Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգշաբթի Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ լիբանանահայերի և տեղի անվտանգության ուժերի միջև տեղի է ունեցել բախում, այն բանից հետո, որբ Բաքուն Արցախի ժողովրդի նկատմամբ հերթական ցեղասպան գործողությունն իրականացրեց։
Լիբանանում տեղի դաշնակցական կառույցի կողմից կազմակերպված ցույցն անցկացվել է Բեյրութից հյուսիս-արևելք գտնվող Այն Աար լեռնային քաղաքում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները բախվել են տեղի ոստիկանական ուժերին, երբ ցուցարարները քարեր, փայտեր և հրավառ նյութեր են նետել դեսպանատան ուղղությամբ:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը, կարճատև բախումից հետո, արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Հաղորդվում է երկու կողմից մի շարք վիրավորների մասին։
ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին, ցույցի առնչությամբ տեղական «սփոտ շոթ» լրատվականի հետ զրույցում նկատել է․ «Մենք եկել ենք այստեղ՝ նրանց ասելու, որ դուք հանցագործ եք, ձեր թուրք եղբայրները հանցագործներ են, դուք էթնիկ զտումներ եք կատարում, հանցագործություն մարդկության դեմ, դուք էթնիկ զտման եք ենթարկում հայկական Արցախը։ Արցախը Լեռնային Ղարաբաղին տրված հայկական անունն է։ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղ դաշնակիցներ են։ Այսօր 120 հազար հայ ենթարկվել է սպանությունների, բռնաբարությունների, ոչնչացման, վտարման, իսկ աշխարհը լռում է»։
Բագրատունին քննադատել է նաև Լիբանանի իշխանություններին՝ Ադրբեջանի դեսպանատան պաշտպանության համար՝ պնդելով, որ այն երկակի ստանդարտներ է կիրառում՝ քրեականացնելով Իսրայելի հետ ցանկացած համագործակցություն, երբ Ադրբեջանի զինված ուժերը աջակցվում են Իսրայելի կողմից: Նա ասել է նաև, որ միջազգային հանրությունը, ներառյալ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, լռում էին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը արգելափակել են Լաչինի միջանցքը։