կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 10:24
Սփյուռք

Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան

Մեր ԱԼԻՔ-ը դարձաւ 90 տարեկան
Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (https://alikonline.ir/) խմբագիր, հասարակական - քաղաքական գործիչ Արամ Շահնազարյանն ազդարարում է «Ալիքի» հոբելյանական համարի լույս ընծայումը՝ նշելով, որ 90 տարի առաջ այս օրը լույս տեսավ  «Ալիք»- ի առաջին թիվը.
 
«22 մարտի 1931 թւական. լոյս աշխարհ եկաւ ԱԼՒՔ-ի առաջին համարը։
 
Հայ մամուլի ընտանիքի բոլոր զաւակների պէս, ԱԼԻՔը եւս անսահման սիրոյ եւ նւիրումի ծնունդ էր, որին յաջողւեց հասակ առնել, անցնել անասելի դժւար ճանապարհով, յաղթահարել բազում փորձութիւններ, պահպանել իր գոյութիւնը, եւ, ամենակարեւորը՝ իր բարոյական-գաղափարական ուղենիշը։
 
ԱԼԻՔը միայն լրատւամիջոց չէ։ ԱԼԻՔը տուն է, ակումբ է, գաղափարական ամրոց, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ մտքի դարբնոց, ուր սերունդներ են կրթւել ու դաստիարակւել, եւ դեռ շատերը պէտք է գան՝ կրթւելու եւ դաստիարակւելու։ Այնպէս, ինչպէս ես, իմ սերնդակիցները, մեր նախորդներն ու ԱԼԻՔի յարկի տակ, մեր աչքերի առջեւ հասակ նետող եւ հասունացող սերունդը։
 
Շնորհակալ ու երախտապարտ եմ ծնողներիս, որ աչք եմ բացել ու տանը, սեղանին տեսել եմ ԱԼԻՔ։
 
ԱԼԻՔն է եղել այն պատուհանը, որով ճանաչել եմ աշխարհը։ ԱԼԻՔն է եղել իմ աշխարհայեացքի, մտածողութեան, գաղափարական արժեհամակարգի ձեւաւորողն ու դարբնողը։
 
Շնորհակալ ու երախտապարտ եմ ճակատագրին, որ ինձ ԲԱԽՏ ու ՊԱՏԻՒ է վիճակել լինելու ԱԼՒՔի մեծ ընտանիքի անդամներից մէկը։
 
ԱԼԻՔԱԿԱՆ. դափնի, թագ ու պսակ, որը հպարտութեամբ կը կրեմ մինչ մահ-գերեզման։
 
Քեզ բարի երթ մեր ԱԼԻՔ, մեր հաստաբուն կաղնի, մեր տուն եւ օթեւան։ Մենք կանցնեք, կը գնանք, իսկ դու մնայ կանգուն եւ ապրիր յաւիտեան»։