կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 14:32
Մշակույթ

Հայկական ճարտարապետության մարգարիտը. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Հայկական ճարտարապետության մարգարիտը. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

9-14-րդ դարերում հայկական միջնադարյան արվեստը հասնում է զարգացման բարձրակետին[1]: Շարունակելով ոսկեդարյան հարուստ ավանդույթները` մեծ վերելք են ապրում ճարտարապետությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կիրառական արվեստը, գեղարվեստական գրականությունը: Միաժամանակ, արվեստի որոշ բնագավառներում,  մասնավորապես՝ ճարտարապետության, մանրանկարչության,  ձևավորվում են դպրոցներ[2], որոնք իրենց ընդհանուր հատկանիշներով և ազգային ավանդներին  բնորոշ էական, խորքային կողմերով, առանձնանում են ոճական և ստեղծագործական յուրատիպությամբ:

Հայ ազգային ինքնատիպությունը, գաղափարաբովանդակային հարուստ ներաշխարհը, գեղարվեստական բարձրարժեք ավանդույթները առավելագույն կերպով դրսևորվել են ճարտարապետության մեջ: Նմանօրինակ հրաշալիքներից է Վասպուրականի ճարտարապետական դպրոցի գոհարներից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը կառուցվել է 915-921 թվականներին, Վասպուրականի թագավոր Գագիկ I Արծրունու մեկենասությամբ (հովանավորությամբ)՝ ժամանակի նշանավոր ճարտարապետ Մանուելի մտահղացմամբ:

Աղթամար կղզու քաղաքաշինական և ճարտարապետական համալիրի մեկ այլ նշանավոր հուշարձան է հանդիսանում Արքայական պալատը (10-րդ դար, կառուցվել է նույն Մանուելի կողմից, Գագիկ I Արծրունու հրահանգով), որը, սակայն, չի պահպանվել, բայց կա շինարարությանն ականատես պատմիչի արժեքավոր և բավականաչափ ճշգրիտ նկարագրությունը.

«…Թագավորը հրամայեց նրանցից մեկին՝ ճարտարապետ, իմաստուն և հանճարեղ մարդուն (Մանուելին) կառուցելու քառանկյունի պալատ, որի լայնության և երկարության չափը քառասուն կանգուն էր, նույնքան է և բարձրությունը:

Սրա որմերի լայնությունն ուներ մեծաքայլ չափ տարածություն: Որմերը անապակ կրի և քարի զանգված էին, որ իրար էին խառնված, ինչպես կապարի և պղնձի համաձուլվածք: Պալատի շինվածքը, հիմքից մինչև օդի մեջ կախված նրա գագաթը, մնում էր հաստատուն՝ առանց սյունների, ինչն արդարև մտքից վեր է ու զարմանքի արժանի:

Պալատն ուներ նաև կամարակապ խորաններ, անկյունները և գեղապաճույճ ոլորապատերը, որոնց ոչ միտքը կարող է թվարկել և ոչ էլ աչքերը՝ զննել: Այն ուներ նաև երկնքի պես բարձր, ոսկեզարդ և լուսաճաճանչ գմբեթներ, որոնց, եթե մեկը կամենար նայել, թագավորին իբրև պատիվ անելով, նախ պետք է հաներ գլխից խույրը և ապա, տանջելով պարանոցը, հազիվ կարողանար նշմարել զանազան ներկերով նկարված պատկերները»[3]:

Հետաքրքրական է, հատկապես, Արքայական պալատի ծածկի հույժ կարևոր հարցը: Համաձայն Հովսեփ Օրբելու և Նիկոլայ Տոկարսկու վերակառուցման, այդ հսկայական շենքը ունեցել է թաղակապ ծածկ՝ երկու զույգ խաչաձևվող կամարների վրա: Այսպիսով, դա նոր և հանդուգն մի ճարտարապետական կոնստրուկցիայի առաջին օրինակն էր, որը հետագայում տարածվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,- նշում է ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը[4]:

Արքայական պալատի որմնանկարներում պատկերված են եղել խնջույքի, երգ-երաժշտության, պարի, սուսերամարտի, ըմբշամարտի և այլ աշխարհիկ տեսարաններ:

Աղթամարի շինարարական, ճարտարապետական համալիրի կարևոր մասն են կազմել քաղաքային փողոցները, հրապարակները, վայելչագեղ այգիները, նավահանգիստը, խաչքարերը և այլն:

Այս բոլոր նկարագրությունները վկայում են միջնադարյան Հայաստանում քաղաքակրթական, մշակութային, բարոյաարժեքային, բարձր զարգացվածության մասին:

Իր ինքնատիպ ճարտարապետական հորինվածքով, հարթաքանդակներով և որմնանկարներով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եզակի կառույց է ինչպես հայկական, այնպես էլ՝ համաշխարհային ճարտարապտության պատմության մեջ. Աղթամարը հոյակապ է, որքան ինձ հայտնի է, դա եզակի նմուշ է համաշխարհային ճարտարապետության մեջ,- նշում է հայագետ Հենրի Լինչը[5]:

Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով Աղթամարի տաճարը կրկնում է Վասպուրականի թագավորների տոհմական կալվածքում գտնվող Զորադիր Սուրբ Էջմիածին եկեղեցին (6-րդ դար):

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ունի խաչաձև կենտրոնագմբեթ կառուցվածք, քառախորան է՝ աբսիդների միջև երեք քառորդ խորշերով, բեմի կողքին՝ ավանդատներով: Ընդգծված և իրեն բնորոշ բազմաթիվ մասնատված ճակատային հարթությունների առկայությունը՝ համադրված անկյունային ելուստների հետ՝ ստեղծում են լուսաստվերային բարդ էֆեկտներ՝ ընդգծելով տաճարի հորինվածքային առանձնահատկությունները:

Տաճարի հարավային աբսիդում, մուտքից վերև, գմբեթարդից ցած, տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով: Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ բազրիքով և արտաքուստ հարդարված ճոխ քանդակներով[6]:

Տաճարի ինտերիերը առինքնող է «գծանկարի վարպետությամբ ու գույների ներդաշնակությամբ իրականացված որմնանկարներով»[7]:

Աղթամարի որմնանկարների ուսումնասիրության գործում մեծ դեր ու նշանակություն է ունեցել մեծանուն գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանը (1960-ական թվականներին), ըստ նրա՝ տաճարի արտաքին ճակատների հարթաքանդակներն ու ներսի որմնանկարները կատարվել են միաժամանակ: Ոճական ընդհանրությունն առկա է դեմքերի մշակումներում (ֆիզիոգնոմիա), ճակատային պատկերման մեջ, գահի զարդանախշերում:

Որմնանկարը ներկայանում է քրիստոնեական-խորհրդապաշտական թեմաներով: Պատմությունների ժամանակագրական հերթագայությամբ (հարավային աբսիդից մինչև արևմտյան և հյուսիսային պատերի երկարությամբ) ներկայացված են Ավետում, Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը, Ծնունդ, ընծայումն տաճարին, Հովսեփի երազը, Փախուստ դեպի Եգիպտոս, Մկրտություն, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը և այլ տերունական-տոնական թեմաներ:

Աղթամարի որմնանկարներում առնձնահատուկ է հատկապես «Քրիստոսի օծման» տեսարանը, որում պատկերված է նաև  Գագիկ I Արծրունին՝ իբրև իրադարձության մասնակից:

Ուշագրավ է հատկապես թմբուկի վրա գտնվող որմնանկարը, որոնցում ներկայացված է Ծննդոց ցիկլը (Ադամի և Եվայի արարչաստեղծումից մինչև դրախտից վտարումը): Արվեստաբաններ Հրավարդ Հակոբյանը և Վիգեն Ղազարյանը փաստում են. «Աղթամարի Ծննդոց ցիկլը պատկանում է այնպիսի մի խմբագրության, որը չի հանդիպում ժամանակաշրջանի քրիստոնեական արվեստի ուրիշ հուշարձաններում՝ բացառությամբ, թերևս Վենետիկի Ս. Մարկոս եկեղեցու գավիթի խճանկարների, որոնք 13-րդ դարից են»[8], այնուհետև, ընդգծելով մյուս որմնանկարների բավական ինքնատիպ լինելու հանգամանքը, ավելացնում՝ «Դրանք իրենց ամբողջականությամբ և յուրատիպ առանձնահատկությունների շնորհիվ օգնում են նույնիսկ լուսաբանելու 12-13-րդ դարերի եվրոպական եկեղեցական արվեստի որոշ կողմեր»[9]:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին անգերազանցելի մնաց իր հարթաքանդակներով: Ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը իրավացիորեն նկատում է. «Աղթամարի տաճարը, ի հայտ է բերում տարածական ու պլաստիկ ձևերի աննախընթաց հարստություն: Տաճարի բոլոր պատերին տեղ գտած բազմաթիվ և բազմաբովանդակ բարձրաքանդակները սկզբունքորեն նոր երևույթ են հայկական ճարտարապետական արվեստում»[10]:

Եկեղեցու պատերը դրսից շրջառվում են առանձին գոտիներով, որոնք տեղադրված են որմերի տարբեր բարձրությունների վրա՝ ներքևից մինչև թմբուկի քիվը:

Գոտու սյուժեները բազմազան են. Քրիստոնեության հիմնական գաղափարների փառաբանումը, արաբական տիրապետության դեմ հայ ազգի մղած ազատագրական պայքարը, Արծրունյաց տոհմի քաջագործությունները, ինչպես նաև աշխարհիկ կյանքը, աշխատանքը գովերգող և բազմաթիվ այլ թեմաներ:

Հարավային և հյուսիսային ճակատների արևմտյան հատվածներում տեղադրված են «Դանիելը առյուծների գբում», «Հովհան մարգարեին ծով նետելը և փրկությունը», տեսարանները: Արևելյան խաչաթևի հարավային մասում նշմարվում են նժույգավոր Սուրբ զինվորների՝ Թեոդորոսի, Սարգիսի և Գևորգի պատկերները:

Հետաքրքրական է Արևելյան գոտու ճակատային մասում Վասպուրականում քրիստոնեությունը տարածելու դրվագները: Նկատելի են նաև Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների պատկերները:

Հարավային ճակատում արաբների դեմ մղված ազատագրական պայքարում նահատակված, սրբադասված Արծրունյաց տան քաջերի՝ Համազասպի և Սահակի հարթաքանդակներն են:

Ակնառու են նաև ավետարանական թեմաները՝ Քրիստոսը գահին բազմած, Տիրամայրը մանկան հետ, առաքյալները:

Աղթամարի տաճարում առանձնահատուկ է արևմտյան ճակատում տեղադրված կտիտորական հարթաքանդակը. Պատկերված է Քրիստոսը, Գագիկ I Արծրունին Փրկչին մատուցում է տաճարի մանրակերտը. «Աղթամարում քանդակագործն արել է ամեն ինչ՝ շեշտելու Գագիկ արքայի հզորությունը: Միշտ չէ, որ այդպես ընդգծվում է թագավորի էությունը՝ կարծես Աստծուն հավասար: Նույնիսկ բյուզանդական աշխարհակալ կայսրերն Աստծո առջև ներկայանում են խոնարհ դիրքով ու կեցվածքով, առավել ևս՝ փոքր չափերով: Հիշենք Կոստանդին և Հուստինիանոս կայսրերին՝ Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարում (10-րդ դար), Կայսր Լևոն 4-րդին, նույն տաճարում, Թեոդոր Մետոխիտին՝ Կ. Պոլսի Կահրիե Ջամի եկեղեցում (1303 թվական) և այլն: Աղթամարում միանգամայն այլ է»[11]:

Տպավորիչ է խաղողի որթագալարի գոտին, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքը գովերգող բազմաթիվ տեսարաններ:

Պատմաճանաչողական մեծ արժեք են ներկայացնում տոհմանշանների, զինանշանների  քանդակապատկերների գոտին, ինչպես նաև խնջույքի (պատկերված է որթագալարի արևմտյան ճակատի կենտրոնում) և թատերական տեսարանները:

Քանդակագործական արվեստի այս կատարյալ դրսևորումը հոգևորի  և աշխարհիկի միաձուլման յուրատիպ նմուշ է համարվում:

Տաճարը հարուստ է նաև կենդանական քանդակներով, զարդանախշերով, որոնք իրենց մեջ պարունակում են նաև առասպելադիցաբանական որոշ շերտեր: Առանձնահատուկ է հարավային ճակատում պատկերված գրիֆոնի հարթաքանդակը, որթագալարից վեր՝ ճակտոնապատերի ու թմբուկի քիվերի երկայնքով ձգվող կենդանիների վազքի գոտին:

Աղթամարի տաճարի քանդակազարդումները արված են յուրատիպ եղանակով (փորվածքի մի եզրը ներս է գնում ուղիղ անկյան տակ, մյուսը՝ շեղությամբ)[12]: Օրվա տարբեր ժամերին, պայմանավորված արևի լույսի փոփոխությունից, փոխվում են նաև ստվերները՝ շարժման կենդանի տպավորություն հաղորդելով հարթաքանդակին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին իր նշանակությամբ դուրս է գալիս ազգային մշակույթի սահմաններից:  Այն երեք արվեստների՝ ճարտարապետության, քանդակագործության և նկարչության ամենափայլուն օրինակն է[13]:

[1] Հայոց Պետականության ամրապնդմամբ Բագրատունյաց թագավորությունում (885-1045), Կիլիկյան հայկական պետությունում (1080-1375), 10-րդ դարում առաջացած մի քանի վասալ թագավորություններում՝ Վասպուրականում (Արծրունիների թագավորություն, 908-1021), Վանանդում (Կարսի թագավորություն, 963-1065), Սյունիքում (987-1170), Տաշիր Ձորագետում (Լոռու Կյուրիկյան թագավորություն, 982-1113) բարենպաստ պայմաններ ստեղծվեցին ոչ միայն քաղաքական, տնտեսական կյանքի աննախընթաց վերելքի, այլ նաև, դրանց զուգահեռ, հայ մշակույթի զարգացման համար:

[2] Արցախի, Անիի, Գլաձորի, Կիլիկիայի, Նախիջևանի, Սյունիքի, Վասպուրականի, Տաթևի:

[3] Թովմա  Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Երևան, Սովետական գրող, 1978, էջ 297-298:

[4] Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ», 2009, էջ 93:

[5] Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (189318941898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» երկհատոր աշխատությունը  https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B6%D6%80%D5%AB_%D4%BC%D5%AB%D5%B6%D5%B9

[6]  Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1,  Երևան, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1974, էջ 254:

[7]  Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, բուհական ձեռնարկ, Երևան, «Լույս»  պետական հրատարակչություն, 1992, էջ 223:

[8] Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ», 2009, էջ 160:

[9] Նույն տեղում, էջ 160-161:

[10] Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, բուհական ձեռնարկ, Երևան, «Լույս»  պետական հրատարակչություն, 1992, էջ 222-223:

[11] Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Երևան, «Զանգակ», 2009, էջ 120:

[12] Նույն տեղում, էջ 121:

[13] Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետություն, գիրք-ալբոմ, Երևան, Տիգրան Մեծ, 2011, էջ 14:

Akunq.net

Մարի Աբրահամյան

Արվեստաբան