կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 20:00
Քաղաքական

Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով

Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով

20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Վարդան Ազատյանին (անունը փոխված է հետապնդումներից խուսափելու նկատառումով-Ա․Բ․) Սոցիալական ապահովության ծառայության X մարզի տարածքային բաժնի պետի պաշտոնից ազատել են և առաջարկել ամենացածր՝ ավագ մասնագետի պաշտոնը, ու նա, ստիպված, հրաժարվել է։

Բաժնի պետին նույնիսկ հարկ չեն համարել կանչել նախարարություն․ Yerkir.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրեն պարզապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից Մալբրի համակարգով գրել են, որ առաջարկում են լինել ավագ մասնագետ, ինքն էլ հրաժարվել է։ Այսքանը։

Պարզվում է, Վարդան Ազատյանի մեղքն այն է, որ ազնիվ մարդ է և չի կարող ընտրություններին մարդ բերել Փաշինյանի թիմի օգտին քվեարկելու համար․ մեր հարցին՝ կարո՞ղ էր առաջիկա ընտրություններում իր ստորադասներին հրահանգել՝ ընտրելու Փաշինյանի թիմին, պատասխանեց․ «Ես ոչ մի կուսակցության մեջ չեմ։ Ես կյանքում, այսքան տարի աշխատել եմ, տենց բան չի եղել, որ հրահանգեմ, ասեմ՝ կգնաք այսինչին կընտրեք։ Ամեն մարդ իր ընտրությունն ունի՝ ո՞նց կարաս մարդուն ստիպես, ասես՝ գնա սրան ընտրի կամ մյուսին ընտրի»։

Փաշինյանի կառավարությունը կադրային ջարդ է սկսել Միասնական սոցիալական ծառայության հատկապես մարզային կառույցներում։ Վերակազմավորման անվան տակ Ծառայության տարածքային կենտրոնների պետերին և ազդեցիկ աշխատակիցներին ապօրինի ազատում են աշխատանքից՝ նրանց փոխարինելով յուրայիններով։

Yerkir.am-ը խոսել է բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր այս ապօրինության զոհն են դարձել․ շատերին պարզապես ասել են՝ ազատում ենք, որովհետև «հին» եք։

«Այսինքն, մինչև 2018 թ-ը ընդունվածները հին են իրենց համար, նրանց համար կապ չունի, թե դու մասնագետ ես, թե մասնագետ չես»,-ասաց մեկ այլ մարզի տարածքային բաժնի պետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն է վերցրել փաշինյանական քիմքին հաճո վերաձևումների «մկրատը»։

«Ժամակոչյանը իրեն չվերապահված լիազորություններով օրենքից դուրս հարցազրույցներ է վարում, անհասկանալի ֆորմատներով՝ մարդկանց հրավիրում է իր մոտ, CV-ներ է ուզում, երբ Միասնական սոցիալական ծառայության կանոնադրության մեջ հստակ գրված է, որ կադրային հարցը լուծում է գլխավոր քարտուղարը, որը ենթարկվում է անմիջապես Ծառայության ղեկավարին։ Բայց դրանից դուրս ինչ-որ փոխնախարար կանչում է, հարցազրույցներ է անցկացնում ու ընտրում է այնպիսի մարդկանց, ովքեր չունեն աշխատելու համապատասխան ունակություն։ Այսինքն, եթե իրենց պետք է Միասնական սոցիալական ծառայություն, մարդ առնվազն պետք է վունդերկինդ լինի, որ այդ 4 ծառայությունից գլուխ հանի՝ այդ նոր եկող, անփորձ մարդը»,-ասաց մեր զրուցակիցը։

Բանն այն է, որ, ինչպես ԿԳՄՍՆ-ի դեպքում հսկայական ոլորտներ միավորեցին մեկ գերկառույցում, այնպես էլ այստեղ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները, չգիտես ինչու, այս ամսվա սկզբից միավորել են մեկ կառույցում՝ Միասնական սոցիալական ծառայությունում։

Սա ենթադրում է, որ ամեն մարզի տարածքային 4 տարբեր մարմինները միավորվում են մեկ պետի ենթակայությամբ։ Գրեթե բոլոր պետերին, սակայն, նախարարությունից առաջարկել են քաղծառայության ամենացածր պաշտոններից որևէ մեկը․ սա, մոտավորապես, նույնն է, եթե գեներալին առաջարկես այսուհետ ծառայել իբրև զինվոր կամ ջոկատի հրամանատար, նա, բնականաբար, կհրաժարվի, և տեղը կբերես քո անփորձ, բայց հավատարիմ մարդուն։ Ընտրություններում, իհարկե, այդ մարդը կծառայի իշխանությանը, բայց ինչի կվերածի սոցիալական ծառայության կարևոր աշխատանքը, բոլորս գիտենք թեկուզ այլ հաստատությունների օրինակով։

Ողբերգականն այն է, որ քաղծառայողին այսպիսի կամայականություններից պաշտպանում էր Քաղծառայության մասին օրենքը, բայց Փաշինյանի թիմը, իշխանության գալուն պես, փոխել է այն և կետեր մտցրել, որոնք օրենսդրորեն իրեն իրավունք են վերապահում կառույցի վերակազմավորման ժամանակ բարձր պաշտոն ունեցողին առաջարկել «համազոր կամ ավելի ցածր պաշտոններ», իսկ եթե չհամաձայնի՝ ուղարկել կադրային ռեզերվ։ Այնտեղ նա մնում է ընդամենը մի քանի ամիս ու նրա մասին մոռանում են։

Բացի օրենքը փոխելուց, կոնկրետ Միասնական սոցիալական ծառայությունում կամայականություններ անելու համար, ՀՀ փաշինյանական կառավարությունը 2021 թ-ին նաև որոշում է ընդունել, որը թույլ է տալիս Միասնական սոցիալական ծառայություն ստեղծելու ճանապարհին քաղծառայության դժվար աստիճաններով բարձրացած մարդկանց միանգամից իջեցնել մեկնարկային կետի․ սա, իհարկե, թյուրիմացություն է։  

«Քաղծառայության մասին օրենքում հստակ գրված է, որ դա մասնագիտական աշխատանք է և մարդիկ իրավունք չունեն կորցնելու իրենց դասային աստիճանները։ Բայց այստեղ, փաստացի, անօրինական ձևով, կորցնում են իրենց դասային աստիճանները։ Սա, պարզապես, մարդկանց արժանապատվության հետ խաղալու միջոց է, որ մարդիկ զզվեն, դուրս գան ու գնան։ Եվ դրսից ինչ-որ մարդ է գալիս, ով ունի ընդամենը 3 տարվա հանրային ծառայության ստաժ, իրեն նշանակում են կենտրոնի տնօրեն, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ ոլորտում, ով ընդհանրապես չի էլ հասկանում այդ ոլորտից։ Բայց մենք, որ ունենք 15-16 տարվա ստաժ տվյալ ոլորտներից որևէ մեկում, մեզ ազատում են աշխատանքից՝ ընդամենը ասելով, որ դու հին ես, մենք երիտասարդ կադր ենք ուզում․ 40-50 տարեկանն արդեն երիտասարդ չէ՞»,-տարակուսեց մեր մեկ այլ զրուցակից։

Այս գործընթացը մոտ 20 օր է՝ սկսված է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը ավելի քան 30 պետերի ու աշխատողների կանչել է, հարցրել՝ ի՞նչ կոռուպցիա է եղել ձեզ մոտ, ո՞րտեղ եք ձեզ տեսնում աշխատանքի, հարմա՞ր է ձեզ այստեղ․․․ ընդհանուր թեթև խոսում են, հետո ասում է՝ մենք ձեզ կզանգենք։ Բովանդակային, մասնագիտական հարցերով հարազրույց ընդհանրապես չի լինում։ Հետո Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Լիլիթ Սեդրակյանը, ով կատարում է պետի պարտականությունները, քանի որ պետ դեռ չկա, այդ մարդկանց տեղեկացնում է, որ իրենց համար ցածրագույն պաշտոն են որոշել։ Նրանք էլ հրաժարվում են։

Վերակազմակերպման ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի երկարամյա, փորձառու, ինստիտուցիոնալ հիշողության կրող բազմաթիվ աշխատակիցների՝ իրենց պաշտոններում չվերանշանակվելու խնդրին անդրադարձել է նաև  «Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ Վանիկ Բաբաջանյանը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել, որ սոցիալական պաշտպանության ոլորտը, իրեն հատկացված ֆինանսական ահռելի միջոցներով՝ ավելի քան 500 մլրդ. դրամ (պետության բյուջեի մոտ 30 տոկոսը) իրականացնում է այնպիսի ծախսեր, որոնք միտված են բնակչության խոցելի խավերի կարիքների բավարարմանը՝ կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, նպաստ ստացող ընտանիքներ, զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկներ և այլն․ շուրջ 1 մլն. քաղաքացի:

Այս քաղաքացիների ճակատագիրը ևս, փաստորեն, փաշինյանական կառավարությունը կասկածելի ձեռքերում է դնում՝ հետապնդելով սեփական շահը։

Աննա Բալյան