Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքերի կողմից հակահայկական դրսևորումների պատճառով դարձյալ դիմել է դատարան:
Ըստ Haberler-ի՝ Փայլանը բողոքի հայց է ներկայացրել 200 հոգու դեմ, ովքեր հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց են անցկացրել՝ վանկարկելով` «Ամենալավ հայը մեռած հայն է»:
Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում իր բողոքը ներկայացրած հայ պատգամավորն ասել է. «200 հոգանոց այդ խումբը, որի կազմում, ենթադրում եմ, ազգայնամոլների կուսակցության երիտթևի անդամներ էին, հավաքվել էին Գյումուշսույու թաղամասում՝ որոշման դեմ բողոքելու: Նրանք «Ամենալավ հայը մեռած հայն է» գրություններով երթ են անցկացրել: Այս պաստառները ատելության բացահայտ դրսևորում են: Այս հանցանքի և սպառնալիքի դեմ բողոքի հայց եմ ներկայացրել»:
Փայլանը բողոքի հայցին կցել է նաև դրանք ապացուցող տեսանյութեր:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա իր դժգոհությունը հայտնելու համար մամուլի հատուկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել: Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել:
Գործով դատական գործընթացն ավարտվել է մայիսի 24-ին: Դատարանը որոշել է Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում: