Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Վաքըֆների ընդհանուր տնօրեն Բուրհան Էրսոյը հայտարարել է, որ Վաքըֆների ընդհանուր տնօրինությունը 12 եկեղեցի է վերականգնել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Հաբերթյուրք» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին ներկա է գտնվել նաև Վաքըֆների ընդհանուր տնօրեն Բուրհան Էրսոյը, ով «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, թե Սուրբ Խաչը սկսել է վերանորոգվել 2005 թվականին։
Թուրք պաշտոնյան, խեղաթյուրելով պատմական փաստերը, նաև ասել է, թե Սուրբ Խաչն իբրև թե կրում է ոչ միայն հայկական, այլ նաև բյուզանդական, սասանյան, աբբասյան և թուրք մահմեդական ճարտարապետության հետքերը։
Էրսոյը նաև շեշտել է թուրքական պետութան «բարեհաճությունը քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ»՝ մասնավորապես նշելով․
«Կարևոր է, որ այս եկեղեցու վերանորոգումն ավարտվել է, և որ տարեկան մեկ անգամ պատարագ է մատուցվում այստեղ։ Պետությունն էլ դա թույլ է տալիս։ Մենք էլ, որպես գերատեսչություն, աջակցություն ենք ցուցաբերում։ Վաքըֆների ընդհանուր տնօրինությունը 12 եկեղեցի է վերականգնել։ Մենք նրբանկատություն ենք ցուցաբերում եկեղեցիների վերանորոգման և կրոնական հավատքների հանդեպ։
Ինչպես հայտնի է, Վաքըֆների ընդհանուր տնօրինությունը 161 հիմնադրամ է ղեկավարում։ Այդ համայնքային վաքըֆների վերահսկողությունը մենք ենք իրականացնում։ Հիմնադրամների կողմից գրանցված սինագոգները, եկեղեցիները և հրեական աղոթատեղիները բաց են հավատացյալների առջև։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետության պետության ներկայացուցիչներ, ցուցաբերում ենք անհրաժեշտ նրբանկատությունը։ Կրոնական ազատությունը կարևոր է մեզ համար»։
Թուրք պաշտոնյան վերջում հայտնել է, թե տարեկան 270 հազար մարդ է այցելում Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին։
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին վերանորոգվելուց հետո «բարեհաճ» Թուրքիայի պետական մարմինների կողմից վերածվել է թանգարանի։ Իրականում Թուրքիայի իշխանություններն հազվադեպ են վերականգնում փոքրամասնությունների աղոթավայրերը, իսկ եկեղեցիների մեծ մասն էլ վերանորոգվելուց հետո վերածվում է թանգարանի կամ մշակութային կենտրոնի և օգտագործում միայն զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net