կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 17:47
Քաղաքական

Ծերատան 81 խնամյալ պահանջում է նոր տնօրենի հրաժարականը, 14 աշխատակից հեռացման դիմում է գրել․ տնօրենը չի հանձնվում՝ երկու ոտքով մի մաշիկի մեջ է

«Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում կրքերը չեն հանդարտվում։ Ծերատան 81 բնակիչ, մեկ մարդու նման, անուն-ազգանունները գրել-ստորագրել են՝ նորանշանակ տնօրենի հրաժարականն են պահանջում։ Ծերատան նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի աշխատանքային վերջին օրվան զուգահեռ՝ խնամյալները բողոքի ակցիա՝ հացադուլ են սկսել։ Զուրաբյանի հեռանալու մտքի հետ ոչ մի կերպ չեն համակերպվում։ Պնդում են՝ անսահման հոգատար տնօրեն է եղել, հարազատ ծնողի պես է վերաբերվել։

Yerkir.am-ի թղթակցին կանչել էին նկարահանելու՝ հացին ձեռք չեն տվել։ Մինչ մեր նկարահանող խումբը կհասներ ծերատուն, խնամյալներն արդեն բակում էին, նախկին տնօրենին էին սպասում։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց՝ եկել է՝ հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելու։ Հետաքրքրվեցինք՝ իր գնալուց հետո քանի՞ աշխատակից է աշխատանքից ազատման դիմում գրել։ «Շատերն են ցանկացել հեռանալ։ Բուժանձնակազմին, ճաշարանի աշխատակիցներին խնդրել եմ՝ չգնալ, իրենց գործը խնամյալների հետ է, ոչ թե՝ տնօրինության։ Խնամյալների կյանքին վտանգ չպետք է սպառնա։ Վարչական մասի աշխատակիցները դուրս գալու դիմումները գրել են»,- ասաց նախկին տնօրենը։

Տեղում զրուցեցինք նաեւ դիմում գրած աշխատակիցների հետ՝ փոխտնօրենների, կադրերի տեսուչի։ Տեղեկացանք, որ 14 հոգի ազատման դիմում է գրել։

Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացակարգով է իրազեկվել, որ մարտի 18-ին այլեւս չի աշխատելու։ «Ժամկետային պայմանագիրը երկարացնելու կամ չերկարացնելու մասին մեկ ամիս առաջ տեղեկացնում են, որ հնարավոր է պայմանագիրը խզվի։ Այս անգամ էլ է նույն ձեւաչափով ծանուցում եկել, որ հնարավոր է՝ պայմանագիրը խզվի։ Սակայն մարտի 18-ին իմացա, որ վերջ, աշխատանքից ազատված եմ»,- պատմեց տուն-ինտերնատի նախկին տնօրենը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան