Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես իմացել եմ, որ նոր տնօրենը եկել է, իջել եմ ճաշարան․ ճաշարանում ի՞նչ ունի նա անելու առավոտյան ժամը 7-ին, եկել է, որ մեզ համոզի՞, չի՛ կարա համոզի»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալ մի կին՝ մատնացույց անելով տնօրենի նոր պաշտոնակատար Մակարյանին, որին իրենք դեմ են։
Բազմաթիվ ծերեր հացադուլ են սկսել, շատերն այսօրվանից հրաժարվել են դեղորայք ընդունել՝ փաստեց ծերատան բժշկուհին։ Նրանք բողոքում են իրենց հաստատությունում նոր տնօրեն նշանակելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշման դեմ։
Խնամյալները մտահոգիչ լուրեր են լսել, որ Կառավարությունը գաղտնի շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման խայտառակ մի նախագիծ, որով «Երեվանի թիվ 1 տուն-ինտերնատը» և «Նորքի տուն-ինտերնատը» միացվում են իրար։ Նրանք լսել են, որ Նորքում գտնվող շենքը վաճառվելու է, իսկ այնտեղի ծերերը տեղափոխվելու են իրենց հաստատություն, որն առանց այդ էլ գերբեռնված է։
Ծերերը պահանջում են չեղարկել բոլոր այս մտադրությունները, վերադարձնել իրենց հին տնօրեն Վահան Զուրաբյանին և չմիավորել ծերատները։ 16-20 աշխատակից հեռացել է նախորդ տնօրենի հետ, նրանք ևս այս կերպ բոյկոտել են փոփոխությունները։
Ի՞նչ էր անում նոր տնօրենի պաշտոնակատարը առավոտյան ժամը 7-ին, բացատրեց՝ եկել էր, որ տեսնի՝ ի՞նչ են կերել խնամյալները երեկ, որպեսզի այսօրվանից ավելի լավն ուտեն։
Այնինչ խնամյալները ուտել ընդհանրապես հրաժարվում են։
«Հացադուլ հայտարարած խնամյալներ ունենք, որոնք պահանջում են պրն․ Զուրաբյանի վերադարձը՝ հաշվի առնելով նախկին բոլոր դրական փոփոխությունները։ Ես դա լավ հասկանում եմ, որովհետև ես ինքս պահանջում եմ։ Առաջնահերթը խնամյալների պահանջն է, որովհետև սա իրենց կացարանն է։ Դեղորայքի պահով այսօրվանից ընթացքի մեջ կլինի, գրեթե բոլորը՝ մոտ 200 խնամյալ ունենք, բոլորն առողջական խնդիր ունեն և հրաժարվում են դեղորայքից»,-ասաց բժշկուհին։
Նա հաստատեց, որ ուրբաթ նախարարությունից եկել են, նոր են իրենք իմացել, որ նոր տնօրեն են ունենալու․ նախարարարությունը, փաստացի, կամայական որոշում է կայացրել և պարտադրել։
Զավեշտն այն է, որ նոր տնօրենի պաշտոնակատարը վստահեցնում է, որ ինքն էլ է նշանակվելուց անմիջապես առաջ իմացել այդ մասին։ Իսկ ծերերի բունտ-պահանջը բացատրում է սեփական տատիկի օրինակով։
«Ես տատիկ ունեի՝ Բաքվի բուլվար էր ուզում․ գնում էր և՛ լրատվամիջոցներ, և՛ ՆԳՆ, ասում էր՝ ինձ տարեք։ Հիմա ի՞նչ․․․»,-լրագրողների հետ զրույցում բունտն այսպես մեկնաբանեց նոր տնօրենի պաշտոնակատար Մակարյանը։
Նա նշեց, որ մինչև այդ պաշտոնին նշանակվելը աշխատել է Կոնվերս բանկում, բայց դրանից առաջ ամբողջ իր աշխատանքային ուղին անցել է պետական ոլորտներում։
«Առաջարկ չեմ ստացել, ես եմ դիմել նախարարություն, ասել՝ ես աշխատել եմ համակարգում, այս պահին չեմ աշխատում, եթե իմ կարիքը լինի՝ ասեք։ Ժամկետային կարգով նշանակվել եմ մինչև մրցույթի անցկացումը»,-ասաց նա։
Ի՞նչն էր խանգարում, որ մինչև մրցույթը շարունակեր պաշտոնավարել հին տնօրենը, նա չի մեկնաբանում։ Ասում է՝ ինքը նախկին իշխանությունների օրոք էլ է աշխատել, անկուսակցական է, պատասխանատվություն է կրում ծերերի բարեկեցիկ ապագայի համար։
Ծերերի բունտից, ասում է, անհանգստանալու որևէ խնդիր չունի, որովհետև, իր կարծիքով, պետությունը իր քաղաքականության արդյունքում միշտ փորձել է բարելավել ոլորտը։
Այնինչ պրն․ Մակարյանը նույնիսկ տարրական պատկերացում չուներ, թե քանի՞ խնամյալ կա այդ պահին տվյալ ծերատանը, քանի՞ սենյակ կա, չգիտեր, թե ըստ չափորոշիչների քանի՞ քառակուսի մետր է հասնում մեկ խնամյալին, և ի՞նչ է լինելու միավորման պարագայում։ Ասաց, որ նոր է ուսումնասիրելու։
Լրագրողներին ներս չթողեցին, նախընտրեցին անձրևի տակ զրուցել՝ վտանգելով նաև բունտ անող ծերերի առողջությունը։ Տնօրենի պաշտոնակատարը սա պատճառաբանեց կորոնավիրուսի վտանգով, բայց անգամ ինքը, ծերանոց գալով, տեղի բուժկետ կորանվիրուսի թեսթի բացասական պատասխան ցույց չի տվել, և ներսում շրջել է առանց դիմակի։
Ավելի ուշ ծերատուն եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Նա հերքեց, որ ծերատները միավորվում են, ասաց, որ ՊՈԱԿ-ների իրավակազմակերպական ձևն է փոխվում, և ոչ ոք չի պատրաստվում Նորքի շենքից ծերերին տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։
«Նախագիծը շրջանառվել է, քանի որ գնում ենք համայնքահեն կազմակերպությունների ներդրման, ստեղծելու ենք հավելյալ, հերթերում սպասող տատիկ-պապիկների համար մոդել»,-ասաց փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը՝ հարուցելով լրագրողների տարակուսանքը, թե ինչպե՞ս են դա անելու, եթե Սոցապը ընդամենը 3 տուն է գնել դեռ։
Փոխնախարարը պարզաբանեց, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է, դրա համար է նշանակվել նոր տնօրենի պաշտոնակատար։ Այնինչ, նախկին տնօրենն ասել էր, որ մեկ տարվա փոխարեն իր հետ այս անգամ միտումնավոր 3 ամսով են կնքել պայմանագիրը, որպեսզի ազատվեն իրենից և նշանակեն իրենց հավատարիմ մեկին։ Ի՞նչ չափորոշիչներով է ընտրվել նոր պաշտոնակատարը, փոխնախարար Ստեփանյանը լղոզված պատասխան տվեց՝ ասելով, որ գրավոր կպատասխանեն։
Մնացած հարցերին, ասաց, կանդրադառնան հետո։
Փոխնարարը վստահեցրեց, որ հացադուլ չկա, այնինչ բուժկետի պատասխանատուն 17 հոգու անուն էր նշել։
Ծերերից մեկը այս իրավիճակը պատկերավոր այսպես ներկայացրեց․ «Կկուն շաբաթը մեկ բունը փոխում է․ ագռավն ասում է՝ բունդ խի՞ ես փոխում, ասում է՝ հոտ է գալիս, ասում է՝ հոտը բնից չի գալիս, քեզնի՛ց է գալիս, քեզնից․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում․