կարևոր
1789 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 14:12
Քաղաքական

Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից․ Գարիկ Քեռյան

Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ստեղծված խաղաղության պայմանագրի նախագիծն առ այսօր ոչ նախաստորագրված է, ոչ էլ ստորագրված: Ճիշտ է նրա 17 հոդվածները պաշտոնապես դեռ հանրայնացված և գաղտնազերծված չեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզ համար դրական և բացասական կողմերով, բայց սա դեռ մի կողմ: Եթե հիշում եք բոլոր կենտրոներից շնորհավորանքների տարափ տեղաց և մեծ ոգևորությամբ բարձրաձայնվեց խաղաղության հաղթանակը:

Այստեղ ծնվում է առաջին հարցը, ով՞ խաբեց գերտերություններին: Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի՝ իսկ հետո խոսել նախապայմանների մասին: Այստեղ կարելի ենթադրել, որ նախապայմանները Բաքվից առաջադրվել են հետո, կամ էլ հայկական կողմն է բանավոր խոստումներ տվել և այնուհետև հրաժարվել:

Ի դեպ ներկա ներհայաստանյան քաղաքական բանավեճի և քննարկումների ընթացքը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում:

Պաշտոնապես չի հստակեցվում, թե իրականում որոնք են այդ նախապայմանները, դրանց լրիվ ցանկը պետք է գաղտնազերծվի, թե՞ ոչ: Ադրբեջանական դիվանագիտությունը շեշտադրում է երկուսը՝ սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Բայց հետևելով ներկա գործընթացին կարելի համոզվել, որ դրանք երկրորդական նշանակություն ունեն և թիվ մեկ խնդիրը Զանգեզուրով արտատարածքային միջանցքն է: Ստացվում է, որ առաջնային նախապայմանը սա է, իսկ առաջին երկուսը նախապայմանի նախապայմանն են:

Հետաքրքիր զարգացումներ ընթացան միջանցքի վերահսկողության ամերիկյան առաջարկների շուրջ: Ինձ համար լեզվաբանական գյուտ էր «արտապատվիրակում» եզրույթը: Հայաստանում սկսվեցին դրա շուրջ հերթական քննարկումները: Միջանցքին դեմ արևմտամետներն ուղղակի երջանիկ էին ամերիկյան առաջարկներով: Բայց այստեղ ևս ծնվեց հերթական անակընկալը, Թրամփը ասաց, որ հրաշքով լուծել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, իր միկրոբլոգում տեղադրեց Ալիևի իրեն ուղղված գովասանական ելույթը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ միջանցքում ոչ մի վերահսկողություն ընդունելի չէ և բացառված է:

Սկսվում է հերթական ընկճախտը, ով ի՞նչ է ուզում և ով ո՞ւմ բարեկամն է հավերժական հարցադրումներով: Եթե Ալիևը գովում Թրամփին, ինչու է՞ ջախջախում ամերիկյան առաջարկները: Ռուսական ազդեցության գործոնը պետք է բացառել, ելնելով Մոսկվա-Բաքու ներկա հարաբերությունների մակարդակից: Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից»։