կարևոր
26224 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-01 16:30
Տարածաշրջան

Թուրքիան հայաստանյան համույթին թույլ չի տվել մասնակցել Դերսիմի մշակութային փառատոնին

Թուրքիան հայաստանյան համույթին թույլ չի տվել մասնակցել Դերսիմի մշակութային փառատոնին

Թուրքիայի տեղական իշխանությունները «հարմար չեն գտել», որ հայաստանյան «Վերադարձ» էթնիկ երգի և պարի համույթը մասնակցի Դերսիմում ամեն տարի կազմակերպվող Մնձուրի բնության և մշակույթի 21-րդ փառատոնին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Այս տարվա օգոստոսի 3-ից 6-ը անցկացվելիք փառատոնին նախատեսվում էր նաև Հայաստանից «Վերադարձ» համույթի մասնակցությունը։ Սակայն Դերսիմի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում հրապարակել է Մնձուրի փառատոնը կազմակերպող հանձնաժողովի որոշումը, համաձայն որի՝ հարմար չի համարվել «Յորում»,
«Իսյան Աթեշի» և «Վերադարձ» երաժշտական խմբերի մասնակցությունը։

Դերսիմի քաղաքապետարանը նաև հաղորդել է, որ չնայած այդ որոշմանը՝ փառատոնը տեղի է ունենալու նույն ոգևորությամբ, և որ թեև վերոնշյալ 3 համույթները չեն մասնակցելու, սակայն փառատոնի ծրագրում այլ փոփոխություններ կամ չեղարկումներ չեն նախատեսվում։

Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, որ Հայաստանից հայկական համույթներ են մասնակցում Դերսիմում 20 տարուց ավել գրեթե ամեն տարի կազմակերպվող Մնձուրի բնության ու մշակույթի փառատոնին։ Մինչ այդ, սույն փառատոնին առանց որևէ խոչընդոտի մասնակցել են մի շարք հայկական համույթներ, ինչպես օրինակ՝ «Ակունքը», «Կարինը», «Մարաթուկը» և այլն։

https://www.tigrishaber.com/munzur-festivalinde-uc-grup-festivale-uygun-gorulmedi-89334h.htm

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net