կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-06 14:47
Հասարակություն

Առանց թրքացման և առանց Դերսիմի մասին գրվածը պաշտոնական Հանրապետությունն է

Առանց թրքացման և առանց Դերսիմի մասին գրվածը պաշտոնական Հանրապետությունն է

Ունեզրկվածները քրիստոնյա և հրեա միլլեթներից էին։ Նրանց ունեցվածքը բաշխվել կամ վաճառվել է թուրք-իսլամ բնակչությանը, կապիտալիստներին և պետական ​​կառույցներին։ Գույքի սեփականության իրավունքի վկայագիրը նույնպես անցել է նոր սեփականատերերին։

Նեւզաթ Օնարան

Երեկ՝ Աուշվից…

Այսօր՝ Գազա…

***

Հանրապետության 100-ամյակի առթիվ գրված հոդվածներում ամփոփվել են յուրաքանչյուր ոլորտի 100 տարին։ Մեզ համար կարևոր էր հասկանալ այսօրվա խնդիրները և ելքի դուռ բացել։ Կկենտրոնանամ Հանրապետության կառուցվածքային չհիշվող քաղաքականության, տնտեսության թրքացման վրա։ Այդ իսկ պատճառով կանդրադառնամ «ազատագրման և հիմնադրման» տարիներին՝ 1920-ականներին։

Ժամանակաշրջանի մեկ այլ քաղաքականություն էր աշխատուժի թրքացումը։ Մասնավոր հաստատությունները, ինչպիսին է Օսմանյան բանկը, Անկարայի հրահանգով մեկ առ մեկ մաքրվեցին (պաշտոնապես)  «ոչ մուսուլմաններից»:

Անհայտ չէ, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր ազգությամբ թուրք չեն, իսկ կրոնով՝ սուննի իսլամ։ Ինչո՞ւ/ինչպե՞ս են վերացվել քրիստոնյա հայ և հույն ազգերը Անատոլիայից: Սակայն դրանով չեն սահմանափակվել, թիրախ են դարձել նաեւ Թրակիան ու Ստամբուլը։ Ստամբուլն ի վերջո 99,9 տոկոսով իսլամին է մոտեցել։ Դեռ երեկ՝ 1955 թ․, Ստամբուլի բնակչության մեջ իսլամի բաժինը կազմում էր 88 տոկոս։ Ինչո՞ւ քրիստոնյա և հրեական բնակչությունը հալվեց-վերացավ:

Իհարկե, մաքրվեց ոչ միայն ժողովրդագրական կառուցվածքը։ Հիմնական թիրախը տնտեսական կառուցվածքն էր։ Այսինքն՝ դա ունեցվածքի փոխանցումն էր թուրք-իսլամ բնակչությանը։

Սակայն Հանրապետության ստացած տնտեսական ժառանգության, արտադրության միջոցների, մասնավոր կապիտալի կառուցվածքի, տնտեսական քաղաքականության, ինստիտուցիոնալացման և այլնի բացատրության մեջ անտեսվեց հիմնական թեման՝ թրքացումը։ Անտեսվել է ժողովրդագրական և տնտեսական կառուցվածքից քրիստոնյա հայ և հույն ազգերի (և Թրակիայի հրեաների՝ 1934 թ.) վերացումը։

Հիմնականում ժամանակ առ ժամանակ հիշվում են Ունեցվածքի հարկն ու սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները։

Տնտեսական վերլուծությունը, որն արվում է՝ անտեսելով փլուզումը, ինչպես գրականության մեջ է ասվում, թրքացումը, սովորական դիսկուրսում «տեղական և ազգային» է։ Հանրապետությունում գերիշխող (թյուրքիստական) տնտեսական/քաղաքական վերլուծության ենթադրությունն է՝ անտեսել թրքացումը (սեփականություն և տնտեսություն) և ջարդերը (օրինակ՝ 38-ի Դերսիմը)։ Վերլուծությունը, որը չի տեսնում, ըստ 1914 թ․ օսմանյան մարդահամարի, 2,5-3 միլիոն հայերի և հույների կյանքի և ունեցվածքի ոչնչացումը 1914-1923 թթ․ ընթացքում, իրականում գովաբանություն է թուրք-սուննի իսլամական ինքնիշխանությանը:

Զանգվածային ունեզրկումն ու յուրացումը թուրքացման երկու գործոններն էին։ Սա ոչ միայն 1920-ականների, այլեւ Հանրապետության հիմնարար քաղաքականությունն էր։ Վերջին հարվածը հասցվել է Ստամբուլում. դեռ շարունակվում է։ Այս պատճառով թուրքացումը 1915-2023 թթ․ թուրքական բնակչության ճարտարապետությունն էր։ Ովքե՞ր զանգվածաբար են ունեզրկել և յուրացրել։ Այս հարցի պատասխանը թուրքական ազգայնականության քաղաքական տնտեսությունն էր։

Թուրքիայի Հանրապետության մի քաղաքացու ունեցվածքը փոխանցվել է մյուսին։ Այսինքն՝ ունեցվածքը փլուզվել է, հետո մնացել է թակարդում՝ կամ նվիրաբերվել է, կամ ջրի գնով վաճառվել։ Չմոռացվեց թարմացնել հողային ռեգիստրը։ Գրանցման գործընթացը հեշտացնելու նպատակով նույնիսկ որոշվել է, որ որոշ «հողային ռեգիստրի գրառումներ կորցրել են իրենց իրավական արժեքը»․ 1929 թ․ հունիսի 2-ին ընդունվել է թիվ 1515 օրենքը՝ «Հողային ռեգիստրում իրենց իրավական արժեքը կորցրած գրանցումների լուծարման մասին»։ Օրենքի անվան վրա ուշադրություն դարձրեցի՞ք։

Որպեսզի կյանքն ու ունեցվածքը ապահով լինեն։

Սեփականության և, հետևաբար, տնտեսության թուրքացման քաղաքականությունը որոշվել և իրականացվել է օրենսդրությամբ, որոնցից մեկը (որքան որ ես գտա) պատրաստվել է 1915 թ․, իսկ 17-ը՝ 1920-ականներին։ Այսպիսով, պետությունը բռնագրավեց տասնյակ հազարավոր գույքեր։ Դրա համար ազգայնացումը 20-ականների քաղաքականությունն էր, ոչ թե 30-ականներին։

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՀԱՑԵԼ ԵՆ 13160 ԴԵՐՍԻՄՑԻ ԵՎ 122 ԶԻՆՎՈՐ

Թուրքացման նման քաղաքական ջարդերը նույնպես անտեսվեցին ու չհիշվեցին։ Կոտորածը ժողովրդագրական կառուցվածքի մաքրման քաղաքականություն էր։ Վերջին ժամանակներում ամենաքննարկվողը Հայոց ցեղասպանությունն է։

Հակիրճ կանդրադառնամ Դերսիմում Հանրապետության «թուրքական տիպի քաղաքակրթական» քաղաքականության իրականացմանը։

Ինչեր չեն ասվում, երբ ասում ենք «Դերսիմ»՝ «ըմբոստություն եղավ» և «զինծառայության չէին գնում, քանի որ գրանցված չէին» և այլն։

Սա ի՞նչ ապստամբություն է։ 1938-ի գործողությանը զոհ են գնացել 13 հազար 160 դերսիմցի և 122 զինվորական։

Այդպես է նաև ռազմական խնդիրը։ Բավական է ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայայի խոստովանությունը Դերսիմի գործողության ժամանակ. «Ես Ներքին գործերի նախարարն եմ, երկու երեխա ունեմ, ոչ մեկը գրանցված չէ [բնակչության մեջ]։ Մի օր խորհրդարանում խնդրեցի իմ ընկերներին, որ ում բոլոր երեխաները գրանցված են, ձեռք բարձրացնեն։ Ոչ ոք չբարձրացրեց»։

Դերսիմցին, ով իր երեխային չի գրանցել, մեղավոր է, իսկ օրենք կազմող պատգամավորները, այդ թվում՝ նախարարը, անմեղ են։ Ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է, չէ՞։ Ահա թե ինչ է կամայական իշխանությունը։

Հանրապետության մասին վերլուծությունների մեջ չհիշվեց 38-ի Դերսիմի ջարդերի օպերացիան, որի ժամանակ սպանվեցին ու տեղահանվեցին տասնյակ հազարավոր դերսիմցիներ, ինչպես և նրանց թուրքացումը։ Քոչգիրիի, Պոնտոսի ջարդերը Հանրապետության հռչակումից անմիջապես առաջ, իսկ հետո՝ Աղրըի և Սասունի ջարդերը…

Նախապատրաստական ​​աշխատանքներից ակնհայտ էր, որ Դերսիմում գործողությունը արյունոտ է լինելու։ 1934-ին սկսվեցին նախապատրաստական ​​աշխատանքները՝ բանակի թերությունները լրացնելու համար ռեսուրսներ ստեղծելու նպատակով։ Այդ նպատակով 1934 թ․ մայիսի 28-ին չորս օրենք ընդունվեց, և շատ ապրանքներից սկսեց գանձվել ազգային պաշտպանության հարկ: Թե որտեղ են ծախսվելու միջոցները, որոշվում է նաև գաղտնի օրենքով.  2002 թ․ միայն իմացանք, թե դա ինչ էր․ միայն 68 տարի անց տեղեկացանք (որքան գիտենք՝ առաջին անգամն է) 1934 թ․ մայիսի 3-ի 2425-ի (գաղտնի) օրենքի մասին:

Դերսիմը գործողության դաշտ էր 1936 թվից, երբ գեներալ-լեյտենանտ Աբդուլլահ Ալփդողանը նշանակվեց նահանգապետ-հրամանատար և տեսուչ։

1938 թ․ օպերացիան պաշտոնապես ծրագրվել է պատերազմի որոշմամբ. ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դերսիմցի 13160 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը ընդհանրապես հաշվի չի առնվել։ Զոհված զինծառայողների և աշխարհազորայինների ընդհանուր թիվը կազմել է 122, վիրավորներինը՝ 251։ Միայն 1919-1923 թթ․ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ զոհվել են 9167 սպա և զինվոր։ Բացի այդ, տեղահանվել է 15-20 հազար դերսիմցի։

ԹՈՒՐՔԱՑՄԱՆ ԳԱՂՏՆԱԲԱՌԸ՝ ԼՔՅԱԼ ԳՈՒՅՔԵՐ

Գոյություն ունեին երկու ժամանակավոր օրենքներ, որոնք իթթիհադական կառավարությունը ուժի մեջ մտցրեց 1915 թ․՝ մաքրելու ժողովրդագրական և տնտեսական կառուցվածքը նրանցից, ովքեր «ազգությամբ թուրք չէին և կրոնով՝ սուննի իսլամ»: Առաջինը 1915 թ․ մայիսի 27-ով թվագրված «Արտաքսման մասին» օրենքն էր, իսկ մյուսը 1915 թ․ սեպտեմբերի 26-ի «Լուծարման մասին» օրենքը: Սրանք հիմնարար օրենքներ էին թուրքացման քաղաքականության առումով։ Անատոլիայի ժողովրդագրական կառուցվածքը մաքրվել է «Տեղահանության մասին» օրենքով, իսկ տնտեսական կառուցվածքը՝ «Լուծարման մասին» օրենքով:

1920-ականներին հայերը գրեթե ամբողջությամբ, իսկ հույները մասամբ մաքրվել էին Անատոլիայից: Անհավասարությունը վերացվեց 1920-1923 թթ․, և հույները ևս ամբողջությամբ մաքրվեցին։ Այդ նպատակով 1923 թ․ հունվարի 30-ի Թուրքիա-Հունաստան փոխանակման համաձայնագրի համաձայն՝ ուղարկվել է ընդամենը 112 հազար հույն, մինչդեռ Հունաստանի ընդհանուր փախստականները կազմել են 1,2 մլն.։

«Լուծարման մասին» օրենքի համաձայն՝ իրենց տներից քշվածների մնացած գույքը սահմանվել է որպես լքյալ գույք: Դրանք իբր «չպահանջված» գույք էին։ Չակերտների մեջ՝ «անտեր էին»: Փաստացի ոչ մի գույք անտեր չէր. թե՛ գույքի սեփականատերերը էին հետապնդվել և բռնի ուժով տեղահանվել, թե՛ գույք-սեփականատեր հարաբերություններն ամբողջությամբ չէին խզվել (օրենսդրությամբ): Ահմեթ Ռըզան՝ մեջլիսի վերին պալատից, 1915 թ․ դեկտեմբերի 13-ին այս ճշմարտությունը բարձրաձայնեց՝ որպես բարեխիղճ ձայն։ «Լուծարման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը պատերազմի ավարտին հետաձգելու խնդրանքով միջնորդության քննարկման ժամանակ Ահմեդ Ռըզան ուշադրություն է հրավիրել սեփականության և սեփականատիրոջ հարաբերությունների վրա։

«Եթե ես համաձայն չեմ վաճառելու իմ ունեցվածքը, ոչ ոք չի կարող ինձ ստիպել վաճառել այն։ Սահմանադրության 21-րդ հոդվածը խոչընդոտում է այդ։ Եթե ​​այս երկրում կա Սահմանադրական իրավունք և սահմանադրականություն, նման բան չի կարող լինել, սա ճնշում է։ Ձեռքս բռնիր, գյուղիցս դուրս գցիր, հետո իմ ապրանքն ու ունեցվածքը վաճառիր՝ նման բան երբեք թույլատրելի չէ։ Ո՛չ օսմանցիների խիղճը, ո՛չ օրենքը դա չի ընդունում»։

Սեփականության թուրքացումը փոխանցվել և սեփականության իրավունքի համակարգը որոշվել և ներդրվել է 1920-ական թվերին։

Իթթիհադականների «Լուծարման» օրենքը, որը վերացվել է 1920 թ․ հունվարի 12-ի հրամանագրով, կրկին ուժի մեջ է մտել ԹԱՄԺ 1922 թ․ սեպտեմբերի 14-ի որոշմամբ (թվով 284), Իզմիրի «օկուպացիայից ազատագրվելուց» հինգ օր անց։ Հետագայում «Լուծարման մասին» օրենքը վերանայվեց 1923 թ․ ապրիլի 15-ի թիվ 333 օրենքով և ուժի մեջ մնաց մինչև 1988 թ․ նոյեմբերի 8-ը։

1923 թ․ նորացվել է լքյալ գույքի սահմանումը։ 1915-ին լքված կալվածքները իրենց տներից վտարվածների սեփականությունն էին: 1923 թ․ ցանկացած գույք, որը սեփականատիրոջը չէր պատկանում, լքյալ գույք էր։ 1923 թ․ նման «բռնագրավմանը» նպաստող դրույթի շուրջ քննարկումների ժամանակ, երբ մտահոգություն արտահայտվեց, որ իսլամ ընդունողների ունեցվածքը կբռնագրավվի, երաշխիք տրվեց, որ «այդպես չի լինի»։

1914 թ․ օսմանյան մարդահամարի համաձայն, իսլամի մասնաբաժինը, որը այսօրվա թուրքական սահմաններում հասել է 80 տոկոսի, 1927 թ․ մարդահամարի ժամանակ գերազանցել է 97,2 տոկոսը։ Այսինքն՝ քրիստոնյա և հրեա բնակչության մասնաբաժինը, որը մոտ 20 տոկոս էր, նվազել է մինչև 2,8 տոկոս։ Մինչև 1923 թ․ ավելի քան 2,5 միլիոն քրիստոնյա հայեր և հույներ լուծարվել են ժողովրդագրական կառուցվածքից, իսկ նրանց մնացած ունեցվածքը, որը կոչվում է լքյալ գույք, բռնագրավվել է պետության անունից:

Ձեզ կհիշեցնեմ նաև արդյունաբերության մեջ սեփականության կառուցվածքը՝ որպես քրիստոնյա (և հրեա) ազգերի տնտեսական արդյունավետության ցուցիչ, որոնք ֆինանսավորում էին Օսմանյան կայսրությունը իրենց հարկերով, ինչպես ասել է մեծ վեզիր Ալի փաշան 1868 թվականին. «Նրանք են [ոչ իսլամները] տալիս պետական ​​եկամուտների երկու երրորդը»։

Համաձայն Իբրահիմ Փերթևի՝ 1915 թ․ Ստամբուլ, Իզմիր, Բուրսա և Բանդըրմա, Մանիսա, Ուշաք և Իզմիթ քաղաքներում արդյունաբերական մարդահամարի տվյալների կատարած հետազոտության՝ առանց Սիրիայի պատերազմական գոտում, 214 ընկերություններից 42-ը (19,6 տոկոսը) թուրք-իսլամական էին և 172-ը (80,4 տոկոս) պատկանում էին ոչ մուսուլմաններին, այսինքն՝ քրիստոնյաներին և հրեաներին: Իբրահիմ Փերթևը պնդում էր, որ 1918 թ․ մարտի դրությամբ նույն վայրերում անցկացվելիք մարդահամարում «իրավիճակը մեծ տարբերությամբ ձեռնտու կլիներ թուրքական տարրին», իսկ Զաֆեր Թոփրաքը նման գնահատական ​​տվեց՝ «Սակայն պատերազմի տարիներին բաշխումը մեծ մասամբ հօգուտ թուրք-իսլամական տարրի էր»։

Հասկանում ենք, որ բնակչության և արդյունաբերության տեսակարար կշիռը հակադարձ համեմատական ​​է եղել։ Այն դեպքում, երբ թուրք-իսլամների բաժինը բնակչության մեջ կազմում էր շուրջ 80 տոկոս, արդյունաբերության մեջ այն կազմում էր 20 տոկոս: Քրիստոնյաների և հրեաների բաժինը բնակչության մեջ կազմում էր 20 տոկոս, իսկ արդյունաբերության մեջ՝ 80 տոկոս։ Պնդվել է նաև, որ 1914-1918 թթ․ պատերազմական պայմաններում այս բաժանումը փոխվել է հօգուտ թուրք-իսլամների։

Այս պարագայում ինչպե՞ս կարելի է հանրապետության տնտեսական վերլուծության մեջ հաշվի չառնել այն քաղաքականությունը (և դրա շարունակությունը), որն ապահովել է ժողովրդագրական և տնտեսական կառուցվածքի փոփոխությունը հօգուտ թուրք-իսլամ ժողովրդի։

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏ-ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այդ տարիներին իսլամադավաններին, ներգաղթյալներին, կապիտալիստներին, պետական ​​պաշտոնյաներին, թուրքական օջախներին և պետական ​​այլ հաստատություններին ու հայտնի իթթիհադական ընտանիքների լքյալ գույքի տրամադրումը, բաշխումն ու վաճառքը, ինչպես նաև սեփականության իրավունքի նորացումը կատարվում էր համապատասխան օրենքների և հրահանգների։ 1915-1930 թթ․ ժամանակաշրջանի սեփականությունը և, հետևաբար, տնտեսությունը թուրքացնելու օրենսդրությունը, ներառյալ 1915 թ․ սեպտեմբերի 26-ի իթթիհադականների «լուծարման» օրենքը, հետևյալն է.

1․ Այլ վայրեր տեղափոխված անձանց գույքի (ապրանքների), պարտքերի և դեբիտորական պարտքերի՝ 1915 թ․ սեպտեմբերի 26-ի Ժամանակավոր լուծարման մասին օրենքի համաձայն (լրիվ անվանումը՝ Ժամանակավոր լուծարման մասին օրենք, 14 մայիսի 1331 թ․ (27 մայիս 1915) ) ուժի մեջ է մտել մեկ օր անց։ Ըստ այդմ՝ իրենց տներից վտարվածների ունեցվածքը բռնագրավվել է, և որոշվել է իրականացնել նշված ընթացակարգերը։ Գործողությունն իրականացնելու համար 42 լուծարային հանձնաժողովի ոչ մի փաստաթուղթ ի հայտ չի եկել։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև դրույթը, որ վտարվածների անունից կատարված առուվաճառք-դեբիտորական պարտքի գործարքից հետո մնացած ավելցուկը վերադարձվելու է, և դա մուտքագրվել է բյուջե՝ 1928 թվին։

2․ Երկու հրամանագրերով 1920 թ․ հոկտեմբերի 7-ին որոշվեց, որ Այդըն նահանգի և այլ բնակավայրերից փախած հույների և հայերի նկատմամբ քաղաքականությունը վարչական և քաղաքական պատճառներով չի հետաձգվի և պետք է իրականացվի, իսկ 1921 թ․ հունվարի 18-ին՝ նրանց շարժական և անշարժ գույքը կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը։

3. Կառավարությունը 1922 թ․ ապրիլի 20-ի թիվ 224 օրենքով վաճառել է լքված շարժական գույքը և տնօրինել անշարժ գույքը օկուպացիայից ազատագրված շրջաններում։

4․ 1915 թ․ սկսած լքված գույքերը վաճառվել են աճուրդով 1915 թ․ սեպտեմբերի 26-ի «Լուծարման» օրենքի 3-րդ հոդվածով, որը վերակազմավորվել է 1923 թ․ ապրիլի 15-ի թիվ 333 օրենքով։ Թիվ 333 օրենքը (հոդված 6), որը հնարավորություն է տալիս բռնագրավել առանց սեփականատիրոջ վերահսկողության գույքը, եղել է սեփականության թուրքացման համակարգի և երկրի ներսում սեփականության իրավունքի մասին հարցը լուծելու հիմնարար օրենքը։ Հրահանգները (29.4.1923 թ. 2455 համարով) ևս պարունակում են կարևոր դրույթներ։

5․ Լքված անշարժ գույքը բաշխվել և վաճառվել է նրանց, ում անշարժ գույքը ոչնչացվել է և գտնվում է կարիքի մեջ՝ 1924 թ․ մարտի 13-ի թիվ 441 և 1925 թ․ ապրիլի 15-ի թիվ 622 օրենքներով։

6. Թուրքիայի Հանրապետությունը չի վճարել այն հայ և հույն քաղաքացիների զինվորական և ազգային հարկերը, որոնց ունեցվածքն ու գույքը բռնագրավվել են առաջին բաժանման և թուրքական անկախության պատերազմի ժամանակ՝ 1924 թ․ ապրիլի 3-ի թիվ 459 օրենքով։ Այսպիսով, պաշտոնապես խտրականություն է դրվել Թուրքիայի քաղաքացիների միջև։

7․ Բնակչության փոխանակման պատճառով եկածներին անշարժ գույք է բաժանվել՝ 16.04.1924 թ․ թիվ 488 օրենքով։

8․ Որոշ լքված անշարժ գույք փոխանցվել է Հատուկ նահանգային վարչություններին՝ համաձայն 1925 թ․ ապրիլի 18-ի թիվ 627 օրենքի 23/V հոդվածի։

9․ Լքված անշարժ գույքը վաճառվել է թուրք կապիտալիստներին, առևտրա-արդյունաբերական պալատներին, ֆոնդային բորսաներին և քաղաքապետարաններին՝ 1926 թ․ փետրվարի 22-ի թիվ 748 օրենքով։

10․ Լքված անշարժ գույքը վաճառվել է 1915 թ․ գրանցված արժեքով 1926 թ․ մարտի 13-ի թիվ 781 օրենքով։ Սակայն Ստամբուլի սպառողական գները 1915-1926 թթ․ աճել են 12 անգամ։ Ասես թե նման գնաճային միջավայրում ոչ թե անվճար է տրվում, այլ վաճառվում է։

11․ Հայերից լքված գույքից (20 հազարական լիրա) տրվել են 12 իթթիհադականների (Թալաթ փաշա, Ջեմալ փաշա, Ջեմալ Ազմի փաշա, Բեհաեդդին Շաքիր, Ջեմալ փաշայի օգնական Սյուրեյա և համհարզ Նուսրեթ, Սաիթ Հալիմ փաշա, Մուշի նահանգապետ Սերվեթ, Ուրֆայի նահանգապետ Նուսրեթը, Բողազլըյան շրջանի կառավարիչ Քեմալ, դոկտոր Ռեշիդ, ով փախել և ինքնասպան է եղել դատավարության ընթացքում, Երզնկայից՝ Հաֆըզ Աբդուլլահը) յուրաքանչյուրի ընտանիքներին, ովքեր սպանվել և մահապատժի են ենթարկվել արտասահմանում ՝ 1926 թ․ մայիսի 31-ի թիվ 882 օրենքով։

Առանց ձեր համբերությունը չարաշահելու ձեզ կպատմեմ իմ հուշերից մեկը, երբ օրենքը հայտնի դարձավ: Ես պատմաբան կամ գիտնական չէի, այլ՝ տնտեսական թեմաներով գրող թղթակից: Օրենքը տեսանելի դարձնելը կարևոր քայլ էր ինձ համար: Հարգանքով եմ հիշում՝ իմ քայլը Հրանտ Դինքի հետ միասին եմ արել։ ԹԱՄԺ-ի արձանագրությունները չեն վերբեռնվել ԹԱՄԺ-ի կայք, ինչպես այսօր: Պատմաբան ուսուցչից ստացա ԹԱՄԺ-ի (1920-1928) և Օսմանյան խորհրդարանի (1908-1912) արձանագրությունների լուսապատճենները։ Էջերը մեկ առ մեկ թերթելիս կարդացի օրենքի քննարկումը 1926 թ․ մայիսի 30-ի և 31-ի արձանագրություններում։ Ես հանդիպել էի Հրանտ Դինքին և երբեմն հոդվածներ էի գրում «Ակօսի» համար։ Այդպես էլ արեցի՝ սեփականության իրավունքը որպես արյան գին փոխանցելու վերաբերյալ նամակս պատրաստեցի և ֆաքսով ուղարկեցի «Ակօս»-ի խմբագրություն։ Հրանտ Դինքի հետ իմ հանդիպման ժամանակ նա ասաց, որ նման հատուկ օրենքի մասին չգիտեին։ Հոդվածս տպագրվել է «Ակօս»-ում (27.5.2005 թ., էջ 2): Այսպիսով օրենքը հայտնի դարձավ։

12․ Լքյալ անշարժ գույքը վաճառվել կամ վարձակալվել է այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են Թյուրքական օջախները, Ուսուցիչների միությունը և Երեխաների պաշտպանության հաստատությունը՝ 1927 թ․ հունիսի 16-ի թիվ 1080 օրենքով։

13․ Փոխանակված հույներից մնացած գույքը տրվել է նաև փոխանակման ենթակա չեղածներին՝ 1928 թ․ մարտի 31-ի թիվ 1217 օրենքով։

14․ Լքյալ գույքի սեփականատիրոջը տրվելու համար ապրանքների հիմնադրամին հավատարմագրված գումարը, այսինքն՝ լքված գույքի ընթացիկ հաշվին եղած գումարը, 1928 թ․ դրությամբ փոխանցվել է Թուրքիայի բյուջե՝ թիվ 1 օրենքով։ 1928 թ․ մայիսի 24-ի 1349-ը և ֆինանսների նախարարության շրջաբերականով՝ 1928 թ․ փոխանցված գումարը կազմում էր 300 հազար լիրա։

15․ 1923-ից հետո, ԹԱՄԺ համապատասխան բյուջետային որոշմամբ, բացի Ստամբուլից, Իզմիրից և Անկարայից՝ այլ վայրերում գտնվող ազգային անշարժ գույքի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են լքյալ գույքի հաշվից։

16․ Լքված գույքից ձեռք բերված կամ օգտագործված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայագիրը փոխվել է զավթողի կամ գնորդի անվամբ՝ 24.5.1928 թ. թիվ 1331 օրենքով։

17․ Սեփականության իրավունքի վկայականը կորցրել է իր օրինական արժեքը, և 15 կամ 10 տարի իր անվամբ գրանցված անշարժ գույքն օգտագործած անձի անունով տրվել է նոր սեփականության վկայագիր՝ 2.6.1929 թ թիվ 1515 օրենքով։

18․ Անշարժ գույքը, որը կարող է գրանցված լինել կամ չլինել հողային ռեգիստրում, գրանցվել է օգտագործողի անվամբ Քաղաքացիական օրենսգրքի 638-639 հոդվածներով սահմանված ժամկետով:

Մինչև 1930 թ․ գործող այս օրենսդրությամբ ավարտվեց և համակարգվեց ոչ թուրք-սուննի-իսլամական տարրերի վերացումը տնտեսական կառուցվածքից, որը հիմնված էր 1915-ին իթթիհադականների քաղաքականության վրա։

Եվ մյուս տարիներն էլ զերծ չմնացին՝ Ունեցվածքի հարկը, սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները, 1964-ին Ստամբուլում հույների արտաքսումը, 70-ականներին քրիստոնեական և հրեական հիմնադրամի գույքի բռնագրավումը և այլն։

Օսմանյան և (հետագայում) Հանրապետության քաղաքացիները ունեզրկված քրիստոնյա և հրեա քաղաքացիներ էին։ Նրանց ունեցվածքը բաշխվել կամ վաճառվել է թուրք-իսլամ բնակչությանը, կապիտալիստներին և պետական ​​կառույցներին։ Գույքի սեփականության վկայականը ևս չի մոռացվել և արձանագրվել է նոր սեփականատերերի անունով։

Քրդերի ունեզրկման տարբերությանը պետք է առանձին անդրադառնալ ։

Լքյալ գույքի օրենսդրությամբ ունեզրկված և օտարվածները միլիոններ էին։

Միլիոնների ունեզրկումը և կոտորածի քաղաքականությունն անտեսելով՝ փաստորեն չեն անցնում սահմանված կարգի սահմանները։

https://www.gazeteduvar.com.tr/turklestirmesiz-ve-dersimsiz-yazilan-resmi-cumhuriyettir-haber-1643961

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net