Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի միջազգային սփյուռքի կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաևը և իր հայատյացությամբ հայտնի` Թուրքիայում գործունեություն ծավալող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը, այցելելով Աղթամար կղզի, պատմությունը կեղծող հերթական հայտարարություններն են արել:
Երկու կազմակերպությունների պատվիրակությունները ադրբեջանական դրոշներով այցելել են Սբ Խաչ եկեղեցի, և Աղաևն ու Գյուլբեյը համատեղ հայտարարել են, թե իբր Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին պատկանում է քրիստոնյա թյուրքերին, և շուտով այդ ուղղությամբ հետազոտական աշխատանքներ են իրականացնելու:
«Հայերը, որտեղ խաչ են տեսնում, այդ հողերն ու եկեղեցիները հայկական են համարում: Աղթամար կղզում գտնվող եկեղեցին հայերին չի պատկանում, այլ քրիստոնյա թյուրքերին, սա քրիստոնյա թյուրքերի հուշարձան է: Սրանից մի քանի տարի առաջ հայերը օրը ցերեկով թաքուն եկել են և եկեղեցու վրա հայկական տառեր գրել ու, մարդկանց հիմարացնելով, ցույց են տալիս, որ սա իրենց է պատկանում: Բայց թող բոլորն իմանան, որ սա քրիստոնյա թյուրքերին է պատկանում: Մենք` որպես աշխարհի ադրբեջանցիներ, որպես սփյուռք, միջոցներ ենք պատրաստվում ձեռնարկել հայերի դեմ»,- հայտարարել է Աղաևը:
Գյոքսելն էլ Վանը հայկական մայրաքաղաք ներկայացնելն է կեղծ համարել: «Հայերը Վանը հայտարարել են մայրաքաղաք: Կարծես թե այս տարածաշրջանում ո'չ թուրք, ո'չ քուրդ, ո'չ էլ ադրբեջանցիների չեն ապրել: Կարծես այստեղ միշտ հայեր են ապրել, իսկ մենք էլ հայերի թափթփուկներն ենք: Նրանց միակ նպատակը ծովից ծով ստեղծելն է: Սակայն մենք հզոր ենք: Ցանկացած պահին Ղարաբաղը կազատագրենք»,- հոխորտացել է նա:
Պատմակեղծարարները նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայում սկսել են եկեղեցու` թյուրքերին պատկանելուն ուղղված ուսումնասիրությունները և մոտ ժամանակներս կոնֆերանս են անցկացնելու ու «քրիստոնյա թյուրքերին» այստեղ են բերելու` պատարագ մատուցելու: