կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 08:22
Առանց Կատեգորիա

Ճնշում ՄԻՊ-ի վրա. քա­ղա­քա­կան սխալ, որը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան հե­տև­անք­ներ ունե­նալ․ «Փաստ»

Ճնշում ՄԻՊ-ի վրա. քա­ղա­քա­կան սխալ, որը կա­րող է ճա­կա­տագ­րա­կան հե­տև­անք­ներ ունե­նալ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Euro-ombudsman.org-ը «Հայաստանում որոշել են տնտեսել օմբուդսմենի հաշվին» վերնագրով հոդվածում գրում է, որ 2019 թվականի նոյեմբերին Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ կայացած խորհրդաժողովում Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ասել է հետևյալը. «Մենք վստահ ենք և հույս ունենք, որ ՄԻՊ-ի գործունեության համար 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր պայմաններ և նոր միջավայր»:

Ներկայումս, հասարակական կարծիքի հարցման համաձայն, Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը շարունակում է մնալ այն սակավաթիվ պետական ինստիտուտներից մեկը, որին վստահում են քաղաքացիները: Չնայած դրան, հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկով Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է այս տարվանից սկսած ֆինանսավորել նրա աշխատանքը մնացորդային սկզբունքով: Կարելի է կարծել, որ պատճառը ֆինանսական և տնտեսական դժվարություններն են, որին երկրի բյուջեն բախվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, և դա օբյեկտիվ գործոն է:

Բայց խնդիրն այն է, որ այդ գաղափարը նոր չէ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ ֆինանսական գերատեսչությունը կառավարությանն էր դիմել դեռ պատերազմից առաջ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի սեպտեմբերին: Բայց հետո այն հետաձգվել էր: Թվում է, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեծ աշխատանքը, որը իրականացվել է պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից խաղաղ բնակիչների և ռազմագերիների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարից հետո հայադրբեջանական սահմանը որոշելիս սահմանային բնակավայրերում բնակվող քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կփոխի ֆինանսների նախարարության պաշտոնյաների կարծիքը և կհամոզի կառավարությանը, որ օմբուդսմենի գրասենյակին տրվող փողն ավելորդ չէ:

Դժվար է չնկատել այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է ՄԻՊ-ի կողմից միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բոլոր վերը նշված խնդիրների շուրջ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում օմբուդսմենի գրասենյակի հիմնական աշխատանքը չի նվազել ո՛չ անցած տարիների, ո՛չ էլ անցած ամիսների ընթացքում: Ընդհակառակը, համաճարակն ու պատերազմը մարդու իրավունքների նոր խախտումներ են առաջացրել: Եվ ակնհայտորեն առաջիկա տարիներին դրանց թիվը չի նվազի: Հայաստանի օմբուդսմենը կարծում է, որ առաջարկվող օրինագիծը զգալիորեն մեծացնում է իր գրասենյակի ֆինանսական կախվածությունը գործադիր իշխանությունից, և դա հակասում է ընդունված «Փարիզյան սկզբունքներին»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին շնորհել է բարձրագույն «Ա» կարգավիճակ:

Դա հնարավորություն է տվել պաշտպանի ինստիտուտին վստահել մարդու իրավունքների պաշտպանության լրացուցիչ անկախ լիազորություններ: Բացի դա, այդ բարձր կարգավիճակի շնորհիվ հանրապետության ներկայիս օմբուդսմենը կարող է փորձագետ լինել մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կոմիտեում: Դա օգնում է Հայաստանի օմբուդսմենին պաշտպանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակիչների իրավունքները միջազգային հարթակներում: Նման պաշտպանության կարևորությունը առանձնահատուկ նշանակություն էր ստացել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում և կարևոր է ներկայումս, երբ սահմանային վեճերի և սահմանազատման արդյունքում վտանգվել են հայկական մի շարք բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու ազատությունները:

Այդ ֆոնին ծիծաղելի է թվում Հայաստանի ֆինանսների նախարարության գործողությունը, որը հանդես է գալիս «Քաղաքացիների իրավունքների պաշտպանի մասին» օրենքից այն նորմը հանելու օրենսդրական նախաձեռնությամբ, որը ապահովում է ՄԻՊ-ի ֆինանսական կայունությունն ու գործադիր իշխանությունից անկախությունը: Դա կարող է հանգեցնել այն փաստին, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը չեղյալ հայտարարի Հայաստանի ՄԻՊ-ի բարձրագույն «Ա» կարգավիճակը: Եվ դա ոչ թե ձևականություն է, այլ ՄԻՊ-ի մեխանիզմների իրական սահմանափակում: Դա հատկապես կարևոր է օմբուդսմենի ինքնապաշտպանության համար, որը պարբերաբար ենթարկվում է տարբեր տեղեկատվական գրոհների հարևան Ադրբեջանից հայ բնակչության իրավունքների և ազատությունների պաշտպանության պատճառով: Թերևս Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի ֆինանսավորման սահմանափակումները բխում են երկրում առկա տնտեսության ներկա վիճակից: Բայց քաղաքական տեսակետից դա ակնհայտ սխալ է, որը կունենա ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ միջազգային ինստիտուտների կողմից տրվող՝ երկրում մարդու իրավունքների վարկանիշի համար:

Ի վերջո, «Փարիզյան սկզբունքներն» են հիմք հանդիսանում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետության գնահատման համար: Իզուր չէ, որ դրանք պարունակում են կետ այդ հաստատությունների ֆինանսական անկախության վերաբերյալ: Դա հետտոտալիտար երկրներում ժողովրդավարություն ստեղծելու երկար տարիների պայքարի արդյունք է: Հասկանալի է, որ արդյունավետ կարող է գործել միայն այն ՄԻՊ-ը, որն ընտրվել է խորհրդարանի կողմից և ունի այնպիսի բյուջե, որը հնարավոր չէ փոփոխել պաշտոնատար անձանց ցանկությամբ:

Եվ այսօր, որքան էլ Հայաստանի իշխանությունները բարձրաձայն հայտարարեն, որ իրենք կողմ են մարդու իրավունքները պահպանելուն և հարգելուն ու այդ նպատակներին ծառայող ինստիտուտների զարգացմանը, բայց ընտրողական ֆինանսավորման նման մեխանիզմի առկայությունը ժխտում է այդ ամեն ինչը: Այդ թվում՝ միջազգային հանրության աչքում: Արդյո՞ք ժողովրդավարական Հայաստանին անհրաժեշտ է նման հեռանկար: Երևի՝ ոչ: Ինչպես իր ասուլիսում նշել է Արման Թաթոյանը, ՄԻՊ-ի ֆինանսավորման նվազումը հնարավոր է, եթե նույնը լինի մյուս բոլոր պետական կառույցներում՝ կապված երկրում առկա ֆինանսատնտեսական դժվարությունների հետ: Իսկ նման ընտրովի մոտեցումը, որն առկա է ներկայումս, կարելի է համարել ճնշում ՄԻՊ-ի վրա» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում