Ռազմական փորձագետ, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.
«Փավստոս Բուզանդի հիշատակմամբ՝ պարսից Սասանյան Շապուհ 2-րդ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված, ամփոփված հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել։ Զրադաշտական պարսիկների պատկերացմամբ, այդ թագավորների ոսկորների հետ միասին, իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլեց այդ մասունքներն ու թաղեց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Աղցք բնակավայրում։
2020 թվականի աշնանային պատերազմում, օտար օրակարգերին սպասարկող հայածին վատ կառավարողների պատճառով, հայոց պետականությունները պարտության հասցվեցին, որի հետևանքով ստորագրվեց ստորացուցիչ հայտարարություն։ Դրանից հետո, թշնամու ղեկավար Ալիև 2-րդը, որոշեց օկուպացված տարածքում մնացած հայոց բանակի նյութական և տեխնիկական սպառազինության մնացորդները հավաքել և Բաքվի մերձակայքում թանգարան բացել։ Աննախադեպ հաջողությունից ոգևորված կասպյան թուրքերի պատկերացմամբ, հայոց բանակի այդ իրային մնացորդների հետ միասին, իրենց պետություն են փոխադրում հայոց բանակի փառքն ու քաջությունը։
Հուսամ, որ խելք հավաքելուց ու համախնբվելուց հետո, հայությունը, հանձին նոր «Վասակ Մամիկոնյանների», պարտավորություն է ստանձնելու վերականգնել ու ազատագրել հայրենիքի գրավյալ տարածքները, և Բաքվի մատույցներից ազատագրելու ու վերադարձնելու բանակի գերևարված մնացորդները, որից Հայաստանում կկառուցվի Ամոթի և Փառքի պատ - թանգարան։ Ամոթի՝ նման ձախողման պատճառները հիշելու, դասեր քաղելու ու հետագայում բացառելու համար, և Փառքի՝ հայրենապահ ու պատվախնդիր զինվորականության հիշատակը հավերժացնելու համար»։