կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 08:46
Առանց Կատեգորիա

Ներելու իրավունք չունենք և... վերջ. «Փաստ»

Ներելու իրավունք չունենք և... վերջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր կյանքը բաժանվեց երկու մասի՝ պատերազմից առաջ և հետո։ Պատերազմը մտավ մեր տներ, ընտանիքներ, մեր հոգիներ, ու ինչ էլ անում ենք, դուրս չի գալիս։ Տատս ասում էր՝ մեռնողից հետո մարդ չի մեռնում։ Մենք էլ չենք մահացել, ողջ ենք մնացել, որ ամեն օր մեր հոգին մեռնի, որ չկարողանանք շնչել։ Բարկանում ենք, երբ շենքի կողքի մուտքից բարձր երաժշտության ձայն ենք լսում, տարօրինակ հայացքով նայում ամուսնացող զույգերին։ Հետո ինքներս մեզ սաստում ենք՝ ախր, կյանքը շարունակվում է։ Բայց հետո մեզ մեղադրում ենք նաև այդ մտքի համար։ Արդյո՞ք կյանքը շարունակվում է։ Մարդկանց հնարած մեծագույն սուտը. այն հնարել են, որ չխելագարվեն։ Իսկ իրականում ամեն մեռնողի հետ մենք էլ մահացանք, ամեն հաշմված տղայի հետ մենք էլ մեր մարմնում ցավ զգացինք, ամեն անհետ կորած զինծառայողի ու նրան՝ ողջերի կամ մահացածների մեջ փնտրող ծնողի հետ մենք էլ խելագարության շեմին հասանք, մեր հոգին էլ գերեվարված մնաց ու կյանք չի վերադառնում, ինչպես տղաները հայրենիք չեն վերադառնում։

Ցանկացած ուրախության պահին հանկարծ անասելի տխրություն է համակում մեզ։ Մեծագույն ողբերգության այս օրերին ցանկացած փոքրիշատե ուրախ արարողություն «ընդհատվում» է զինվորի կենացով, խաղաղության մաղթանքով։ Դե, հետո, թե կարող ես, մի պատառ հաց կուլ տուր, ձեռքերդ բարձրացրու վերև ու պարիր, ժպտա, ուրախացիր, կատակներ արա։ Կարո՞ղ ես։ Գուցե ստացվի, բայց ինչ-որ մի բան, շատ կարևոր բան այլևս այն չէ։ Մեր ձեռքերը գուցե վեր են բարձրանում ու պար են գալիս, բայց ուղեղդ սկսում է ծակել այն միտքը, թե քանի ձեռքեր այդպես էլ վեր չեն բարձրանա, այդպես էլ պար չեն գա իրենց որդիների ու դուստրերի հարսանյաց հանդեսներին, քանի-քանիսների հարսանիքներն այդպես էլ չկայացան, քանիսն այդպես էլ չստացավ որդու ծննդյան լուրը, ստանալով էլ՝ չկարողացավ գոնե մեկ անգամ տեսնել։

 

Մենք կատակում ենք, ժպտում, բայց մեր այդ ծիծաղի մեջ այնքան ցավ կա, այնքան անորոշություն, իսկ վաղը, ի՞նչ է լինելու վաղը։ Ամեն անգամ, երբ սկսում ենք դժգոհել մեր կյանքից, մանրուքներից, մայթերին ձյան առատությունից, կռիվ տալիս մեր տան պատուհանի տակ մեքենան կայանած վարորդի հետ, գիտակցենք, որ մի քանի հազար մարդ, մի քանի հազար պայծառ, լուսավոր, կյանքով լեցուն, նոր-նոր կյանք մտնող երիտասարդ առհավետ զրկվեց բարդություններով լի այս կյանքն ապրելու հնարավորությունից։ Զրկվեց, որովհետև պատերազմ էր, հայրենիքն իրենց օգնության կարիքն ուներ, և տղերքը հասան օգնության։ Թասիբով տղերքը կանգնեցին մեր երկրի սահմաններին, մինչև հիմա էլ կանգնած են, բայց պետության, իշխանության գլխին նստածներն այնքան թասիբ չունեցան, որ արժանի լինեն տղերքի անձնազոհությանը։ Տղաների մասին պատմությունները լսելիս, նրանց ճանաչել փորձելիս հասկանում ես, թե ինչ ես կորցրել, ամենակարևորը՝ զոհասեղանին ենք դրել ոչ միայն նրանց կյանքը, այլ նաև մեր երկրի ապագան, այն էլ բոլոր առումներով։ Նրանցից շատերը չհասցրեցին ընտանիք կազմել, զավակներ ունենալ, չհասցրեցին սիրել ու սիրվել, խոստովանություններ լսել, էլ չեմ ասում նրանց ծնողների մասին, որոնք տարիներ շարունակ իրենց շահած-պահած սիրասուն որդիներին նվիրաբերեցին հայրենիքին՝ փոխարենը ոչինչ չստանալով։

 

Անգամ սրտանց չեն կարողանում խոսել հպարտության մասին, իհարկե, հպարտ են, բայց գլխիկոր են կանգնում նրանց շիրիմների առջև, ինչպես ասեն, որ նրանք իրենց կյանքը զոհեցին, սակայն հայրենիքն էլ կորցրեցինք։ Իսկ հայրենիքի սահմանների ամրությունը, դրա լինելիությունը կարող էր սփոփանք լինել, բայց դա էլ չունենք։ Ոմանք ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն են գտնում՝ օդանավակայանից կադրերն ուշադիր նայեք։ Հիմա կասեն՝ մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Գուցե որոշ մասը, բայց ոչ բոլորը։ Գիտեք՝ մեծագույն ողբերգություն է, երբ հարազատ ու սիրելի երկրում ու քաղաքում կայունություն չես տեսնում, ապագադ անորոշ է, քոնը՝ դեռ մի կողմ, կարևորը երեխաներն են, նրանց ապագան ավելի անորոշ է։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահաբար ասել, որ սա մեր վերջին կռիվն էր, որ սա վերջին արյունն էր, որ հերթական անգամ զոհասեղանին չի դրվելու հաջորդ 18 տարեկանների սերունդը։ Հենց սրանից են սարսափում բոլոր նրանք, ովքեր այսօր ել քեր են փնտրում իրենց որդիներին այլ երկրներ ուղարկելու համար։

Նրանց մեղադրել չենք կարող, ամեն մեկը թող իրեն պատկերացնի ծնողի կարգավիճակում և հետո իրեն հարցնի՝ ինչե՞ր կանի իր երեխայի ապագայի համար։ Կարելի էր այս իշխանությունների շատ մեղքերը ներել՝ ապաշնորհ կառավարումը, սուտն ու կեղծիքը հանրության հետ շփման ժամանակ, հասարակության բաժանումը, հարձակումն ազգային արժեքների վրա։ Սրանք էլ հնարավոր չէ ներել, չպետք է ներել, բայց մենք սա կվերագրեինք նրանց տգիտությանը, չիմացությանը, ապաշնորհությանը, քաղքենիությանը և այլն։ Բայց ներել հազարավոր ընտանիքներին սգակիր դարձնելը, ներել տղաների ու հայրենիքի կորուստը, ներել պետության կործանումը, դրա իրավունքը չունենք։ Մենք իրավունք չունենք այդքան մեծահոգի լինել, այդքան շռայլ չենք կարող լինել, եթե չենք ուզում հերթական պատմական հայրենիքն ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում