Միասին կարող ենք
կարևոր
5791 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 20:57
Քաղաքական

Դավաճան Վասակ Սյունու հերոոսացումից մինչև Նիկոլ Փաշինյանի արդարացում․ ովքե՞ր և ինչո՞ւ են այլափոխում Ավարայրի ճակատամարտի արժեքը. FactCheck

Դավաճան Վասակ Սյունու հերոոսացումից մինչև Նիկոլ Փաշինյանի արդարացում․ ովքե՞ր և ինչո՞ւ են այլափոխում Ավարայրի ճակատամարտի արժեքը. FactCheck

451 թվականին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը արդեն գրեթե 1600 տարի հայ ժողովրդի համար ազգային հավատամքի պաշտպանության ու հանուն հայրենիքի անձնազոհության օրինակ է։ Վարդան Մամիկոնյանի կերպարը հայրենիքի ու ազգային եկեղեցու նվիրումի համար է, իսկ ժամանակի թշնամու՝ Պարսկաստանի հետ գործարքի գնացած Վասակ Սյունին այնքան ատելի է մեր ժողովրդի համար, որ մեկին դավաճան անվանելիս ասում են «Վասակ»։ 

Այլ կերպ ասած՝ Վասակը վերածվել է հասարակ անվան, ածականի, որով բնութագրվում են ուրացող ու հայրենիքի դավաճան մարդիկ։ 

2000-ականների սկզբից, սակայն, Հայաստանում հետևողականորեն քարոզվում է մեկ այլ գաղափար, ըստ որի՝ Վասակ Սյունին իրականում ոչ թե դավաճան էր, այլ հայոց պետականության մասին մտահոգ գործիչ, որին ճիշտ չէին հասկանում իր ժամանակակիցները և խելացի դիվանագիտության փոխարեն երկիրը տարան առճակատման։ 

Կասկածի տակ են դրվում 5-րդ դարի բոլոր հայ պատմիչները՝ Եղիշեից մինչև Ղազար Փարպեցի և ուրիշներ, իսկ Վարդան Մամիկոնյան սպարապետը պիտակավորվում է որպես թուլամորթ մի զինվորական, որը փախել է Հայաստանից, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականները ստիպելով հետ են բերել ու մղել պարսկական պետության դեմ կռվելու։ 

Ովքե՞ր են այս քարոզչության հեղինակները և ամենակարևորը՝ ի՞նչ նպատակով։ 

Նախ արձանագրենք այն թեզերը, որոնք կասկածի տակ են դնում Ավարայրի ճակատամարտի հերոսականությունը․

1․ Վասակ Սյունին ոչ թե դավաճան էր, այլ պետական ուժեղ գործիչ, հայրենասեր ու դիվանագետ։ 

2․ Վարդան Մամիկոնյանը ոչ թե հերոս էր, այլ թուլամորթ ու միամիտ, վախկոտ մարդ։ 

3․ Պարսկաստանը ոչ թե ուզում էր կրոնափոխ անել հայերին և ձուլել, այլ հակառակը՝ ուզում էր Հայաստանի հետ դառնալ դաշնակից։ 

4․ Հայ Առաքելական Եկեղեցին վտանգ էր տեսնում հայկական ուժեղ պետականության մեջ և փորձում էր իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, ոչ թե թողնել թագավորին։ 

Ինչպես տեսնում ենք, հիմնական թիրախը հայոց եկեղեցին ու հայ ազգային գործիչներն են, որոնք պայքարել են մեր ինքնության համար և իրենց կյանքի գնով պահպանել այն։ 

Իսկ ո՞ւմ են պետք այսպիսի գաղափարները։ 

1997-ին Հայաստանում իր գործունեությունն սկսած Բաց հասարակության հիմնադրամները (Սորոսը) 2002-ից ակտիվ գործում է կրթական ոլորտում՝ հովանավորելով այլընտրանքային կրթության տարբեր նախագծեր։ Այդպիսի հովանավորչության շնորհիվ մեր երկրում գլուխ բարձրացրին համասեռամոլները, տրանսգենդերները և այլ սեռական շեղումներ, ինչպես նաև մեծ թափ հավաքեցին աղանդավորական կազմակերպությունները։ 

1945 թվականին ամերիկացի տեսաբան Ալան Դալեսը առաջ էր քաշել ժողովուրդների գաղափարների փոփոխման ծրագիրը՝ հանուն քաղաքական նպատակների։ 1953 թվականին այդ ծրագրով էլ Դալեսը դարձավ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար։ 

«Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին»,-պնդում էր ամերիկացի գործիչը՝ շեշտելով, որ պետություններին ծնկի բերելու համար նախ պետք է այնտեղ ապրող ժողովուրդների մտքերն ու գաղափարները գլխի վայր շուռ տալ, համոզել, որ նրանց ազգային ու բարոյական արժեքները սխալ են։ 

Վերադառնալով Հայաստան՝ նշենք, որ «Սորոսի» հիմնադրամի այլընտրանքային կրթության նախագծերը իրականության մեջ հենց այդ նպատակն էին հետապնդում։ Եվ այդ նպատակով սկսեցին ֆինանսավորել այնպիսի ծրագրերի, որոնք նախ արատավորում են հայոց եկեղեցու պատմությունը և արժեքները, անցած ճանապարհը, վարկաբեկում հայ հոգևորականներին։ 

451 թվականին տեղի ունեցած հայ-պարսկական պատերազմն ու մասնավորապես, Ավարայրի ճակատամարտը հենց հոգևոր արժեքների բախում էր, քանի որ պարսկական տերությունը փորձում էր հավատափոխ անել հայերին՝ դարձնելով կրակապաշտ։ Պարսկական իշխանությունը լավ էր հասկանում, որ Քրիստոնեություն ընդունած և դրա շնորհիվ նաև սեփական գիր ու գրականություն ստեղծած ազգը ամրացնում է իր ինքնությունը, հետևաբար անհրաժեշտ է ազգին նախ զրկել քրիստոնեական հավատամքից, ապա նաև ինքնությունից, որից հետո ազգին ձուլելը կդառնա տեխնիկական խնդիր։ 

Հենց դրա դեմ պայքարելու համար հայոց եկեղեցին ոտքի հանեց մեր ժողովրդին ու ապստամբեց՝ արյան գնով պահելով հավատքը, հետևաբար նաև լեզուն և ինքնությունը։ 

2000-ականների սկզբից Հայաստանում ակտիվորեն տարածվող այլընտրանքային կրթության ֆինանսավորման նախագծերում ներառվեցին հրապարակախոս Համլետ Դավթյանի ստեղծագործությունները Ավարայրի ճակատամարտի մասին։

2005 թվականին հրատարակվում է նրա հեղինակած «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը․ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և մեր պատմության ընթացքը» գիրքը, որի նախաբանում նշվել է․

«Եկեղեցին, ի սկզբանե ձգտելով առանձնահատուկ դիրքի, բոլոր ժամանակներում իր գործունեությունը նպատակաուղղել է առաջին հերթին սեփական հոգևոր իշխանության ամրապնդմանը և հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել հայկական անկախ պետականությունների վերացմանը․․․»։ 

Գրքում հետևողականորեն տարվում է այն գաղափարը, որ Ավարայրի ճակատամարտը կրոնական բախում էր և որևէ կապ չուներ հայ ժողովրդի ազգային ինքնության հետ։ 

Այս գիրքը ֆինանսավորվել ու վերահրատարակվել է նաև 2007, 2010, 2012, 2023 թվականներին, իսկ ակտիվ քարոզչության շնորհիվ 2008-ին ճանաչվել է ամենաշատ վաճառված գրքերից մեկը։ 

Համլետ Դավթյանի հեղինակած հաջորդ աշխատությունը 2015-ին հրատարակված 751 էջանոց «Մամիկոնյաններ․ առասպել և իրականություն» հաստափոր գիրքն է, որտեղ արդեն թիրախավորվում է Մամիկոնյան նախարարական տոհմը՝ որպես իշխանատենչ և փառամոլ մարդկանց հավաքածու, որոնց հայրենիքն ու ազգային ինքնությունը չէին հետաքրքրում։ 

«Փաստերն ու փաստարկները բացահայտում են Մամիկոնյան տոհմի մասին այն ճշմարտությունը, որն արմատապես տարբերվում է ներկայիս ընդունված և գլխավորապես քարոզչական նպատակներով գործածվող ճշմարտությունից»,-ասվում է գրքի նախաբանում։ 

Եվ ահա այս ամբողջի մեջ, երբ վարկաբեկվում են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ու Մամիկոնյանները, տրամաբանական շարունակությունը պետք է լիներ Վասակ Սյունու կերպարի հերոսացումը։ 

2023 թվականին լույս է տեսնում կրկին Համլետ Դավթյանի հեղինակած «Մեծն Վասակ Սյունի» աշխատությունը, որտեղ, ինչպես հուշում է վերնագիրը, դավաճան Վասակ Սյունին հռչակվում է ազգափրկիչ ու պետականամետ գործիչ, որի միակ նպատակը ինքնիշխանությունն էր։ Ծանոթ ձևակերպումներ են, չէ՞։ Մերօրյա իրականության մեջ որևէ մեկին չի՞ հիշեցնում «ինքնիշխանություն» բառը։ 

Գրքի նախաբանում նշվում է, որ այն ընթերցողին առաջարկում է մտորել մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին, ինչպես նաև վերագնահատել Վասակ Սյունուն, «անհատականություն, ում ճակատագիրը սերտորեն միահյուսված է հարազատ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ: Նրա սլացքը բռնի կասեցվեց, որի պատճառով անդառնալի կորուստներ կրեցին նաև Հայոց երկիրն ու հայ ժողովուրդը»։ 

Այս և նախորդ գրքերի հրատարակումը 2015-ից հետո ֆինանսավորել է «Կողբ» հիմնադրամը՝ հատուկ ուշադրություն դարձնելով գրքերի վաճառքին և դրանցում տեղ գտած գաղափարների տարածմանը։ 

 

Այս հիմնադրամը չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե չուսումնասիրեինք նրա կատարած աշխատանքները, որդեգրած սկզբունքները և աջակիցների ցանկը։ 

Պարզվում է, որ «Կողբ» հիմնադրամի հիմնական գործընկերներ են համարվում «Անտարես» հրատարակչությունը և «Բուն» հիմնադրամը։ Երկուսն էլ արտաքին, հիմնականում ամերիկյան ու բրիտանական դրամաշնորհներով սնվող կազմակերպություններ են և զբաղված են Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականության քարոզչությամբ, թշնամու կերպարի այլափոխմամբ։ 

Իսկ ի՞նչ կապ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ մերօրյա վերաբերմունքը 1600 տարի առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի ու հայ-պարսկական հարաբերությունների հետ։ 

Առաջին հայացքից՝ ոչ մի կապ, բայց իրականում այդ կապերը շատ խորքային ու գաղափարական են։ 

21-րդ դարի Թուրքիան, ինչպես 5-րդ դարի Պարսկաստանը, փորձում է հայ ժողովրդին զրկել իր ազգային արժեքներից, երազանքներից ու ավանդույթներից՝ հետևաբար, կարճ ժամանակում զրկելով նաև պետականությունից։ Ու եթե 5-րդ դարում Պարսկաստանը պարզապես նպատակ ուներ ձուլել հայերին՝ այդ նպատակների իրագործման համար ակտիվորեն օգատգործելով Հայաստանի մարզպան Վասակ Սյունիին, ապա 21-րդ դարում Թուրքիան հայերին գաղափարապես, հոգեպես ու ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի, իսկ դրա համար Վասակի դերը ստանձնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Եթե հերոսացվում է Պարսկաստանի կողմն անցած դավաճան և ազգային հավատքը ուրացող Վասակ Սյունին՝ որպես հեռահար մտածող դիվանագետ, ապա նույն տրամաբանությամբ ինչո՞ւ չպիտի հերոսացվի Թուրքիայի հետ գործարքի գնացած և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը՝ կրկին որպես հեռուն տեսնող գործիչ։ 

Բայց խնդիրը միայն անձանց մեջ չէ։ 

«Կողբ» հիմնադրամի հովանավորությամբ կյանքի կոչված ծրագրերում հետևողականորեն առաջ է քաշվում թշնամու և բարեկամի կերպարների վերափոխման գաղափարը։ Այսինքն՝ թշնամին այնքան էլ թշնամի չէ և բարեկամն իրականում բարեկամ չէ։ 

Եթե Համլետ Դավթյանի հեղինակած երեք գրքերում («Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը․ հայաստանյայց առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը» (2005), «Մամիկոնյաններ․ առասպել և իրականություն» (2015), «Մեծն Վասակ Սյունի» (2023)) 5-րդ դարի Պարսկաստանը համարվում է Հայաստանի իրական բարեկամ, իսկ Հռոմը՝ մրցակից, ապա հիմնադրամի կողմից ֆինանսավորված մյուս բազմաթիվ նախագծերում մերօրյա իրականության մեջ Ռուսաստանի հակաքարոզչություն է տարվում՝ որպես պատմական թշնամի, իսկ Թուրքիայի դաշնակից ու հովանավոր Մեծ Բրիտանիան հռչակվում է որպես հայ ազգի ինքնության ու ֆիզիկական գոյության միակ երաշխիք։ 

Այսպես, 2023-ի ապրիլին «Կողբ» հիմնադրամը կազմակերպել է հայ-բրիտանական հարաբերություններին նվիրված համաժողով, որի շրջանակում ելույթներ են ունեցել Հայաստանից և Մեծ Բրիտանիայից մի շարք հետազոտողներ՝ խոսելով մեր տարածաշրջանում և առավելապես Հայաստանում Բրիտանիայի դրական ազդեցության մասին։ «Հայ-բրիտանական առնչություններ» խորագրով համաժողովի հիմնական զեկուցողներ են եղել այնպիսի մարդիկ, ինչպես տխրահռչակ Սմբատ Հովհաննիսյանը, ով բառացիորեն այլանդակում է «Հայոց պատմության» դպրոցական դասագրքերն ու խեղաթյուրում պատմությունը, Արցախը ներկայացնում Ադրբեջանի կազմում, թույլ տալիս պատմական կոպիտ սխալներ, ծաղրում Հայոց պատմության հերոսական դրվագները։ «Կողբ» հիմնադրամի կազմակերպած բրիտանական քարոզչության այդ համաժողովում ելույթ ունեցած մյուս կերպարը Հրանտ Տեր-Աբրահամյանն է, ով Հայաստանի նկատմամբ սիրուց ավելի շատ ատում է Ռուսաստանը և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է Հայաստանի հետ տեղի ունեցած դժբախտությունների միակ մեղավոր հռչակել Ռուսաստանը՝ անտեսելով Թուրքիայի թշնամանքը։ 

Այս տրամաբանության մեջ եթե փառաբանվում է Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիան՝ որպես Հայաստանի բարեկամ, ապա պիտի անիծվի Ռուսաստանը, որպես Հայաստանի թշնամի։ Եվ ահա, նույն «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2022-ից կազմակերպվում են հակառուսական միջոցառումներ՝ «Ռուս-թուրքական վանդակ» խորագրով։ Դրանցում կրկին առանցքային դեմք է հանդես գալիս հակառուսական, ես կասեի ռուսատյաց հայացքներով հայտնի Հրանտ Տեր-Աբրահամյանը և հայ ժողովրդի ու հայկական պետության համար բոլոր աղետալի երևույթների միակ մեղավոր համարում Ռուսաստանը, իսկ նախաձեռնության խորագրում ներառել են «ռուս-թուրքական» ձևակերպումը, որպեսզի նույնացվեն այդ երկու պետություննները և հայ ժողովրդի մեջ ավելի ազդեցիկ լինի թշնամու կերպարի ձևավորումը։ Մինչդեռ, եթե ուսումնասիրում ենք հիմնադրամի նախաձեռնած այդ բանախոսությունները, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան այնքան էլ թշնամու կերպարում չի ներկայացվում, այլ տարածաշրջանային գերտերության, որը ձգտում է ազդեցության լծակների մեծացման, իսկ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ստեղծում է թշնամանք ու անկայունություն։ 

«Կողբ» հիմնադրամի կողմից ֆինանսավորված մյուս նախագծերը կապված են «Անտարես» հրատարակչության և «Բուն» հիմնադրամի հետ, որոնք ևս հայտնի են հայ ազգային ինքնության նկատմամբ իրենց ոտնձություններով, մեր պատմական արժեքները կասկածի տակ դնելու, Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու աշխատանքներով։ 

Մասնավորապես, «Անտարես» հրատարակչությունը տպագրել է մաթեմատիկոս Նասիմ Թալեբի հեղինակած INCERTO շարքի հայերեն թարգմանությունը, որը խմբագրել է ՀՀ այժմյան նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Գրքի հայերեն թարգմանության մեջ շեշտը դրվում է անցյալում ստացած գիտելիքներն ու արժեքները վերագնահատելու, հետևաբար նորաձև կրթվելու վրա։ 2021-ին լույս տեսած այս գրքերի հիման վրա հետագայում Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կին Աննա Հակոբյանն սկսեց «կրթությունը նորաձև է» խորագրով հանդիպումների շարք՝ մարդկանց կոչ անելով հրաժարվել անցյալի արժեքներից ու որդեգրել նոր արժեքներ։ 

Կապերը տեսնում եք, չէ՞։ 

«Կողբ» հիմնադրամի ֆինանսավորած մյուս ծրագրով «Բուն» մշակութային հիմնադրամը դեռևս 2017-ին իրականացրել է «Արժեբանություն» խորագրով քննարկումների շարք։ Դրա շրջանակում ԿԳՄՍ ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանը դասախոսություններ է կարդացել «Արժեք, ազգ, էթնոս, հասարակություն» խորագրով՝ իրեն հատուկ ձևով կասկածի տակ դնելով Գարեգին Նժդեհի, Զորավար Անդրանիկի, Րաֆֆիի և ազգային մյուս գործիչների մտքերը հայրենիքի ու ազգային պայքարի մասին։ Ինչպես տեսնում ենք, կրկին այլափոխվում են պատմականորեն հայերին հայ պահած արժեքները։ 

Ակնհայտ է դառնում, որ 5-րդ դարում դավաճան Վասակի հերոսացման ու հերոս Վարդանի նվաստացման հետևողական աշխատանքը սահուն կերպով նույնացվում է մերօրյա՝ 21-րդ դարում Արցախն ուրացած, պատմական Հայաստանից ու Արարատից հրաժարված Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատում գործող անձանց հերոսացման հետ՝ միաժամանակ փորձելով այլափոխել թշնամու և բարեկամի կերպարները։ 

Եթե 451-ին Սասանյան Պարսկաստանն իրականում թշնամի չէր, այլ բարեկամ, որի դեմ գործում էր Հռոմի քարոզչությունը, ապա այս տրամաբանությամբ 2000-ականներին Թուրքիան ևս բարեկամ է, որի դեմ գործում է Ռուսաստանի քարոզչությունը։ Նույն հետևողականորեն առաջ տարվող տրամաբանությամբ՝ եթե 5-րդ դարում Հայոց եկեղեցին օգտագործվում էր Հռոմի կողմից ու կործանում Հայոց պետականությունը, ապա 21-րդ դարում նույնկերպ Հայոց եկեղեցին օգտագործվում է Ռուսաստանի կողմից և կրկին կործանում Հայոց պետականությունը։ Հետևաբար, ըստ այս քարոզչության՝ ամեն ինչի մեղավոր է հռչակվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ արտաքին թշնամի՝ նախկինում Հռոմը, ներկայում՝ Ռուսաստանը։ 

Սա մի գաղափարական և հոգեբանական միջոց է, որով փորձ է արվում այլափոխել հայ ժողովրդի ինքնապաշտպանական արժեքները, զրկել ազգային ինքնությունից, այդ ինքնությունը պահպանող ազգային եկեղեցուց և դարձնել թշնամու հլու կամակատար։ 

Աղբյուրը՝ FactCheck