Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր չէ, որ Եվրոպայից փորձեր են արվում պարտադրել մեզ իրենց արժեհամակարգն ու ապրելաձևը։ Հիշենք թեկուզ դարեր շարունակ հայերին կաթոլիկացնելու հետևողական ջանքերը։ Բայց այն ժամանակ էլ մենք բավականին արդյունավետ դիմադրություն ենք ցույց տվել։ Վերհիշեմ մի ուշագրավ պատմություն։
1680 թ. Բասրայում (մերօրյա Իրաքի հարավում) Հռոմից ուղարկված կարմելիտական միաբանության քարոզիչները մեծ ջանքեր են գործադրում տեղի մեկուսի հայկական համայնքը կաթոլիկացնելու ուղղությամբ և որոշակի հաջողության հասնում։ Սակայն 1680 թ. հուլիսին Բասրա է ժամանում Առաքել անունով մի հայ քահանա, որն ամբողջությամբ խափանում է նրանց ծրագրերը։ Հռոմ առաքված հերթական զեկուցագրերից մեկում կարմելիտներն այս մասին գրում են.
«Նա երբեք չէր ընդունում կաթոլիկ հավատի ճշմարտացիությունը, իսկ երբ չէր կարողանում առարկել [մեր բերած] փաստարկներին, ընդհատում էր [բանավեճն]՝ ասելով, թե ինքը չի ցանկանում լքել իր նախապապերի տեսակետները ու, եթե այդ տեսակետների պատճառով իր նախապապերը գնացել են դժոխք, ապա ինքն էլ է ցանկանում նրանց հետ միասին դժոխք գնալ»։
[Nor would he ever acknowledge the truth of the Catholic Faith and, when he could not answer arguments, he ended by saying that he was unwilling to desert the opinions held by his forefathers, and that, if on account of such opinions his forefathers went to hell, he also wanted to go to hell with them.]
Այսպիսով՝ գրում են կարմելիտները, շատ հայեր, որ ընկել էին իրենց ազդեցության տակ՝ այդ քահանայի աշխատանքի արդյունքում «զատվեցին» ու վերադարձան Հայ եկեղեցու հովանու ներքո։
Եվրոպական կրթություն ստացած կարմելիտներն Առաքել քահանային համարում էին մի անուս շարքային հոգևորական։ Սակայն տեր Առաքելի պատասխանը կարմելիտներին վկայում է, որ նա ծանոթ էր հայ հայրենասեր աստվածաբանների մտքին։ Բանն այն է, որ նա, փաստորեն, բառացիորեն կրկնել է տակավին 13-րդ դարում Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի դաջած հատու գաղափարական բանաձևումը.
«Եվ ինչու՞ պետք է երկարացնեմ բանավեճը. [եթե անգամ սխալվում ենք,] համաձայն ենք մենք մեր հայրերի հետ միասին դժոխք իջնել, բայց ոչ կաթոլիկների հետ միասին երկինք բարձրանալ»։
(Բնագրում այսպես է՝ «Եւ ընդէ՞ր է երկայնել մեզ զբանս. հաւան եմք մեք ընդ մեր հարսն ի դժոխս իջանել, եւ ոչ ընդ Հոռոմոց յերկինս ելանել»)։
Այս, փաստացիորեն, աշխարհիկ, նույնիսկ ազգայնական կարգախոսի հեղինակը ոչ այլ ոք է, քան հայ բարձրագույն կղերի ներկայացուցիչը՝ Սյունյաց հռչակավոր առաջնորդը, ինչը փաստում է հայ հոգևորականության ազգային շահերին նվիրվածությունը և դրանք զուտ դավանաբանական խնդիրներից վեր դասելը։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Ստեփանոս Օրբելյանի կարգախոսը, դարերի փորձությանը դիմանալով, անցել-հասել էր մինչև 17-րդ դարի վերջ՝ ինքնին նպաստելով հայերի ինքնագիտակցությունը զգոն և արթուն պահելուն։
Այսօր, երբ մեզանում պետական ու ոչ-պետական մակարդակներում տեղի-անտեղի ընդգծվում է «եվրոպական արժեքներին» հասնելու ձգտումը, իսկ ազգային արժեքները հաճախ թերագնահատվում են, ժամանակն է մասնագիտորեն վերաքննել ու վերահաստատել հայոց լեզվի, մշակույթի և հավատի անանց դերն ու նշանակությունը հայկական ինքնության պահպանման և ամրապնդման գործում։
Այս դրվագին ավելի մանրամասն անդրադարձել եմ «Կարմելիտների ժամանակագրությունը» որպես Հայոց պատմության աղբյուր (17-18-րդ դարեր)» զեկուցում-հոդվածիս մեջ, որն ընթերցվել է 2008 թ. հոկտեմբերի 9-ին Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 90-ամյա տարելիցին նվիրված Միջազգային գիտական նստաշրջանին»,-գրել է նա: