Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը հայց է ներկայացրել թուրք ազգյանամոլ պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ. հայտնում է birgun.net կայքը։
Փայլանն ապրիլի 24-ին գրել էր․ «106 տարի անց էլ Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան պողոտաներով ենք քայլում, Թալեաթ փաշայի անվան դպրոցներ են այցելում մեր երեխաները։ Եթե Գերմանիայում էլ այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաներ սովորեին, մենք կապրեինք այնպիսի Գերմանիայում, ինչպիսին այսօր Թուրքիան է»։
Դրան ի պատասխան՝ թուրք Օզդաղը Փայլանին անվանել էր «անդաստիարակ, սադրիչ մարդ»։ «Եթե գոհ չես, կորիր գրողի ծոցը։ Թալեաթ փաշան ոչ թե հայերին, այլ մեջքից խփողներին է քշել։ Կգա ժամանակը, որ դու էլ Թալեաթ փաշայի փորձը կզգաս ու պետք է զգաս»,– գրել էր նա, որից հետո արժանացել էր անգամ իր համաքաղաքացիների քննադատությանը (թեև ազգայնամոլ գործչին պաշտպանողներն ավելի շատ էին)։
Փայլանը Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն մեղադրանք է ներկայացրել «հանցանք գործելուն դրդելու», «ժողովրդին թշնամության և ատելության դրդելու» և «վիրավորանքի ու սպառնալիքի» համար՝ մեղադրելով «ռասիստ Օզդաղին հասարակության տարբեր շերտերին թիրախավորելու և ատելության խոսքեր ուղղելու մեջ»։
«Ստամբուլի պատգամավոր Օզդաղը թվիթերյան գրառման մեջ իմ անձին և հայ ժողովրդին ուղղված ատելության խոսքեր է հղել և բացահայտ մահվան սպառնալիքներ հնչեցրել։ Չպետք է լռել նման ատելության կոչի դեպքում, դա չպետք է անպատիժ մնա։ Ոչ մի գերմանացի պատգամավոր հրեա պատգամավորի չի ասում, որ «կգա ժամանակը, որ դուք էլ Հիտլերի փորձը կապրեք ու պետք է ապրեք»,– նշել է Փայլանն իր մեղադրականում։
Հիշեցնենք, որ Փայլանի ապրիլքսանչորսյան թվիթից հետո IYI կուսակցության ազգայնամոլ պատգամավոր Օզդաղի հետ «թվիթերյան մենամարտ» է տեղի ունեցել»։