Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բժիշկների հետ հանդիպում էր կազմակերպել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Հանրապետական գիտաբժշկական գրադարանում։
Հանդիպման գործնական հատվածում արցախցի բժիշկները կիսվել են իրենց խնդիրներով, մտահոգություններով ու հոգեվիճակով, պատմել անելիքների ու հեռանկարների մասին, իսկ երկրորդ հատվածում մտերմիկ զրույց են ունեցել գրող Նարինե Աբգարյանի հետ, որը պատմել է հայրենի Բերդ քաղաքի իր հիշողությունների, մոսկովյան արկածախնդրությունների, հաշվապահությունից գրականություն «փախչելու» ճակատագրական քայլի, ինչպես նաև արցախցի Ազնիվին և հազարավոր այլ ընտանիքներին օգնելու մասին:
ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը խոսել է Արցախի բժիշկների հետ շարունակական աշխատանքներ տանելու կարևորության, ՀՕՖ-ի նոր ծրագրերի և դրանցում արցախցի բժիշկներին ներգրավելու անհրաժեշտության մասին: «2011թ. ՀՕՖ-ի ու Ամերիկայի հայ բժիշկների միության հետ կուռ համագործակցության արդյունքում ստեղծվեց Արցախի բժիշկների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ Երևանում մեկամսյա անվարձահատույց վերապատրաստման հնարավորություն են ստացել ԼՂ բուժհաստատություններում աշխատող ավելի քան 200 բժշիկներ: 2018-ին մեկնարկեցինք Արցախի բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում ավելի քան 350 բուժքույր թարմացրել ու նորացրել է գիտելիքները: Ցավոք, 2020-ին ծրագիրն իրականացրեցինք միայն Ասկերանում ու Մարտունիում, մեզ խանգարեց սկզբում կորոնավիրուսը, հետո՝ պատերազմը», - ասել է Համբարձում Սիմոնյանը՝ շեշտելով՝ արցախցի բժիշկների ու բուժքույրերի համար նոր ծրագիր են մեկնարկելու, որի շրջանակներում վերապատրաստված մասնագետները ռոտացիոն կարգով լրացնելու են Արցախի առողջապահության համակարգում առկա բացերը:
«Ուսման պատրաստ եմ, ծրագրին էլ սիրով կմասնակցեմ, քանի որ Արցախ վերադառնալու ցանկություն ունեմ, հնարավորություն՝ ցավոք, ոչ: Երկրորդ անգամ եմ Շուշիից գաղթում, առաջին անգամ՝ 1988-ին:Այն ժամանակ գոնե հնարավորություն կար ապրանք դուրս տանելու, հիմա մի նկար էլ չեմ կարողացել դուրս բերել, որ երեխաներս հոր լուսանկարը տեսնեն, նույնիսկ փաստաթուղթ չեմ կարողացել վերցնել», - ցավով նշել է Նունե Խաչատրյանը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության ու ՀՕՖ-ի համատեղ վերապատրաստման ծրագրի մասնակիցը:
«Էն, ինչ տեղի ունեցավ, բոլորիս համար մեծ ողբերգություն է, բայց մենք ընկճվելու իրավունք չունենք, վհատվելու իրավունք չունենք, որովհետև ժողովուրդը մեզ է նայում, պիտի պահենք ու օգնենք մարդկանց: Ես պատերազմի 34-րդ օրն եմ եկել Հայաստան: Շփվել ենք, օգնել ենք շատերին, տուն ենք առել Ազնիվի ընտանիքի համար: Ազիվը 31 տարեկան է, 7 երեխա ունի. մեծը՝ 13, փոքր 3 տարեկան է, շատ ջիգյարով երեխեք են: Տունը փոքր է, բայց շատ մեծ հողամաս ունեն: Հավ ենք առել, կով ենք տվել, գազը քաշել ենք: Էնքան լավ ընտանիք էին, մեզ էնքան հույս էին տալիս, մենք սենց կոտրված էինք, իրանք էին մեզ «պադերժկա» անում», - ասել է Նարինե Աբգարյանն անկեղծ զրույցի ընթացքում՝ նշելով, որ հերոսներ են նաև ներկա բժիշկները, որոնք չնայած տուն ու հայրենիք են կորցրել, բայց պատրաստ են վերադառնալ ու ամեն ինչ նորից զրոյից սկսել:
«Համաձայն եմ Նարինեի հետ, չի կարելի հանձնվել, անթույլատրելի է, պետք է մտքից հանել: Գիտեմ, որ բարդ է լինելու, բայց պիտի հաղթահարենք», - արձագանքել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար ու Ոսկե հուշամեդալով պարգևատրելով Համբարձում Սիմոնյանին երկարամյա համագործացության ու Արցախում ՀՕՖ-ի կատարած աշխատանքների համար: