Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի` Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների մասին նախորդ տարիներին հնչեցրած մտահոգություններին` մասնավորապես նշելով հետևյալը. «Ես խոր ակնածանքով եմ խոսում նրա մասին Շառլ Ազնավուրի բոլոր մտահոգությունները ճիշտ են ու իմաստուն, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու ասածներին»: Որպեսզի հասկանալի լինի, թե Ազնավուրի հատկապես ո՞ր մտքերն է նախարարը «ճիշտ, իմաստուն և հարգանքի արժանի» համարում, հարկ է թերևս անդրադառնալ դրանց:
2011թ. Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Arménie ամսագրին տված հարցազրույցում աշխարհահռչակ երգիչը, բայց որ շատ ավելի էական է` Հայաստանի դեսպանը, անդրադառանալով Ցեղասպանության ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերին և դրա նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմանը, ասում է հետևյալը. «Նրանք (թուրքերը-հեղ.) իրենց ուժեղ են զգում, հետեւաբար` ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով` ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: ...Արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում (...): Գերմանացիները այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուրը: Պետք է խելացի լինել եւ հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ, եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: ...Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը: Բայց ես թքած ունեմ «ցեղասպանություն» բառի վրա: Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը: Թող ճանաչեն կոտորածը (...) Պետք չէ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել, բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը (...)»: Շատ ավելի ուշագրավ են Ազնավուրի գնահատականները ներհայաստանյան իրողություններին և հատկապես` ՀՀ իշխանությունների վերաբերյալ: Նույն հարցազրույցում այս կապակցությամբ նա նշում է. «...Իսկ ո՞ւր ենք գնում մենք: Այս ընթացքում Հայաստանը տառապում է, ամեն օր Հայաստանը դատարկվում է: Քիչ ժամանակ անց այն կդառնա մի դատարկ խխունջ: Ո՞ւմ է դա ձեռնտու: Երեք մաֆիոզի՞: Եվ հարյուրմիլիոնավոր աղքատ մարդիկ կսփռվեն աշխարհով մեկ»: Իսկ ավելի ուշ` 2011թ. դեկտեմբերին, Ազնավուրը, զարգացնելով այս վերջին միտքը, հայտարարեց. «Ներկայումս իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա համարում եմ քաղաքականապես անընդունելի: Կառավարությունը, հնարավորություն չտալով Հայաստանին շնչելու, երկիրը զրկում է երիտասարդությունից, որը հեռանում է»:
Փաստորեն, ՀՀ արտաքին գործերի նախարարը` կառավարության ներկայացուցիչը, իմաստուն և ճշմարիտ է համարում թե' «ցեղասպանություն» եզրույթի ճանաչումից հրաժարվելու մասին պնդումները, թե' այն, որ Հայաստանը դատարկվում է, որովհետև դա ձեռնտու է այստեղ գործող 3 մաֆիոզի, և որ կառավարությունը նպատակաուղղված երկիրը զրկում է երիտասարդությունից: Իրավիճակը այնքան զավեշտալի չէ, որքան ողբերգական: Փաստորեն, կառավարությունը նախ դեսպանի, ապա նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մակարդակով պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը մի կողմից մաֆիոզների, մյուս կողմից` նրանց լծից ուղղակի փախչող խեղճուկրակների երկիր է, նաեւ` որ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացի ծավալումը, որը Երևանը, սկսած 1998-ից` Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնն ստանձնելուց առ այսօր երբեք չի հանել իր արտաքին քաղաքականության օրակարգից, սխալ և անօգուտ է: Նալբանդյանը հենց այս ուղերձն է հղում հիմա միջազգային հանրությանը` միաժամանակ նկարագրելով այդ Հայաստանի ներքին իմիջն ու կերպարը:
Հարց է առաջանում` հիմա ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանն ընդհանրապես` Շառլ Ազնավուրի նկարագրա՞ծ, թե՞ միմիայն պլպլան սոցիալ-տնտեսական ցուցանիշներ «արձանագրող» Տիգրան Սարգսյանի և հարմարվողականությունը «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության անվան տակ «սաղացնող» Էդվարդ Նալբանդյանի: Ի վերջո, ճիշտ է Ցեղասպանության ճանաչման քաղաքական ուղեգծից հրաժարվե՞լը, թե՞ շարունակելը: Սա էական է այնքանով, որ պետք է վերջապես հասկանալ` պետությունը սա համարո՞ւմ է, առաջնայնություն, թե՞ ձև է անում, որ համարում է` առաջնորդվելով ցյուրիխյան արձանագրությունների տրամաբանությամբ: Եթե արտգործնախարարն է ճիշտ, ուրեմն պետք է ընդունենք, որ մի կողմից մենք հրաժարվում ենք մեր արդար պահանջից, իսկ մյուս կողմից` գործ ունենք ոչ թե պետության, այլ ինչ-որ խմբավորման կողմից կառավարվող քաոսի հետ, որտեղ իշխանությունը գիտի, որ սխալ ու կործանարար ճանապարհով է գնում, բայց համառորեն շարունակում է երկիրը տանել այդ ուղղությամբ: Իսկ եթե նախարարը սխալ է, ապա ինչո՞ւ է իրեն նման գնահատականներ տալու իրավունք վերապահում:
Սա զուտ մեկնաբանությունների հարց չէ: Սա ադեկվատության խնդիր է: Հասկանալի է, որ Նալբանդյանը չի ուզում կամ իրեն բարոյական իրավունք չի վերապահում հակադրվելու այնպիսի մեծանուն անհատականության, ինչպիսին Ազնավուրն է: Առավել ևս, որ հրաշալի հասկանում է` հատկապես ներքին իրավիճակի գնահատականի առումով նա ճիշտ ախտորոշում է տալիս: Բայց սա պետություն է, որտեղ դեսպանը, առավել ևս` արտգործնախարարը, կոչված են ներկայացնելու պաշտոնական տեսակետներ, որտեղ մարդկային փոխհարաբերությունները, էմոցիաները տեղ չպետք է ունենային կամ գոնե պետք է մղվեին երկրորդ պլան: Բայց որքան էլ տարօրինակ լինի, այս իրավիճակը Հայաստանում օրինաչափություն է, որի փիլիսոփայության հենքը դրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր «հնարավոր է, բայց չենք փոխի» հայտնի արտահայտությամբ: Արտգործնախարարն էլ, ահա, կրկնօրինակում է իր ղեկավարին` ճիշտ է, երկրում իրականացնում ենք ներքին ցեղասպանություն, բայց...կներեք, շարունակելու ենք:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ