կարևոր
664 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 15:02
Հասարակություն

«Այս հուշագրով մեսիջ ենք ուղում իշխանությանը, որ 2026-ից հետո իրենք չեն լինելու»․ Նաիրի Սարգսյան

«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։

Ստորագրումից հետո Նարեկ Մանուկյանն իր խոսքում նշեց. «Այս հուշագրի ստորագրումով ուզում ենք ցույց տալ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանում «ես»–երի մրցակցությունը փոխարինելու ենք «մենք»–ի գաղափարով։ Հայաստանում առաջնային խնդիրը հասարակության պառակտվածությունը է։ Այն խնդիրները, որոնք այսօր առկա են, առանց մենքի, առանց հասարակության համախմբման անհնար է լուծել, և այս հուշագիրը իրականում առաջին հերթին մեսիջ է, որով ցույց ենք տալիս, որ այստեղ ոչ թե «ես»–երի մրցակցություն է, այլ «մենք»–ի գաղափարն է գերակայում, այլապես մենք կարող ենք համագործակցել առանց հուշագրի ևս  և բազմաթիվ լավ գործեր անել։ Մի փոքր անդրադառնալով մեր ուժերի նմանությանը, ես ուզում եմ առանձնացնել, որ մենք յուրաքանչյուրս մարդիկ ենք, որոնք իրենց ոլորտում ճանապարհ են անցել և որոշակիորեն կայացել են։ Հայաստանը միմիայն այն մարդիկ կարող են տանել լավ ապագայի, որոնք իրենց ոլորտում կայացած են, այսինքն տեխնոկրատներ են։ Բայց այստեղ շատ կարևոր մի առանձնահատկություն կա. այդ տեխնոկրատիզմը պետք է անպայման համատեղվի մեր ազգայինի հետ։ Այսինքն մարդ, ով ընդունում է իր ազգայինը, խոսում է հայերեն, քրիստոնյա է, ընդունում է մեր պատմությունը, մեր մշակույթը և առաջնահերթ համարում է։ Մեզ առաջին հերթին համախմբել է այս բոլոր գաղափարների միասնությունը»։

Իր հերթին Նաիրի Սարգսյանն ասաց. «Այս հուշագրով նաև մեսիջ ենք տալիս գործող իշխանությանը, որ նրանք 2026 թվականից հետո, իհարկե, Աստված մի արասցե մինչև 2026-ը մնան, բայց 2026 թվականից հետո նրանք չեն լինելու։ Մենք ունենք պլանավորում, որը իրագործում ենք, մեկնարկել ենք մոտավորապես մեկ տարի առաջ, բայց ժամանակ առ ժամանակ սրում ենք ու գնալով շատ ավելի ենք սրում։ Իշխանության թերացումները և այլընտրանքը պարբերաբար հանրության ներկայացնելով։ Օրինակ, իշխանության արածի արդյունքի բացասական հետևանքները և դրա տեխնոկրատ լուծման դրական արդյունքը ներկայացնելով։ Հասարակությունը, բնականաբար, դա տեսնելով և գիտակցելով, տրամադրվում է իշխանության հեռացման գործընթացին։ Այլ հարց է մենք ինչպես հասարակության տրամադրությունները կարող ենք զարգացնել՝ ընտրություններին մասնակցելու միջոցով. միայն դա տեղի ունենա, թե՞ այդ թվում փողոցային պայքարի միջոցով տեղի ունենա։ Երկու սցենարներ մեր տեսադաշտում կա»։