Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նեղվում են, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում նախատեսվող պատարագից նյութական շահույթ չեն ունենալու։ Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարվա Խաչվերացի տաղավարին նախատեսվող պատարագը դռնփակ է մատուցվելու, և մեծ թվով հավատացյալներ ու զբոսաշրջիկներ նախկինի նման չեն այցելելու Վան։
Akunq.net-ի փոխանցմամբ, թուրքական «Շեհրիվան» պարբերականում թեմային անդրադարձած Մերալ Յըլդըզը և Օրհան Սաղլամը գրում են, թե Վանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հետ զրույցում շեշտել են, թե նպատակահարմար կլիներ, թեկուզ որոշակի սահմանափակումներով, այնուամենայնիվ բացել սահմանները և թույլ տալ, որ զբոսաշրջիկները, գոնե պատարագին մասնակցելու համար, Վան այցելեին։
Թուրք հեղինակները նաև հիշեցնում են, որ այս տարի Աղթամարում արդեն 8-րդ անգամ պատարագ կմատուցվի, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա պատարագին, համավարակի պատճառով, սահմանափակ թվով մարդիկ կմասնակցեն։ Նրանք նաև հայտնում են, որ ամբողջ աշխարհի զբոսաշրջային ոլորտի վրա բացասական ազդեցություն թողած համաճարակն ազդել է նաև Վան նահանգի վրա, և պատարագն այս տարի որևէ նյութական շահույթ չի ապահովի տեղի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին։
«Այանիս» տուրիստական ընկերության նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը «Շեհրիվան» պարբերականի թղթակիցների հետ զրույցում նշել է, որ ամեն տարի իրենք մեծ հույսեր են կապել Սուրբ խաչ եկեղեցում մատուցվող պատարագի միջոցով զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովելու հետ, սակայն այս տարի պատարագին մասնակցությունը խիստ սակավաթիվ կլինի։
Թունչդեմիրը նաև հիշեցրել է, որ նախկինում պատարագի օրերին զբոսաշրջիկները անգամ հարկադրված էին լինում գիշերել շրջակա գավառների հյուրանոցներում, քանի որ Վան նահանգի Գևաշ գավառի (հայկական Ոստան գավառը-Ակունքի խմբ․) հյուրատներում այլևս հնարավոր չէր լինում տեղ գտնել։
«Շեհրիվան» պարբերականի թղթակիցները զրուցել են նաև Վանի հյուրանոցատերերի միության ղեկավար խորհրդի անդամ Սաբահաթին Դուրանի հետ, ով հայտնել է, թե նախկին պատարագներին մասնակցելու համար Վան էին գալիս ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի և Իրաքի հայերը, իսկ հիմա սահմանները փակ են։ Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա պատարագին շուրջ 1000 հայ էր Վան այցելել։
Թուրք թղթակիցների հետ զրույցներում թուրք պաշտոնյաները նաև չեն թաքցնում, որ 2010 թ․ ի վեր թուրքական իշխանությունների թույլտվությամբ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի մատուցվող պատարագի հիմնական նպատակը Վանում զբոսաշրջության զարգացումն ու նյութական շահույթն էին։
http://www.sehrivangazetesi.com/guncel/vandaki-ermeni-ayini-de-bu-yil-sessiz-gececek-h70562.html
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net