրդարանում ներկայացրած ելույթում տեղեկացնում է, որ Դերսիմի խնդիրն արմատապես լուծված է, և ռազմական գործողությունը հասել է իր նպատակին։ Ըստ Ինյոնյուի, պետությանը դեմ ապստամբած 6 աշիրեթներն՝ իրենց առաջնորդներով, ոչնչացված են, բանակը, Անկարայի փողոցների նման, ամենուր մաքրել-անցել է, սակայն Մուստաֆա Քեմալը, Ֆևզի Չաքմաքն ու Շյուքրյու Քայան նույն տեսակետին չէին։ Ինյոնյուն պաշտոնանկ է արվում, պաշտոնին նշանակվում է Ջելալ Բայարը։
Մուստաֆա Քեմալը նոյեմբերի 14-ի գիշերը եղել է Էլյազըղում, որտեղ մահապատիժներ են տեղի ունեցել։ Աթաթուրքի՝ այդ գիշեր Էլյազըղում լինելու և քաղաքից 26 կմ հեռավորության վրա եղած Գյոլջյուքում (Հազար լիճ) լուսացնելու մասին տեղեկացնում է Մեհմեթ Քայա-Էրգյունն Օզ Աքչորայի «Դերգի փարքում» հրատարակված հոդվածներում։ Այդ թեմայով ամենակարևոր աղբյուրը Մեհմեթ Թոփալի «Աթաթուրքն Էլյազըղում» գիրքն է ու ժամանակաշրջանի մամուլը։
Եղանակի պատճառով ռազմական գործողություններն ընդմիջվում են, սակայն չեն ավարտվում, և մեծ կոտորածը կատարվում է հաջորդ տարի, դա այն է, ինչ տեղի ունեցավ հավատարիմ համարված աշիրեթների հետ։ Դրա պատճառով է, որ այդ գործողությունը պատմության մեջ մտավ որպես «38»։ 1937թ․ մարտավարական առումով սահմանափակվեցին 6 աշիրեթներով, իսկ 1938 թ․ կոտորածով նպատակ էին դրել արմատախիլ անել նրանց։ Դրանք արդեն հայտնի փաստեր են։ Դրանց մասին շատ է գրվել ու պատմվել։ Սակայն մեկ անգամ էլ պետք է հիշել։ Ռաֆայել Լեմկինի կողմից սահմանված ցեղասպանությանը հատուկ բոլոր կետերն իրականացվել են 1938 թ․ կոտորածի ժամանակ և հետագայում ընդունված օրենքներով։
«Նպատակադրվել էինք ճնշել փոքր ապստամբությունը։ Գնացինք, թիրախն անմիջապես Դերսիմն էր։ Օդից և ցամաքից հարձակում տեղի ունեցավ»։ (3) «1938 թ․ հայդուկների պատսպարած քարե պատերով փակված քարանձավները շրջափակվել են մեր քաջ զինվորների կողմից և թնդանոթներով, գնդացիներով մեկ այլ դասակի կողմից քանդված ձուլվածքները նետելու միջոցով դրանք ավերվել և ներսում գտնվողները սպանվել են, իսկ իրենց դուրս նետածները՝ կրակոցով ոչնչացվել»։ (4) Գնդապետ Իբրահիմ Հուլուսի Յահյագիլը Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքին ասել է, որ իրենց հրաման են տվել «կենդանի որևէ բան չթողնել»։ «Ապաստանել էին քարանձավներում։ Բանակը թունավոր գազ օգտագործեց քարանձավների դռների միջից։ Նրանց առնետների նման թունավորել են։ Յոթից յոթանասուն տարեկան դերսիմցի քրդերին սրի քաշեցին»։ (5) «Այժմ, որպես թուրք միսիոներ, պետք է յուրացնես գիշերօթիկները, Աթաթուրքի ցանկությունն է դա։ Դա որևէ մեկին զգացնել տալը ժողովրդին կվիրավորի»։ (6) Վերջիվերջո փոքր երեխաներին որդեգրելու անվան տակ վերցնում էին, ավելի մեծ աղջիկները Սըդըքա Ավարի հրամանով Էլյազըղի օրիորդաց ինստիտուտ էին ուղարկվում՝ թուրքացվելու նպատակով։ Այդ բոլորին ավելանում է նաև մնացած մարդկանց սեփական հողերից վռնդվելը։
Եւ առերեսում
Ինչպես ասում են՝ ճշմարտությունը համառ է։ Մոռացվելու և մոռացնելու հանդեպ դիմադրողականություն ունի։ Կարող ուժերը գուցե որոշ ժամանակով փորձեն այն կոծկել և խավարի մեջ պահել, սակայն ինչ էլ անեն, մի օր ճշմարտությունը կսկսի բացահայտվել։ Տուժածին կարող են ստիպել լռել, լայն զանգվածներին կարող են հավատացնել իրենց հորինած ստերին։ Սակայն ինչ էլ անեն, օրը կգա, և ճշմարտությունը կբացահայտվի։ Ի վերջո Դերսիմի հարցում էլ է այդպես եղել։ Այսօր ճշմարտությունն ամբողջությամբ բացահայտվել է։
Դերսիմի նկատմամբ տարված քաղաքականությունն անխափան շարունակվել է Օսմանյան կայսրությունից մինչև Հանրապետության ժամանակաշրջան։ Հանրապետության ժամանակաշրջանում հարցն արմատապես լուծելու համար թուրքացման ծրագրի՝ Արևելքի բարեփոխման պլանով և Պարտադիր վերաբնակեցման մասին օրենքով որոշում է ընդունվել, սակայն գործի անցնելու համար 1937 թ․ նման նպաստավոր պայմաններ չեն եղել։
Կարևորը ճշմարտության հետ առերեսվելն է և կատարվածի համար պատճառ դարձած քաղաքականությունից հրաժարվելը։
2011 թ․ նոյեմբերի 23-ին ժամանակաշրջանի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը, անկեղծությունից հեռու լինելով հանդերձ, խոստովանություն է առ այն, թե տեղի է ունեցել Դեսիմի «38 թ․ Թերթելե»-ն։ Դա խոստովանություն էր պետութան բարձրագույն իշխանության կողմից։ «Դերսիմը մեր պատմության ամենացավալի, ամենաողբերգական իրադարձություններից մեկն է։ Դերսիմի դեպքերը լուսաբանվելու, ինչպես հարկն է՝ հետաքննվելու կարոտ աղետալի իրադարձություններ են։ Դերսիմում անհայտ թվով հազարավոր մարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել, ոմանք ստիպված են եղել արտագաղթել (…) Եթե պետության անունից անհրաժեշտ է ներողություն խնդրել, և նման փաստեր կան, ապա ես ներողություն կխնդրեմ և խնդրում եմ»,-ասել է Էրդողանը։ Սակայն Էրդողանի ելույթը չապահովեց ժխտողական և երկիրը միատարր դարձնելու քաղաքականությունից հրաժարում։ Այդ օրվանից հետո Դերսիմի դեպքերի հետ կապված մեկ դրական քայլ իսկ չի ձեռնարկվել, իսկ հասարակական կյանքը շատ ավելի ծանր պաշարման մեջ է առնվել։ 1896 թ․ Զեքի և Շաքիր փաշաների առաջարկած նաքշբանդիա թեքքեները այդպես էլ չեն ձևավորվել։ Սեպտեմբերի 12-ին նահանգապետ Քենան Գյուվենի՝ հազարավոր դերսիմցի երեխաների բռնի կերպով իմամներ դարձնող դպրոցներ ուղարկելու և մինչև անգամ գյուղերի տարածքը մզկիթներով լցնելու ծրագիրն իր նպատակին չի հասել։ Մնձուր քոլեջի նման համայնքային դպրոցների գործունեությունն էլ անարդյունք է մնացել։ Սակայն այսօր մշակութային քաղաքականությունը բազմաշերտ է դարձել։ Թարիքաթները ստանում են պետության ամեն տեսակ աջակցությունը և սպառնալիք են Դերսիմի հասարակության համար։ Համալսարանը առանց սահմանափակումների կատարում է հավատքը (նկատի ունի ալևիականությունը-Ակունքի խմբ․) վերացնելու գործառույթ։ Լեզվի վերացման ուղղությամբ քաղաքականությունը հասել է մահացու աստիճանի, այնուհետև ցանկանում են վերացնել հավատքը։ Մնացել է, որ Օջաք-Թալիփ-Փիր-Մյուրշիթ հարաբերության վրա հիմնված հավատքի պատմական հենքը հնագույն կապերից կտրեն, հյուծեն, ծեսերը սերդեսերունդ փոխանցելու ուղիները ընդհատեն։
Պետք է ցավով արձանագրել, որ անցյալից մինչ օրս խնդիր համարված Դերսիմի հնագույն հասարակական կառուցվածքի, ալևի-քըզըլբաշ դավանանքի դեմ ցուցաբերվող պատմական վրեժը լուծելու ռևանշը հաջողել են։
Հետևաբար պետությունը, քաղաքական շրջանակները և թուրք հասարակությունը շատ հեռու են Դերսիմի խնդրի հետ առերեսվելուց։ Թե վիճակն ինչքան անհույս է, երևաց մի քանի օր առաջ, Հայկական հարցի դեմ որդեգրված դիրքորոշմամբ։ Մեկ անգամ ևս տեսանք, որ բացի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից՝ մնացած բոլոր խմբերը ինչպես են համախմբվում ճշմարտության վրա փռված սև շղարշի տակ։ Խտրական արտահայտությունները, քենը, զայրույթն ու ատելությունը անհանգստացնող են։
Նման իրավիճակում անհրաժեշտ է, որ առերեսվես ինքդ քեզ հետ։ Դա պարտադիր է Դերսիմի հարցի տեսանկյունից, քանի որ հնամենի Դերսիմը դերսիմցիների շրջանում ևս հետզհետե պոկվում է հին արմատներից, հեռանում է իր մշակույթից, այս կարևոր փուլում վերածվում է քննարկման առարկայի։ Սակայն այդ քննարկումն էլ ինքնին խնդրահարույց է։ Ցավոք չկա մեկ ընդհանուր համաձայնություն Դերսիմի անվան, լեզվի, հոգևոր կյանքի և ծագմանը վերագրվող իմաստների և սահմանումների հարցում։ Առանց այդ բազմաբևեռ մասնատումը հաղթահարելու՝ դժվար է կլինի այդ ընթացքը կանգնեցնել։ Ուստի կարևոր է, որ Դերսիմի բոլոր կառույցները, անհատները ընդհանուր հայտարարի գան և միասնական դիրքորոշում որդեգրեն։
Աղբյուրներ՝
Umum Müfettişler Topaltı Tutanakları, Dipnot Yayınları
Faik Bulut, Dersim Raporları.
Sabiha Gökçen, Nokta, 28 Haziran 1987. Aktaran Faik bulut-Dersim Raporları
Faik Bulut, Dersim Raporları
İhsan Sabri Çağlayangil, Anılarım
Sıdıka Avar, Dağ Çiçeklerim
https://www.gazeteduvar.com.tr/dersimin-kara-gunu-4-mayis-haber-1521152
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net