կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 20:02
Մշակույթ

Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն․ Կարեն Գևորգյան

Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն․ Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը գրում է.

«Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք  ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության  թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ  մեծ պատիվ եմ  արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության  խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը:

Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան   օտարահպատակ  ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի հիմնադրման 55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն մերժեցին տեսանկարահանել և ցուցադրել՝ պատճառաբանելով, թե հանրային հեռուստաընկերությունը բավարար տեսախցիկներ չունի նկարահանումը կազմակերպելու համար (մեկնաբանությունները թողնում եմ ձեզ):

Նրանք բավարար միջոցներ չունեցան նաև նկարահանելու և ցուցադրելու հայ պարարվեստի պատմության մեջ առաջին  անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված «Նաիրյան» առաջին համահայկական  պարարվեստի մրցանակաբաշխությունը, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ համբավ ունեցող ինչպես Հայաստանի և Արցախի բոլոր պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ:

Առաջին անգամ  մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը  թարգմանել հայերեն ու տարածել: Բավակա՛ն է հարստացնեք օտարի գրպանը և  սննկացնեք մեր ազգայինը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված «Ոսկե կլառնետ» խայտառակ նախագիծը, որը, ըստ իս, մասնավորապես արված էր ազգային քողի տակ տարածելու ցածրարժեք երաժշտություն: Այդ  նախագիծը  իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ: 

Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը:

Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է  ազգային մշակութային ցեղասպանություն»: