Մեր թշնամիներն էլի կատաղել են, զսպման առաջին քայլը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է։
Ունենք մի վիճակ, որը եթե կարճ բնութագրենք՝ կստացվի հետևյալը՝ թշնամին զորքեր է կուտակել ՀՀ սուվերեն տարածքում: Առնվազն հանրային տրամադրությունները հստակ ասում են, որ Սյունիքով ճանապարհ կամ ճանապարհներ են տրվելու Ադրբեջանին, իսկ ըստ Ալիևի՝ միջանցք են ունենալու: Այս երկու մոտեցումները որևէ կերպ, հստակ չեն հերքվել: Կցկտուր խոսակցությունները բավական չեն: Թշնամին կոնկրետ խոսում է, որ ՀՀ-ն չպետք է ունենա բանակ, ընդ որում՝ խոսում է բավականին կոշտ բառամթերքով, արժանապատվությունը վիրավորող եզրույթներով, իսկ դրան ի պատասխան՝ գործող վարչախմբի ղեկավարը թերևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից բանաստեղծություն է ասել: Բացի դրանից՝ բանակ ունենալու մասին նույն անձն ասել է, որ գաղափար ունի՝ ՀՀ բանակը դարձնել հինգ տարին մեկ եռամսյա հավաքներով համալրվող, իսկ նրա թիմակիցները խոսում են պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին: Եվ այս երկու պետականաքանդ գաղափարները նետվել են հրապարակ ՀՀ բանակ չունենալու՝ Ալիևի հրապարակային խոսքից հետո:
Նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումից հետո բունկերներում թաքնվող իշխանություններն այսօր արդեն մուրճով որոշել են թուլացնել հայ ազգի դիմադրողականությունը՝ ջարդելով բանակը, դրա ողնաշար հանդիսացող սպաներին հեռացնելով և Սյունիքի մի շարք համայնքապետերի կալանավորելով:
Հիշում ենք նաև փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ կոշտ հայտարարությունը, որը զինված հեղաշրջման փորձ որակեցին Ալիևը, Էրդողանը և իշխող վարչախումբը: Պատահական չէ, որ ՀՀ-ից հնչող բազմաթիվ հայտարարությունների և գործողությունների շահառուները ՀՀ քաղաքացիները չեն, իսկ թշնամին գոհ է:
Այս ընթացքում ԱԳ նախարարներ հրաժարական տվեցին, չկա հրապարակային դաշտում արտաքին դիվանագիտական գործունեություն, չկա որևէ պրոցես, գաղտնի դաշտում դիվանագիտություն իրականացնողները զբաղված են խուզարկություններով, իսկ ուժի դաշտում դիվանագիտություն իրականացնող բանակը քայքայման է ենթարկվում:
Բարեկամ պետություններն առնվազն զարմացած են: Շշմած նայում են հունիսի 20-ին կայացած ընտրության արդյունքներին, այն արդյունքներին, որոնց նույնիսկ իշխող վարչախումբը չի հավատում, հակառակ պարագայում չէին նախաձեռնի կազմակերպել հանրահավաքներ ընտրություններին հաջորդած չորս օրերին:
Երբ որոշ երևույթներ շարում ենք մեկ առանցքի վրա, ստացվում է, որ ունենք թշնամու շահերը պաշտպանող իշխանություն, որն իր թեզերը ձևակերպում է պետության փրկության լոզունգների և կարգախոսերի լույսի ներքո և առաջացնում մեծ շփոթ: Այս շփոթը մարդկանց ներքին դիմադրողականությունը, համազգային զգոնությունը թուլացնելու շատ վտանգավոր պրոցես է, որն արդեն գործի է դրվել:
Այս ընթացքում հարկ է հիշել Էրդողանի այցը հայկական բերդաքաղաք Շուշի, երբ ՀՀ-ից հնչում էր թուրքական դրոշը վառելու դեմ թուրքահպատակ հայտարարություն: Սա մեսիջ էր, որը բավականին վտանգավոր տարր էր պարունակում:
Կարևոր հանգամանք է նաև Ադրբեջանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի այցը Շուշի, որը նույնպես մնաց անարձագանք:
Ունենք կարևոր մի քանի հարցեր, որոնք, կարծում եմ, չեն հետաքրքրում այս իշխանություններին։ Դրանցից ամենակարևորներն են՝ Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը, Հայոց պետականության անվտանգության և ՀՀ սոցիալ-տնտեսական խորացող խնդիրները:
Մեր անելիքներն են՝ վերականգնել ՀՀ դերը միջազգային հարթակներում, կազմավորել և վերազինել բանակը, լուծել մի շարք առաջնահերթություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրներ, դնել ազգային պետության կառուցման հիմքերը, թույլ չտալ, որպեսզի Հայաստանը դառնա մեկ անձի և մեկ կարծիքի երկիր, իսկ այս ամենի համար կա մեկ խոչընդոտ, որի հաղթահարման առաջին քայլը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է:
Հ.Գ. Նկարում Հալևորի (Հալևորի) միջնադարյան կամուրջն է: Գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա։ Այն Իշխանագետի և դրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվել են և ներկայումս էլ գործում են, ցավոք՝ արդեն ոչ մեզ համար:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ