Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորքի տուն-ինտերնատի անձնակազմից որոշ աշխատակիցներ այսօր տեղափոխվել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ՝ Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրին ծերատան խնամյալները։
Նրանք մտահոգված են, որ անձնակազմը քիչ-քիչ տեղափոխվում է, քանի որ կա մտադրություն միավորելու երկու տուն-ինտերնատները և Նորքի ծերատան շենքը վերցնելու իրենց ձեռքից։
Առայժմ որևէ խնամյալ Նորքի տուն-ինտերնատից չի տեղափոխվել Երևանի ծերատուն, միայն փոխվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը, ինչն էլ հարուցել է խնամյալների բողոքը։
Նախկին տնօրենի վերականգնման պահանջով երկօրյա հացադուլը երեկ ծերատան խնամյալները դադարեցրել էին նախկին տնօրենի հորդորով, բայց այսօր նորից վերսկսել են, քանի որ տուն-ինտերնատների միավորման գործընթաց են նկատում։
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Կոլյա Մակարյանը Yerkir.am-ի նկարահանող խմբին թույլ չտվեց մտնել ներս և արձանագրել գործընթացը։ Միայն հեռախոսով հաստատեց, որ Նորքի ծերանոցից 14 աշխատակից ազատվել է աշխատանքից, իսկ նրանց փոխարինողները տեղափոխվել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ՝ իրեն աջակցելու։
«Նորքի տուն-ինտերնատի աշխատակազմն այստեղ չի տեղափոխվել, որոշ մարդկանց խնդրել եմ, որ գան, ինձ աջակցեն, որ որևէ տարեց որևէ խնդիր չունենա։ Իմ սեղանին ազատման հրաման չկա, այդ աշխատակիցներն ազատվել են նախկին տնօրենի կողմից»,-ասաց Կոլյա Մակարյանը։
Նա նաև փաստաթուղթ է գրել, ստորագրել և հանձնել խնամյալներին, որով վստահեցնում է, որ Նորքից որևէ խնամյալ չի տեղափոխվելու Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։
Լրագրողների ձեռքի տակ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շրջանառության մեջ դրած փաստաթուղթը՝ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ և Նորքի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպելու և Երևան քաղաքի ընդհանուր տիպի շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ ստեղծելու մասին Կառավարության որոշման նախագիծը։ Այդ փաստաթղթով նախարարը խնդրում է ներկայացնել առաջարկություններ այս հարցի վերաբերյալ։
Ծերատների 81 խնամյալ գրել, ստորագրել են, որ դեմ են միավորմանը, ինչպես նաև պահանջում են նախկին տնօրենի վերադարձը, որի պաշտոնավարման ժամանակ իրենց իրավունքները պաշտպանված էին։
Մանրամասն՝ տեսանյութում․