Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս տարբեր առիթներով ելույթ ունեցող որոշ պաշտոնատար անձինք, անդրադառնալով բնիկ հայկական Նախիջևանի մարզի՝ Հայատանից անջատելու և Ադրբեջանին ենթարկելու պատմությանը և նշելով այդ հարցում քեմալական Թուրքիայի դերը, տալիս են նաև պատմականորեն միանգամայն անհիմն մի տեղեկություն, ըստ որի, իբր 1931թ. Թուրքիայի և Իրանի միջև տեղի ունեցած տարածքային փոխանակությունը կատարված էր այն նպատակով, որպեսզի Թուրքիան սահմանակից դառնա Նախիջևանի հանրապետությանը:
Զարմանալի է հատկապես, որ մեր պատամաբաններից ոմանք ևս առանց ծանոթանալու այդ հարցին վերաբերվող պատմական փաստաթղթերին, իրենց աշխատություններում նույն ձևով են մեկնաբանում այդ իրողությունը: Նման թյուրիմացությունները հետևանք են այն բանի, որ թեև վերջին տարիներին գիտական պարբերականներում և ընթացիկ մամուլում լույս տեսած հոդվածներում բավական մանրամասն պարզաբանված են 1918-1920 թթ. պատմության հարցերը, սակայն հայ-թուրքական պետական սահմանում տեղի ունեցած փոփոխությունների լուսաբանման հարցում որոշ ճշգրտումների կարիք է զգացվում:
Այսպես, հայտնի է, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հաշտության պայմանագրով հայ-թուրքական սահմանը պետք է անցներ Ախուրյանի (Արփաչայ) հունով մինչև նրա խառնվելը Արաքսին, որտեղից արդեն Արաքս էր դառնում սահմանը մինչև այն կետը, որը հասնում էր Իրանի սահմանին: Իսկ Իրանի սահմանը սկսում էր այն կետից, որտեղ ներքին Ղարասու գետակը թափվում էր Արաքսը: Այդպես էր եղել Ռուս-իրանական սահմանը ըստ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի. Արաքսը հանդիսանում էր սահմանագիծ Ռուսաստանի և Իրանի միջև սկսած այն կետից, որ Սուրմալուից հոսող ներքին Ղարասու գետակը թափվում էր նրա մեջ և շարունակաելով այդպես Արաքսի հունով հասնում էր մինչև Մուղանի դաշտը: Այսպիսով, ուրեմն Ալեքսանդրապոլի պայմանագրով Սուրմալուի հետ Թուրքիային էր անցնում նաև Ղարասուի և Արաքսի արանքում գտնվող հողաշերտը:
Ալեքսանդրապոլի պայմանագրին կցված էր նաև Նախիջևանի վերաբերյալ հատուկ արձանագրություն, որտեղ հաստատված էին այդ հանրապետության սահմաննները և նշված որ այն ենթարկվում է Ադրբեջանին և չի կարող տրվել հարևան պետության: Թուրքիայի պահանջով Հայաստանը պետք է հրաժարվեր Շարուրի շրջանից, այն զիջելով Նախիջևանի հանրապետությանը, իսկ դա նշանակում էր, որ այս ուղղությունը Հայաստանը զրկվում էր Իրանի հետ ուղղակի հաղորդակցվելու հնարավորությունից, որը մինչ այդ կատարվում էր Շահթախթիի կամուրջով, որտեղից 1915-1916 թթ. Ռուսական բանակի կովկասյան հրամանատարությունը նեղգիծ երկաթուղի էր անցկացրել մինչև Մակու և դեպի թուրքական սահմանում գտնվող Ղարաքիլիսե ավանը: Այսպիսով, Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը Շահթախթիից ետ էր բերվում մինչև Արազդայան (ներկայիս՝ Երասխավան) գյուղը, որը սահմանակից էր Ղարասու-Արաքս արանքում գտնվող այն հողաշերտին, որ նուն պայմանագրով, Սուրմալուի հետ անցնում էր Թուրքիային: Հիշենք նաև, որ Սումալույի գավառը երբեք Թուրքիայի տիրապետության տակ չի եղել, այն լինելով Երևանի խանության կամ Չուխուր-Սա’դի վիլայեթի մահալներից մեկը, պատկանում էր Իրանին և Ռուս-իրանական 1826-1828 թթ. պատերազմից հետո, Թուրքմենչայի հաշտւթյան պայմանագրով անցավ Ռուսաստանին:
Ալեքսանդրապոլի բանակցություններում հաղթող կողմը՝ Թուրքիան, ներկայանում էր որպես Ռուս-թուրքական պատերազմի ավարտին, 1878թ. Սան-Ստեփանոյի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված իր տարածքների «ազատագման» համար կռվող կողմ, տարածքներ, որ Բրեստ-Լիտովսկի 1918 թ. պայմանագրով պիտի վերդարձվեին Թուրքիային: Այդ տարածքները Կարսը, Արդահանն ու Բաթումն էին, որոնից առաջին երկուսը 1918 թվականից գտնվում էին Հայաստանի, իսկ վերջինը՝ Վրաստանի գերիշխանության ներքո, որի դեմ Թուրքիան պատրազմի մեջ չէր: Սակայն, 1920 թ. հոկտեմբերին Կարսի գրավումից հետո թուրքերը առաջ անցնելով հասել էին Իգդիր ու գրավել նաև Սուրմալուի գավառը: Ուստի Ալեքսանդրապոլում Թուրքիան պահանջում էր, որպեսզի Հայաստանի հետ վերականգնվի այն սահմանը, որ գծված էր 1918 թ. հունիսի 4-ին Օսմանյան պետության և Հայաստանի հանրապետության միջև Բաթումում կնքված «Խաղաղության և բարեկամության» դաշնագրում: Այդ սահմանը, ինչպես վերը տեսանք, անցնում էր Ախուրյան և Արաքս գետերի հոսանքով և հասնում էր մինչև իրանական սահմանը:
Այսպիսով, ուրեմն Թուրքիան 1931 թ. Իրանի հետ կատարված սահմանագծային փոփոխությունից շուրջ 10 տարի առաջ, արդեն սահմանակից էր Նախիջևանի հետ, իսկ 1931 թ. տեղի ունեցածը պայմանավորված էր այդ թվականին նույն տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով: Սուրմալուի գրվումից հետո թուրք-իրանական սահմանը անցնում էր Մեծ և Փոքր Մասիսների արանքով, իսկ Քեմալական Թուրքիայի զորքերի դեմ կռվող քուրդ Ջելալի ապստամբների ռազմական հենակետը տեղադրված էր Իրանի սահմանում գտնվող Փոքր Մասիսի շրջանում: Այս հենակետը վերացնելու նպատակով Թուրքիան Իրանի հետ ունեցած սահմանի հարավային մասում գտնվող վիճելի տարածություններ զիջելով, փոխարենը, մերձակա որոշ հողաշերտերի հետ միասին, ստացավ նաև Փորք Մասիսը, որով և, միաժամանակ շոշափելի օգնություն ստանալով Խորհրդային Միությունից, կարողացավ հեշտությամբ հաշվեհարդար տեսնել քուրդ ապստամբների հետ:
Հակոբ Փափազյան
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Իրան նամէ», արևելագիտական հանդես, 1996, էջ 6: