կարևոր
4312 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-06 14:54
Հասարակություն

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակները. Հին և Նոր Կտակարանների պատկերային արտահայտումը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակները. Հին և Նոր Կտակարանների պատկերային արտահայտումը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է կենտրոնագմբեթ և քառաթերթ երեքնուկի խաչի հատակագծով։ Հայկական արվեստում և ճարտարապետության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում քարի մշակումն ու հարթաքանդակները։

 

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐՅՈԴՈՒԱԾՆԵՐՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակները. Հին և Նոր Կտակարանների պատկերային արտահայտումը

2023/10/06

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է կենտրոնագմբեթ և քառաթերթ երեքնուկի խաչի հատակագծով։ Հայկական արվեստում և ճարտարապետության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում քարի մշակումն ու հարթաքանդակները։

Աբդուլլահ Դեվեջի

Թեև այնքան էլ հայտնի չէ՝ Վանա լիճը Անատոլիայի աներևակայելիորեն գեղեցիկ երկրաբանական կազմավորումներից մեկն է: Մոտ երկու հարյուր հազար տարի առաջ հրաբխային Նեմրութ լեռան լավան լցվեց Բիթլիսի հովիտը և ամբարտակներ առաջացրեց Վանի և Մուշի փոսի միջև, որի արդյունքում ձևավորվեց Վանա լիճը: Ծովերի պես Վանա լճի ջրի մակարդակն էլ է բարձրանում ու իջնում։ Այս առանձնահատկության շնորհիվ այն անցյալից մինչ այժմ գրանցում է կլիմայի փոփոխությունները: Այս ամենը Նեմրութ հրաբխի հետ միասին Վանա լճին մեր երկրի կարևոր գեոպարկային տարածք լինելու հնարավորություն է տալիս: Վանի տարածքը միշտ էլ կարևոր է եղել քաղաքակրթության պատմության տեսանկյունից։ Այս տարածաշրջանում հայկական ճարտարապետության և արվեստի ցայտուն հետքեր կան։ Հայկական ճարտարապետության և արվեստի օրինակներ, որոնք մտել են մարդկության մշակութային ժառանգության մեջ, կարելի է գտնել Վանա լճի բոլոր չորս կղզիներում՝ Գառան մատուռը Քուզու (Արտեր) կղզում, Լիմ վանքը Ադըր կղզում (Լիմ), Կտուց եկեղեցին՝ Չարփանակ (Կտուց) կղզում և Աղթամար եկեղեցին՝ Աղթամար կղզում։ Արևելյան եկեղեցիների շարքում առանձնահատուկ նշանակություն ունի Աղթամար կղզու հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին։ 451 թ․ Քաղկեդոնի տիեզերական ժողովից հետո արևմտյան եկեղեցիներից տարբերվող ուղի անցած Հայ եկեղեցու հիերարխիայի բարձրագույն հոգևոր անձնավորությունը կաթողիկոսն է։ Կաթողիկոսությունն ու պապականությունը նույն նշանակությունն ունեն։ Աղթամարը Սսի և Էջմիածնի կաթողիկոսությունների հետ միասին դառնում է երեք կենտրոններից մեկը։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին որպես կենտրոն շարունակեց գոյություն ունենալ մինչև 1895 թ.։ Սուրբ Խաչ եկեղեցին, որը Վասպուրականի արքա Խաչիկ Ա Գագիկ Արծրունու ճարտարապետ և վանական Մանուելը կառուցել է որպես պալատական ​​համալիրի եկեղեցի, կառուցվել է 915-921 թթ․։ Շենքի համալիրում տեղ գտած պալատի և նավահանգստի ոչ մի մնացորդ չի հասել մեր օրեր: Եկեղեցուց բացի՝ երկու մատուռ, երկու ժամատուն, զանգակատունը, վանականների սենյակները և գերեզմանոցը պահպանվել են մինչև մեր օրերը, որը վերածվել է տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինություններով վանքի։

Եկեղեցին կառուցվել է կենտրոնագմբեթով և քառաթերթ երեքնուկով խաչի (tetraconchos) հատակագծով։ Հայկական արվեստում և ճարտարապետության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում քարագործությունը և հատկապես հարթաքանդակները։ Գյոնուլ Օնեյն ասում է, որ հարթաքանդակները գերազանցում են ճարտարապետությանը և շատ տպավորիչ են։ Այս հարթաքանդակները շրջապատում են շենքի բոլոր ճակատները չորս հորիզոնական գոտիներով։ Կան նաև անկանոն տեղակայված այլ հարթաքանդակներ։ Այս հարթաքանդակներում պատկերված են Հին Կտակարանի և Նոր Կտակարանի (Ավետարան) տեսարաններ։ Բացի կրոնական տեսարաններից, կարելի է տեսնել կենդանիների պատկերներ, երկրաչափական և ծաղկային օրնամենտներ։ Ճարտարապետական ​​պատմության համատեքստում եկեղեցու և նրա զարդարանքների նկարագրությունը շատ լայն ուսումնասիրության առարկա են։ Այստեղ կքննարկենք մեր նշած հարթաքանդակներից Հովնան մարգարեի տեսարանը՝ այն համեմատելով այլ նմուշների հետ։

ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հովնան մարգարեի հարթաքանդակները, որոնք գտնվում են եկեղեցու արևմտյան խաչաձև թևի հարավային ճակատին, եկեղեցու պատին փորագրված Հին Կտակարանի պատմությունների տարբերակներ են: Հին Կտակարանի Հովնանի գլխում նկարագրված է Նինվե քաղաքը, Հովնան մարգարեի գործերն ու նրա հետ տեղի ունեցածը: Հովնանին Աստված հանձնարարում է նախազգուշացնել Նինվեի բնակիչներին: Սակայն Հովնան մարգարեն չի ցանկանում գնալ Նինվե և նավ է նստում հին նավահանգստային Յաֆֆա քաղաքից, որն այժմ Թել Ավիվի մի մասն է, Տարսուս գնալու համար: Աստված մեծ փոթորիկ է բարձրացնում ծովում: Նավաստիները նախ դեն են նետում ծանր իրերը, չի օգնում։ Հետո վիճակահանություն են անում՝ պարզելու, թե ով է այս աղետի պատճառը։ Վիճակը ընկնում է Հովնանին: Նրան նետում են ծովը, և փոթորիկը անցնում է։ Աստծո հրամանով մեծ ձուկը կուլ տվեց Հովնանին, և Հովնանը երեք օր մնաց ձկան փորում։ Հովնանն աղոթեց Աստծուն։ Նրա աղոթքների շնորհիվ ձուկը փսխում և Հովնանին ցամաք է նետում: Հովնանը գնում է Նինվե և զգուշացնում բնակիչներին, որ եթե չար ճանապարհից դուրս չգան՝ քառասուն օր անց կկործանվեն։ Նինվեի թագավորը և նրա ժողովուրդը ետ են դառնում չար ճանապարհից՝ աղոթելով առ Աստված: Աստված ներում է Նինվեին: Սակայն Հովնանի ուժը հաղթահարվեց Նինվեի ժողովրդի ներողամտությամբ, ովքեր իսրայելացիների թշնամիներն էին։ Նա աղոթում է Աստծուն իր մահվան համար: Սպասելով, թե ինչ կլինի ճաղի վրա՝ Աստված սկզբում մխիթարում է Հովնանին՝ դդումը ծաղկեցնելով, իսկ հետո չորացնում է բույսը և հյուծում արևի տակ: Հովնանը տխրում է բույսի չորացումից և ուզում է նորից մեռնել։ Եվ Աստված նրան ասում է. «Խղճացիր որթատունկին, որի համար չաշխատեցիր և չաճեցրիր, այն դդմիկը, որը մի գիշերում աճեց և մեկ գիշերում անհետացավ. Չպե՞տք է խղճամ Նինվեին, այդ մեծ քաղաքին»։

Վերոհիշյալ պատմությունը ճշտորեն ներկայացվում է հարթաքանդակներում: Հարթաքանդակների դասավորությունը զարգանում է վերևից ներքև և ձախից աջ, ինչպես կինո-ժապավենը։ Վերին մեդալիոնները, որոնց ինքնությունն անհայտ է, պատկերված է Հովհան մարգարեն կանգնած և մի ձեռքով նախազգուշական դիրք է բռնում, ոտքերը խաչած նստած և ինչ-որ բան է պատմում Նինվեի թագավորին: Ի դեպ, մատնանշենք, որ ոտքը խաչած նստելն արևելքում իշխանությունը ցույց տվող տեսարան է։ Ձախ կողմի հարթաքանդակում ներկայացված է պատմության ամենակարևոր մասը, որտեղ առագաստանավով երեք արական կերպարներ Հովնան մարգարեին ծովն են նետում են, իսկ մեծ ձուկը ծովում կուլ է տալիս Հովնան մարգարեին: Նրա կողքի կերպարը հենց ձուկն է, որը կուլ է տվել Հովնան մարգարեին: Ամենաաջ ժապավենի վերջին տեսարանում արական կերպարը պետք է լինի Հովնան մարգարեն, որ սպասում է Նինվե քաղաքի պատիժը դիտելուն՝ հանգստանալով դդմի տերևների տակ, որը արևի տակ թառամում է այն բանից հետո, երբ Աստծո կողմից ուղարկված գայլը ուտում է դդումը։

Կան նաև այլ օրինակներ. 1678 թ․ Ստամբուլում ավարտված հայկական սաղմոսագրքի մի պատկերի մեջ երևում է, թե ինչպես է Հովնանը ծովը նետվում, և ձուկը կուլ է տալիս նրան: Այս նկարի մեջ ակնհայտ է նաև կրոնական տեքստը պատկերային պատմվածքի վերածելու՝ աղբյուրին հավատարմությունը:

ԻՐԱՆԱԿԱՆ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐ. ՀՈՎՀԱՆ ՄԱՐԳԱՐԵՆ ՂՈՒՐԱՆՈՒՄ

Հովնան մարգարեի պատմությունը Ղուրանում ևս ներառված է՝ Հին Կտակարանից որոշ էական տարբերություններով: Ղուրանում թվարկված 25 մարգարեներից մեկը նա է։ Հովնան մարգարեի մասին նկարագրություններ կան «Աթ-Թավբա», «Սաֆֆաթ», «Անբիա», «Անամ» և նրա անվան տասներորդ «Յունուս» սուրահներում: Ղուրանում Հովնան մարգարեն կոչվում է Զին-նուն, որը նշանակում է ձկան տեր: Ըստ հավատալիքների՝ Հովնան մարգարեն ձուկ պատրաստողների, ձկնորսների և սուզորդների հովանավորն է:

Ի տարբերություն Հին Կտակարանի՝ Ղուրանում Հովնանի ժողովուրդը պաշտում է կուռքերի: Չնայած ջանքերին՝ նրա ժողովուրդը չի գնում ճշմարտության ուղով։ Հովնան մարգարեն չդիմացավ և բարձրացավ սարը: Նա վերադառնում է Ալլահի նախազգուշացումով և իր ժողովրդին կանչում դեպի ճշմարտության ուղին: Կրկին՝ ապարդյուն։ Երբ նա հասկացավ, որ Ալլահից պատիժ է լինելու՝ հեռացավ քաղաքից: Մութ ամպերը ծածկում են քաղաքը։ Այս անգամ ժողովուրդը գալիս է ճիշտ ուղուն ու սկսում փնտրել Հովնան մարգարեին, սակայն չի կարողանում գտնել նրան։ Գաբրիել Հրեշտակը գալիս է Հովնանի մոտ և ասում, որ գնա իր ժողովրդի մոտ: Սակայն Հովնանը իր ժողովրդի վրա զայրացած՝ նստում է նավ ու հեռանում։ Երբ նավը սկսում է ճոճվել, մեղավորին փնտրելով, վիճակ են հանում։ Վիճակն ընկնում է Հովնանին: Սակայն նավաստիները չեն ցանկանում սուրբ մարդուն ծովը նետել։ Վիճակահանությունը կրկնվում է և ամեն անգամ ընկնում է Հովնանին։ Հովնանն ինքն է իրեն ծովը նետում։ Մի ձուկ կուլ է տալիս Հովնանին։ Հովնանը, որ երկար է մնում ձկան փորում, դուրս է ելնում Նինվեի ափ։ Հովնանը ուժասպառ հանգստանում է մի բույսի տակ։ Աստված պատվիրում է նրան վերադառնալ իր ժողովրդի մոտ: Այսպիսով Հովնանը վերադառնում է իր ժողովրդի մոտ։

Հովնան մարգարեի՝ ձկան բերանից դուրս գալու տեսարանները այդ թեմայով իսլամական պատկերագրության ամենակարևոր տեսարաններն են: Այդ իսկ պատճառով այս տեսարանը մշտապես կրկնվում էր կրոնական թեմաներով տարբեր մանրանկարչական ձեռագրերում։ Ահմեդ I-ի շրջանում 1610 թ․ թվագրվող մի ֆալնամեի մանրանկար ձեռագրումը Հովնան մարգարեն Գաբրիելի օգնությամբ դուրս է գալիս ձկան բերանից։

Գաբրիել հրեշտակապետի օգնության թեմայով մանրանկարը տարբերում է Աղթամարի հարթաքանդակից։ Ըստ Հին Կտակարանի, Աստծո հրամանով ձուկը փսխեց Հովնանին ցամաքի վրա։ Ղուրանում Հովնան մարգարեին հանում են ձկան փորից և «տեսնելով, որ նա կմնա ամայի ափին իր հյուծված վիճակում՝ վերևում դդում ​տնկեցին (ստվեր ապահովելու համար)»:

Իրանում մոտ 1400 թ․ ստեղծված «Ջամի էլ-Թավարիխ» կոչվող ձեռագրում պատկերված է մի տեսարան, որտեղ երևում է, թե ինչպես է Հովնան մարգարեն Գաբրիել հրեշտակի օգնությամբ դուրս գալիս ձկան որովայնից։ Հովնան մարգարեի մասին այլ մանրանկարներ կան նաև Օսմանյան Կայսրության և Իրանի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված կրոնական ձեռագրերում։ Այս ձեռագրերում մանրանկարչությունը վիզուալ պատկեր է, որը բացատրում է տեքստը: Ահա թե ինչու այս պատկերները կարդալը միշտ կապված է տեքստի հետ։ Դարձյալ քրիստոնեական աշխարհում Հովնան մարգարեի պատմությունը լայնորեն պատկերված է ինչպես ձեռագրերի մանրանկարչության, այնպես էլ հարթաքանդակներում կամ կտավներում: Այս նկարներում միշտ պահպանվում է աղբյուրը, որպեսզի սուրբ տեքստերը լավ հասկանալի լինեն։

https://www.gazeteduvar.com.tr/akhtamar-kutsal-hac-kilisesi-kabartmalari-eski-ve-yeni-ahitin-gorsel-anlatimi-haber-1639331

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net