Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աննա Թուրայ
Ահա 25 տարի առաջ «Ակօսի» հրատարակության առաջին 2,5 ամսում խմբագրական սեղանին դրված առավել տպավորիչ լուրերի թեմաները․․․․ Թեմաներ, որոնք եղել են թերթի առաջին 10 համարներում, և այսօր էլ եթե լուրը տանք, ապա կարող են «վերջին նորություններ» լինել․․․
«Ակօս»-ի առաջին համարը, առաջին խորագիրը և առաջին վերնագիրը, իրականում նրա ամբողջ գոյությունը «Հարության հոգի» ունեցող մեր հավատքի ցուցիչն են։ Պատահական չէ, որ թերթի առաջին համարը հրատարակվել է հենց Հիսուս Քրիստոսի Հարության՝ 1996 թ․ Զատիկի ժամանակ։ Հայը Հարության հոգուն ինչ-որ ձև հավատում է՝ լինի հավատացյալ, թե՝ ոչ։ Նա պետք է հավատա, որ կյանքը չի ավարտվում մահով։ Հայի դիմացկունությունը մի փոքր էլ այստեղից է գալիս։ Որպես ժառանգություն իր ուսերին շալակած այդ բեռը միայն այսպես է հնարավոր թեթևացնել։ «Ակօս»-ի գաղափարն ու ջանքերը դեռ առաջին համարներից ի վեր հստակ էին և ընթեռնելի․ երկու հասարակությունները պետք է ամուր փաթաթվեն համատեղ ապրելու մշակույթին, նրան պետք է թաքցնել այն վճռական փղերից, որոնք ցանկանում են վրան թմփթմփացնել, ինչ գնով էլ լինի ճզմել, ու նույնիսկ, ինչու՞ ոչ՝ կաթիլ-կաթիլ ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։ Դրա համար էլ ցանկանում է ձայն տալ «ուրիշ» համարվող, անտեսանելի լինելը նախընտրող «անլեզու» հասարակությանը, նրան տեսանելի դարձնել։ Նրա ողջ նպատակն այն է, որ ուշադրություն հրավիրվի առօրյա կյանքը սևացնելու համար վիրավորանքով լի հակահայկական արշավներին, մի շարք ժխտման արտահայտություններին, սահմանափակված իրավունքներին, իրավական կազմակերպությունների մշտական քայքայիչ գործունեության վրա, երկխոսությունը բաց պահել, մեծացնել համերաշխության մթնոլորտը․․․ Դրա դեմ տարիներ շարունակ իրեն կրկնող, պտտվելով միշտ նույն ծանոթ, մութ փոսը ձեզ նետող պայքարը իսկապես հոգնեցուցիչ, միևնույն ժամանակ էլ խրատող է։
Ահա 25 տարի առաջ «Ակօսի» առաջին 2,5 ամսում խմբագրի սեղանի վրա եղած ամենատպավորիչ լուրերի թեմաները․․․ Թեմաներ, որոնք եղել են թերթի առաջին 10 համարներում և այսօր էլ կարող են «վերջին նորություններ» համարվել։
Հիմնադրամի՝ անհիշելի ժամանակներից եղած խնդիրները
Ապրիլ, 1996 թ․։ Մեկ շաբաթ էր, ինչ «Ակօսը» հրատարակվում էր, նոր-նոր երկրորդ համարն էր պատրաստվում։ Այդ համարի գլխավոր լուրն արդեն չորս ամիս առաջ հայտնի էր դարձել, իսկ թերթի խորագիրը Էյուփի քաղաքապետի՝ «Ակօս»-ին ուղղված հայտարարություն էր․ « Թող վարձեն, չօտարենք»։ Կրկին դատի թեմա․․․ Էյուփի քաղաքապետարանը թաղամասում հիմնադրված Ջումա շուկայի տեղանքի համար շատ մտահոգ էր, երթևեկությունը թույլ էր։ Առաջինը, որ եկել է նրանց մտքին, Էյուփի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցուն պատկանող տարածքն է եղել։ Մտածել են, որ հենց երկու հարկանի մեծ շենք կկանգնեցնեն, որտեղ մշտական թաղային շուկա կլինի, և մյուս օրերին կօգտագործեն որպես ավտոկանգառ։ Իհարկե, օտարման որոշումն ընդունվել է անմիջապես։ Հիմնադրամի ղեկավար խորհուրդը այդ գործառույթի չեղարկման համար դատական հայց է ներկայացրել։ Երկար տարիներ կան արդարության հասնելու համար․․․
Մայիս, 1996 թ․․․․ «Ակօս»-ի առաջին համարի հրատարակումից 1 ամիս էր անցել։ Այս անգամ Գեդիկփաշայի եկեղեցում նոր զարգացումներ էին տեղի ունենում։ Հիմնադրամի նախկին ղեկավար Ֆերման Թորոսլարը դատական հայց էր ներկայացրել Ներքին գործերի նախարարության դեմ։ Նախորդ տարի հիմնադրամի ընտրությունները դեռ նոր էին տեղի ունեցել, սակայն որոշ անունների վրա վետո էր կիրառվել այն պատճառով, որ նրանք չեն բնակվում ընտրատարածքում: Նրանց մեջ հազար տարի Գեդիկփաշայում ապրող մարդիկ կային։ Այդ ցավի համար Ֆերմա՞նն էր բալասան լինելու։ Տեսնենք․․․
Անմիջապես մեկ շաբաթ անց․․․ Բաքըրքյոյ շրջանի քաղաքապետի ընտրություններն էին մոտենում։ Բոլոր կուսակցությունները զգաստ էին, ազգային փոքրամասնությունների վերաբերյալ խոսակցությունները շատացել էին։ Ստամբուլի քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ Յեշիլքյոյի եկեղեցու հիմնադրամի կողմից կազմակերպված ժողովին էր մասնակցել։ Երբ Էրդողանը Էյուփի քաղաքապետարանի շենքի օտարման նախաձեռնության մասին տեղեկացել է «Ակօսի» թղթակցից, առանց որևէ տատանման ասել է․ « Չեմ թողնի անեն այդ ամոթալի գործը»։ Կեցցե՛, ի՜նչ լավ է։ Առաջին էջում ենք տեղադրել։ Հասանք հունիս ամսին, ամառը եկավ։ Անցնենք հակառակ կողմ, թերի չմնա։ Հերթը Քարթալի եկեղեցուն էր․․․Մի օտարման գործ էլ Բարօրություն կուսակցության կողմից։ Երբ թեման հայկական գույքն է, կուսակցություն-մուսակցություն՝ մեկ է լինում։ Այս անգամ անհրաժեշտությունը ճանապարհի ընդլայնումն էր․․․ Եկեղեցու ծխի՝ սուղ եկամուտներ ունեցող ժողովուրդի թիվն արդեն իսկ շատ էր պակասել։ Եկեղեցու բակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էին, երեք խանութ էլ էր քանդվելու։ Պատմութան մեջ մի քանի անգամ օտարման պատճառով իր լայն տարածքները, գույքը կորցրած փոքրիկ եկեղեցին խեղդվում էր․․․
Երկխոսություն և դիվանագիտություն, երկու քայլ առաջ, հինգ քայլ հետ
«Ակօս»-ը ամեն տեսակ երկխոսությունների համար բաց էր, ուրախությամբ մեկը մյուսի հետևից գրեթե ավետում էր այդ մասին։ Մտածում էինք, որ եթե էջում ավելի շատ տեղ տանք, ապա ազդեցությունը և արդյունքները ավելին կլինեն։
Երրորդ համարի առաջին էջին երկու գեղեցիկ լուրեր ենք իրար հետևից դրել։ Առաջինը՝ միջխորհրդարանային միության ժողովն էր։ Ստամբուլում 133 երկրներից 700-ից ավել պատգամավոր և դիվանագետներ էին հավաքվել։ Նրանց օրակարգում «Ինչպե՞ս պետք է պաշտպանվեն ձկներն ու ազգային փոքրամասնությունները» հարցն էր։ Երկրի նախագահ Դեմիրելը Չըրաղանում տեղի ունեցած հավաքի ժամանակ իր ելույթում ասել է․ «Այսօրվա աշխարհում մոլեռանդության համար տեղ չկա»,- և մշակույթների գործընկերության մասին երկար ելույթը այսպես է ավարտել․ «․․․ Երեխաներին և երիտասարդներին պետք է ձգտենք մեծացնել հանդուրժողական մշակույթի ներքո»։ Ժողովին մասնակցել է նաև Հայաստանը՝ 6 հոգանոց պատվիրակությամբ։ ԹԱՄԺ-ի ղեկավարի հետ առանձնազրույց են ունեցել։ Մեր լուրի տողերի միջից ուրախությունն է ճառագում։ Երկրորդ լուրով կովկասյան խաղաղության հետ կապված զարգացումներն ենք հաղորդում։ Սա իսկական ակօսյան վերնագիր է․ «Քայլ առ քայլ դեպի լուծում»․․․ Հույսով լի, լավատեսական։ Հաճելի ամիս էր՝ մայիս։ Հայաստանից մի բարձրաստիճան պաշտոնյա Անկարայում մի շարք քաղաքական գործիչների և բյուրոկրատական ներկայացուցիչների հետ կապ էր հաստատել, այդ թվում՝ վարչապետ Մեսութ Յըլմազի։ Նախագահ Դեմիրելին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ էր ուղարկել։
Դարձյալ մայիս, երկորդ համարը․․․ Առաջին էջի խորագիրը՝ «Հարևաններին հանդիպեցրեց Եվրոպան»։ Հեյդար Ալիևը և Լևոն Տեր-Պետրոսյանը Լյուքսեմբուրգում հանդիպել և զրուցել են։ Ղարաբաղյան հարցի լուծմանը հասնելու համար համաձայնագիրը թարմացնում են խաղաղ ճանապարհներով օգուտներ քաղելու համար։ Հաջորդ օրը Ստրասբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները Եվորպական
Միության հետ Գործընկերության և համագործակցության պայմանագիրն են ստորագրել։
«Աստծուց եղբայրություն եմ խնդրում»
Դեռևս մայիս, 1966 թ․․․․ Դիվանագիտական գարունը շարունակվում է։ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը հյուրընկալվել էր Ստամբուլում։ Պոլսո հայոց պատրիարքության հիմնադրման 535-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում էր եկել։ Ուղիղ 35 տարի հետո առաջին անգամ այսքան կարևոր հյուր ունեինք Սամբուլում։ Մոտիկից հետում էինք։ Կաթողիկոսն ասաց․ «Աստծուց եղբայրություն եմ խնդրում» և տեղեկացրեց, որ Թուրքիայի և Հայաստանի ժղովուրդների միջև եղբայրության հաստատման գործում իր ներդրումն է ունենալու։ «Ակօսի» միջոցով հասարակությանն ուղղված հաղորդագրությունը շատ հստակ էր․ «Միասին ենք ապրել, միասին ենք ապրելու»։
Անդրադառնանք նրան, որ միշտ էլ կան մարդիկ, որոնք միասին ապրել չեն ցանկանում, եղբայրություն չեն սիրում։ Այն գիշեր, երբ կաթողիկոսն ասել էր այդ խոսքերը, Յենիքափը եկեղեցու պարտեզում եղած թուրքական դրոշը ցած էին նետել և վրան հաղորդագրություններ գրել, մի կողմ նետել։ Այդ դեպքի առնչությամբ դատախազություն հայց ներկայացվելուց ուղիղ երկու շաբաթ անց Թոփքափըի հայկական եկեղեցու ժամհարը հարձակման է ենթարկվել, կասկածյալը չի ձերբակալվել։ Վիզը կտրված վիճակում, արնաշաղախ ժամհարը տեղափոխվել է հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք։ Բարեբախտաբար, վիճակը լավանում էր։ Նա ասել է․ «Ցանկանում եմ վերադառնալ իմ գործին»։
Ընտրական ավտոբուսում հայերեն երգեր
Հայկական համայնքը շատ ուշադրություն չի դարձնում անվտանգության հարցերին։ Որ ուշադրություն դարձնի, ի՞նչ է անելու։ Մայիսը իրադարձություններով լի էր, թերթի օրակարգը՝ շատ ծանրաբեռնված․․․ համայնքը հիմա էլ ընտրական ալիքների մեջ էր։ Բաքըրքյոյում թափուր քաղաքապետի աթոռի համար ընտրություններ էին։ Ընտրական ցուցակների համակարգիչ մուտքի և գավառում 12 հազար հայ ընտրող լինելու պատճառով ընտրական ավտոբուսներում հայկական երգեր էին։ Քաղաքապետը, նախարարները և տարբեր քաղաքական գործիչներ այցը այցի հետևից էին կատարում համայնքի հիմնադրամներ։ Մայր հայրենիք կուսակցության թեկնածուն ասում էր․ «Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից»։ Դեմիրելի Նոր կուսակցության թեկնածուն ընտրողներին ասել է․ «Բաքըրքյոյի խճանկարը կպահպանենք»։ Բարեկեցություն կուսակցության թեկնածուն Քադիր Թոփբաշն էր։ Նա էլ խոստանում էր 100 հազար ծառ ու խմելու ջրի աղբյուրներ։
Այս հոսքից Թանսու Չիլլերն էլ հետ չի մնացել։ Նախորդ տարի «Քրդական բանվորական կուսակցության անդամները իրականում հայեր են» ասող Դեմիրելի նոր կուսակցության ղեկավար Չիլլերը նախարարների, պատգամավորների և քաղաքապետերի հետ միասին Բաքըրքյոյից ձայն ապահովելու համար այցելել է Սուրբ Փրկիչ հիվանդանոց, հավանաբար խոսել է եղբայրության և այլնի մասին։ Բոլորը միասին շատ ուրախ տեսք են ընդունել տեսախցիկի առաջ։
Դատապարտում ենք, միշտ դատապարտելու ենք
Հասանք հունիսին։ Ստամբուլն այս անգամ էլ Բնակավայրերի վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ խորհրդաժողովի թատերաբեմն էր։ Այդ խորհրդաժողովին հայ համայնքն էլ մասնակցել է տարբեր մշակութային միջոցառումներով, ինչը չէր նախատեսվել։ Միայն մի խնդիր կար։ Պաշտոնական ծրագրի մի մաս եղող, շատ բծախնդր «Լիրիկական պատմություն» վերնագրով գործում բեմի վրա ում փնտրեիք, կգտնեիք, միան հայերն ու քրդերը չկային։
Մի՞թե «Ակօս»-ը հանգի՞ստ կմնար։ Անմիջապես գրեցին՝ «Դատապարտում ենք»։ Պատասխանը լավ գիտենք, սակայն, մեկ է, հարցնում ենք՝ «Եթե Ստամբուլի բազմամշակութայնությունը արտացոլելու համար հրեաների, գնչուների, հույների և այլ էթնիկ խմբերի երաժշտությունները կան, մենք ինչու՞ չկանք»։ Դրանից հետո Պետական օպերայի և բալետի ղեկավարությանը մեկ առ մեկ հիշեցրել ենք ՝ կներեք, սակայն Թուրքիայում առաջին օպերայի համայնքը ձևավորած, առաջին թուրքական օպերան գրած Տիգրան Չուխաջյանը հայ է։ «Փոսում եմ, բալասան չեմ գտնում» ստեղծագործության նման բազմաթիվ անմահ ստեղծագործությունների հեղինակ Քանունի Թադեոսը հայ է, Անկախության քայլերթը համապատասխանեցրած, Դարյուլելհանի երգչախմբի և նվագախմբի ղեկավար Էդգար Մանասը հայ է։ Թուրքական փոփ երաժշտության մեջ իր կնիքը թողած հեղինակ և գործիքավորող Օննո Թունչը նույնպես հայ է։
25 տարի առաջ, 25 տարի հետո
Ինչպես տեսանք, իրականում շատ բան չի փոխվել։ Այդ ֆիլմի վերջաբանը իրոք չկա, սակայն այսօրվա իրավիճակը գուցե կարող ենք հստակ փոխանցել պատմությանը․․․ 25 տարի հետո կբացենք, կնայենք։
Էյուփի եկեղեցու տարածքը չեն կարողացել օտարել։ Հիմնադրամի հայցի հիման վրա վարչական դատարանը չեղարկել է այն։ Էյուփի քաղաքապետարանը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել այդ ամոթը շարունակելու համար, որոշումն ուղարկել է վերաքննիչ դատարան, այս անգամ էլ հաստատվել է վճռաբեկ դատարանում։ Այդ գործընթացից տարիներ են անցել, հիմա էլ քաղաքապետարանը հիմնադրամի օրինական վարձակալն է, գույքն օգտագործում է ինչպես ցանկանում է։ / Գեդիկփաշայի եկեղեցու վերաբերյալ դատավարության ժամանակ որևէ վճիռ չի կայացվել։ Երկար ժամանակ է՝ հիմնադրամներից ոչ մեկը թեկնածուների բնակության հասցեի խնդիրներով զբաղվել չի կարող, այդ հարցն արդեն կարևոր է դարձել, քանի որ ընտրելու իրավունքը լիովին խլել են նրանցից։ Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը նախ մի շարք ընտրական դիմումներին պատասխաններ չի տվել, ավելի ուշ «նորն են անելու» հիմնավորմամբ առկա ընտրակարգը չեղարկվել է։ Մոտ 10 տարի «նորը» չի արվել, այսօր-վաղն են ասում և խաբում։
/ Ֆերման Թորոսլարի՝ Բիթլիսի Մութքիում (Մոտկան գավառակ- Ակունք խմբ․) սկսված կյանքի պատմությունը Նյու Ջերսիում վաղուց ավարտվել է՝ հայրենիքի հանդեպ կարոտով։/ Քարթալի եկեղեցու այգին արդեն այսօր չկա։/ Վազգեն Առաջինի կողմից խաղաղությանը նվիրված բոլոր մոմերը մարել են, նա առանց խաղաղության մթնոլորտը շնչելու վախճանվեց։/ Քադիր Թոփբաշը Բաքըրքյոյում քաղաքապետ չկարողացավ ընտրվել, սակայն ավելի ուշ Ստամբուլի քաղաքապետ դարձավ։ Ստամբուլի ծառերը համագործակցությամբ դաժանորեն ոչնչացվեցին։/ Ղարաբաղում առկա լարվածությունը երբեք չի թոթափվել, ի վերջո սարսափելի պատերազմով երկու կողմից էլ հազարավոր երիտասարդների գերեզմանոցը դարձավ այն։
Եվ․․․ Հարության ոգին դեռ կենդանի է։ Այս տարի Հիսուս Քրիստոսի Հարությունը 2021 թ․ անգամ ենք նշում՝ «Ակօսի» 25-րդ տարեդարձի հետ միասին․․․
http://www.agos.com.tr/tr/yazi/25525/25-yil-once-25-yil-sonra
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net