Փոխարժեքներ
24 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման նպատակով։
Մեկնաբանելով Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տևական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը և բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների շրջանակում»։
Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադեոն։ Նրանց ուղերձում նշվում է. «Մենք կոչ ենք անում Ձեզ ներգրավել հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բռնագաղթված հայերի համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց բնօրրան։ Այս քայլը համահունչ է միջազգային իրավունքին և նպաստում է տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հաստատմանը»։
Նամակում փաստագրվում են 2023թ․ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման և ռազմական հարձակման հետևանքները, որոնց արդյունքում «բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120000 քրիստոնյա հայ բնակչությունը»։ Հավելվում է նաև, որ հարձակմանը հաջորդել է Ադրբեջանը «համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները» և «թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն և հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը»։
Նամակում հիշեցվում է՝ «պատերազմի հետևանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Նշվում է նաև 2023թ․ Միջազգային Արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և ապահով վերադարձը։
Կոնգրեսականները հատուկ կոչ են անում ԱՄՆ վարչակազմին՝ աջակցել Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված խաղաղության նախաձեռնությանը, որը նպատակ ունի «ստեղծել միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու հայերի անվտանգ, պաշտպանված և միջազգային երաշխիքներով վերադարձը»։
Շվեյցարական այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվեց հուլիսի 10-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացած հատուկ լսումների ժամանակ, որին մասնակցում էին Կոնգրեսի ավելի քան 200 աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքական վերլուծաբաններ։ Միջոցառմանը ելույթ էին ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռայմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ քննարկումը վարել էր Հայ դատի հանձնախմբի քաղաքական հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկահայ ակտիվիստները և համախոհները՝ Հայ դատի հանձնախմբի ազգային, տարածաշրջանային և տեղական հարթակների միջոցով, Կոնգրեսի անդամներին ուղարկել են ավելի քան 40․000 էլ․ նամակ և կատարել բազմաթիվ հեռախոսազանգեր՝ կոչ անելով ստորագրել այս նամակը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի երիտասարդական կրթական ծրագրերի մասնակիցներն այցելել են ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակներ և ներկայացրել հայկական շահերի տեսանկյունից կարևոր քաղաքական առաջնահերթություններ։
Նամակում օրենսդիրները վերահաստատում են նաև ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ'Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների և անվտանգության երաշխավորմամբ»։
Կոնգրեսականների ուղերձը եզրափակվում է հետևյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը և պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր և արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
23 հուլիս, 2025թ․