Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն:
Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, ընդդիմադիրների քննադատության մեջ մի քանի ճակատ կա, կա երկու դրույթ, որոնք բոլորի մոտ կան որպես քննադատություն: Մեկին Դուք պատասխանեցիք՝ կապված 89-րդ հոդվածի կետերից մեկի հետ, Հանրապետական կուսակցության հետ: Մյուսը, գիտեք, մեր քաղաքականությունը նաև անձնավորված է՝ կապված է անձամբ Ձեզ հետ: Նրանք ասում են՝ տեսեք, եթե Դուք հայտարարեցիք, որ Վարչապետ չեք ուզում էլ դառնալ, որովհետև նույն մարդը երկու անգամից ավելի այլևս էֆեկտիվ չի լինի, որ կառավարի, ասում են՝ Դուք, լինելով իշխող կուսակցության նախագահ և վերահսկողություն ունենալով արդեն Ազգային ժողովի մեծամասնության վրա, կարող եք հանգիստ վերահսկողություն ունենալ նաև կառավարության վրա: Բայց պետական պաշտոնյա չլինելով՝ չունենալ որևէ պատասխանատվություն, կարող եք կուսակցական կաբինետից ղեկավարել երկիրը: Ընդ որում, այս համակարգը կարելի է ցանկացած իշխող կուսակցության ղեկավարի վրա պրոյեկտել: Ով հաղթի, նա կարող է չունենալ պատասխանատվություն և ստվերից ղեկավարել երկիրը: Ասում են, որ նոր Սահմանադրությունը ստեղծում է նման վտանգ:
Սերժ Սարգսյան- Բացառված է: Մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն: Եվ իմ պրոբլեմների մի մասը նաև դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր Նախագահ, Վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաև Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, Պետրոս, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու: Դե, գիտե՞ք՝ ամեն ինչ չափ ունի: Բայց ի՞նչ է խանգարում իրենց գնալ և մասնակցել ընտրություններին, ջանք ներդնել, ոչ թե Երևանում նստել և, ներողություն, տարբեր դիրքեր ընդունել կամ հանրահավաքի ժամանակ, կամ հեռուստաեթերով հոխորտալ, մեծ-մեծ խոսել: Փոխարենը թող գնան սկզբնական կառույցներ ձևավորեն: Թող գնան մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Չեն մասնակցում, չեն աշխատում ու հետո ուզում են համապետական ընտրություններին ստանալ մեծամասնություն: Այդպես չի՛ լինում: Չի՛ լինում այդպես: Քանի առիթ է, ասեմ, նախկին ընտրություններում, այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում, եղել են 30.000 ընտրական իրավունքի սուբյեկտներ: Այսինքն, 30.000 մարդ ունեցել է ընտրությունները վերահսկելու, հսկողություն իրականացնելու գործառույթ: 30.000-ից 14.500-ը ընդդիմադիր էին՝ ներկայացնում էին կուսակցություններ: Նրանք հանձնաժողովի անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ և այլն: Այսինքն, 30.000 մարդ կարող էր բողոք բերել: Եվ եթե ետ դառնաս, վերհիշես, կտեսնես, որ ընդամենը մեկ բողոք է եղել: Երբ ասում են՝ ընտրությունները կեղծել են, ասում են՝ այս, այն: Եթե կեղծել ենք ընտրությունները, բա ինչու՞ բողոքներ չկան, ինչու՞ չեն գրանցվում այն խախտումները, որոնք իրենք տեսնում են: Նաև դա եմ ասում՝ այս նախագահական համակարգը հենց դրանով է նաև վատ, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Նույնիսկ, եթե այդ հաղթողի և պարտվողի ձայների տարբերությունը ընդամենը մեկ կամ երկու տոկոս է. մեկը ստացել է 51 տոկոս՝ նա Նախագահ է ամբողջական իշխանությամբ, մեկը ստացել է 49 տոկոս և ոչինչ չունի: Եվ այդ մարդն իր կյանքի նպատակն է համարում հինգ տարի անընդհատ վարկաբեկել ընտրությունը, վարկաբեկել հաղթողին: Բանը հասնում է նրան, իհարկե, Տիզբոն չեն գնում, որովհետև Տիզբոն չկա հիմա, գնում են այլ մայրաքաղաքներ, բամբասում՝ սեփական իշխանություններից: Այսինքն` դավաճանությունը ինչպե՞ս է լինում: Մենք պարտադրում ենք մարդկանց, որովհետև համակարգն է այդպիսին, որովհետև ինքն այլևս շանս չունի, որ մեկ տարի, կես տարի, տարի ու կես հետո ունենալու է իշխանություն իր ծրագրերը իրականացնելու համար: Իսկ խորհրդարանական համակարգն այդ հնարավորությունը տալիս է, եթե մի կուսակցություն ստացել է կայուն մեծամասնություն, ինչպես Կարմենն էր ասում, իսկ կայուն մեծամասնությունը այն մեծամասնությունն է, Կարմեն, որ հնարավորություն է տալիս պարզ օրենքներ ընդունելու: Այսինքն, դա կարող է լինել 52, 54, 55… Մենք դեռևս Վենետիկի հանձնաժողովի հետ կխոսենք: Մեկը ստացել է 51, մյուսը՝ 49, պատկերացնու՞մ եք, որ քաղաքական մի ուժ խորհրդարանում ունենա 49 տոկոս: Նույնիսկ ոչ 49, այլ՝ 40 տոկոս: Այսինքն` իր քննադատությամբ, իր գործուն լինելով նա կարող է չէ՞ շատ մեծ օգուտ տալ: Ի վերջո, ինչպես ասացի, այդ մեծամասնություն ասվածը, որ այդքան շատ ասում եք՝ կայուն մեծամասնություն, դա կարծրացած չի, չէ՞: Այդ կայուն մեծամասնությունն էլ է շարժվում: Վաղը, մյուս օրը հնարավոր է այդ կայուն մեծամասնությունից երեք, չորս հոգի անցնեն մեկ այլ տեղ, և չկա այլևս այդ կայուն մեծամասնությունը, չկա: Մեկ ուրիշն է դառնում կայուն մեծամասնություն: Այսինքն` կես տարի հետո, մեկ տարի, երկու տարի հետո հնարավոր է լինի իշխանափոխություն, կստիպի այդ մարդուն զբաղվել այդ 49 տոկոս ձայներով, զբաղվել՝ այդ ձայները տեղավորել կուսակցական կառույցներում, նույնիսկ եթե նա այդ ձայները ստացել է դեմ լինելով իշխանություններին: Այսինքն՝ բողոքավոր ընտրողների ձայներն են դրանք: Պետք է տեղավորել, պետք է կառուցակարգել, բայց նրանք փոշիացնում են դա, փոշիացնում են, որովհետև այլևս մոտակա 5 տարիներին այդ ընտրազանգվածը իրենց պետք չէ, հոգս է, չէ՞. հոգս է զբաղվել 100 հազար, 200 հազար, 300 հազար մարդով: Դու պետք է կարողանաս առավոտյան 9-ից միջև 11-12-ը աշխատել, որ կարողանաս այդ մարդկանց ինչ-որ չափով բավարարել: Նույնիսկ այդ մարդկանց հոգսը լսելով՝ կարող ես որոշակի խնդիրներ լուծել, իսկ իրենք այլևս պետք չեն: Եթե դա, կրկնում եմ, լինի կուսակցական համակարգ՝ տեղավորելով այդ ձայները կուսակցական կառույցներում, իհարկե, ամբողջը չես տեղավորի, բայց արդեն կառույցներ կունենաս: Լավ, ինչի՞ է նման, որ իրենց շատ ուժեղ քաղաքական կուսակցություն հորջորջողները այսօր, երբ իրենք սահմանադրական բարեփոխումները համարում են ինչ-որ աշխարհացունց իրադարձություն, չեն կարողանում հանձնաժողովի նույնիսկ կեսերում անդամներ առաջադրել: Մարդը, եթե չի կարողանում հանրապետությունում գոնե բոլոր ընտրատեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչը առաջադրի, նա ընդհանրապես իրավունք ունի՞ այդքան մեծ-մեծ խոսելու: Վաղը Տիգրան Մուկուչյանին զանգեք, հարցրեք՝ ո՞ր կուսակցությունները որքանո՞վ են ներկայացված հանձնաժողովներում: Իսկ որպեսզի իրենք ներկայացված լինեին հանձնաժողովում, հիշու՞մ եք՝ խորհրդարանում ի՞նչ կռիվներ էին տալիս: Եվ ես տպավորություն ունեմ, որ խորհրդարանի այդ կռիվներն ավելի շատ ներկայացումներ են, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ կռիվ է տալիս, այլ ոչ թե նրա համար, որ հետո այդ իրավունքից օգտվի: Կուսակցականաստեղծ աշխատանքը շատ բարդ աշխատանք է:
Պետրոս Ղազարյան- Արդյո՞ք այստեղ չկա նաև օբյեկտիվ պահ, որովհետև, տեսեք, նույն այդ կուսակցությունները, որպեսզի ստեղծեն կառույցներ, մարդիկ անդամագրեն և այլն, ֆինանսական ծախս է, չէ՞: Բայց մեր երկրում բիզնեսը չի ֆինանսավորում, գոնե հրապարակավ, ընդդիմությանը. բիզնեսը միշտ իշխանության կողքին է՝ փողը իշխանության մոտ է: Ընդդիմությունը փող չունի:
Սերժ Սարգսյան- Բայց իշխանությանը փողերը ո՞րտեղից, Պետրոս: Ոնց որ դու էլ էս սկսել ուրիշի փողերը լավ հաշվել՝ առանց տեսնելու:
Պետրոս Ղազարյան- Իշխանությունը ուրիշ չի, Պարոն Նախագահ: Բայց ընդդիմությունը չունի, չեն ֆինանսավորում ընդդիմությանը: Ինչպե՞ս իրենք ստեղծեն այդ կառույցները, որպեսզի մրցեն իշխանության հետ:
Սերժ Սարգսյան- Իսկ այդ իշխանությունը ինչպե՞ս է ստեղծվել. հենց այնպես մեկը բերել, նվե՞ր է տվել, թե՞ մի բիզնեսմեն է նվեր տվել: Դրա համար պետք է աշխատել, պետք է տքնել, պետք է սկզբից կառույցներ ստեղծել ու հետո միավորելով այդ կառույցների հնարավորությունները, կամաց-կամաց մեծացնել և ոչ թե՝ ունենալ փոքր մի կառույց ու միանգամից հայտ ներկայացնել, թե՝ ես վաղը Նախագահ եմ դառնալու, որովհետև մասնակցելու եմ նախագահական ընտրություններին: 2013 թվականը, 2008 թվականը վերցրու, դրանից առաջ էլ, քո կարծիքով, մասնակիցների ո՞ր տոկոսը շանս ուներ հաղթելու նախագահական ընտրություններում:
Պետրոս Ղազարյան- Խորհրդարանականի՞ մասին է խոսքը:
Սերժ Սարգսյան- Բայց ի՞նչ տարբերություն: Այդ մարդկանց ամբիցիաները գործում են միայն նախագահականի՞ ժամանակ. նրանց ամբիցիաները գործում են նաև խորհրդարանականի ժամանակ: Մենք ունենք ընդամենը երեք միլիոն բնակչություն: Վերցրու և համեմատի Հայաստանում կուսակցությունների թիվը ցանկացած այլ երկրի կուսակցությունների թվի հետ: Կտեսնես, որ այդտեղ մենք համաշխարհային առաջատար ենք: Հասկանու՞մ ես, քանի որ ինքը գիտի, որ ի վիճակի չէ ստեղծել կուսակցություն, որի անդամները տասը հազար են, որովհետև դրա համար փողից բացի այլ բաներ են պետք, դրա համար բավարարվում է նրանով, որ ստեղծում է 50 հոգանոց, 40 հոգանոց, 30 հոգանոց մի կուսակցություն և հետո գնում տանը հպարտանում է, թե իբրև ինքը կուսակցապետ է: Դա նման է նրան, Պետրոս, որ ես և Դուք, ենթադրենք Երևանում կամ Վարդենիսում կամ, եթե կուզես, Գավառում գնանք, մի սենյակ վարձենք և ասենք, որ այդ սենյակը Գիտությունների համաշխարհային ակադեմիան է: Պետրոս, Դուք ակադեմիկոս եք, ես էլ՝ ակադեմիկոսի թեկնածու: Ու հետո, երբ առավոտյան իրար տեսնենք, ասենք՝ բարև Ձեզ ակադեմիկոս, ինչպե՞ս եք: Վիրտուալ աշխարհում ապրող մարդիկ կան, հասկանում ե՞ք: Ու ես սա որպես թերություն չեմ ասում: Զարգացման այս ճանապարհը անցել են շատ-շատ երկրներ: Ուղղակի, մենք պետք է հանդարտ, հանգիստ այդ խնդիրներին վերաբերվենք: Դրանից ողբերգություն չպետք է սարքենք: Չպիտի ասենք՝ վայ, տես ի՞նչ է եղել, այս մարդը ընտրություններին մասնակցեց և 0.2 տոկոս ստացավ: Այո, իսկ ի՞նչ է եղել: Մարդն այդպես է ցանկացել և մասնակցել է, դրանում ի՞նչ ողբերգություն կա: Միգուցե, ինքը ինչ-որ տեղ անձնական ողբերգություն կապրի, բայց պետք է այնպիսի կառուցակարգեր, այնպիսի հնարավորություններ ստեղծենք, որ մարդը ստիպված չլինի դրա համար արդարանալու, հասկանու՞մ եք: Ախր, եզակի թեկնածուներ են, չէ,՞ թեկնածություն դնում նախագահական ընտրություններին, եզակի թեկնածուներ են, ովքեր թշնամի չեն դարձել գործող իշխանություններին, հետևապես նաև՝ երկրին, որովհետև սուտ է, եթե դու իշխանություններին թշնամություն ես անում, ուզած, չուզած՝ քո երկրին ես վնասում: Երբեք Վասակ Սյունին չի ասել՝ ես Հայաստանին եմ ուզում վնասել, այդպես ո՞վ կարող է ասել: Եթե մեկը հանցագործություն է կատարում՝ մարդ է սպանում և դեպքերի ճնշող մեծամասնությամբ ասում է՝ ես ի՞նչ մեղավոր եմ, իրեն վատ պահեց՝ սպանեցի: Թեկնածուների ճնշող մեծամասնությունն այդպիսին են, չէ,՞ դարձել, որովհետև նորից եմ ասում՝ իրենց տարած 10 տոկոսը, նույնիսկ 25 տոկոսը փոշիանում է, հօդս է ցնդում ընդամենը մի քանի ամիսների ընթացքում: Բայց եթե դա լիներ խորհրդարանական կառավարման համակարգում, այդ 10 տոկոսը, 15 տոկոսը, ոչ թե պաշտոնի, այլ մասնակցության առումով եմ ասում, հնարավորություն կտար տվյալ կուսակցությանը գործելու, և ինչու ոչ՝ միգուցե, նոր առաջնորդ, նոր կուսակցության ղեկավար ի հայտ կգար: