Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երբ պարզ դարձավ, որ իշխող ուժը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար հասարակության լայն շերտերի պահանջ չի տեսնում, զուգահեռաբար պարզ դարձավ նաև մի շատ կարևոր դետալ՝ որակական փոփոխությունների ռեսուրս մենք դեռևս ունենք։ Խնդիրն այն է, որ քաղաքական և հանրային որոշակի շրջանակներ այլևս հաշտվել էին այն իրողության հետ, թե հասարակության համար միևնույն է՝ ինչ է տեղի ունենում երկրում և դրա շուրջ, ինչ է անում իշխող ուժը երկրի ներսում և դրա հետ՝ երկրից դուրս: Արտահերթ ընտրություններից հրաժարումը խոսում է հանրային դիմադրության առկայության ավելի մեծ չափի մասին, քան կար, դիցուք՝ դեկտեմբերի 5-ին կամ նոյեմբերի 21- ին: Իսկ այդ դիմադրությունն ավելի լավ ոչ ոք չէր կարող զգալ, քան Նիկոլ Փաշինյանը:
Հետևաբար, նա չգնաց արտահերթ ընտրությունների, քանի որ դա կլիներ իր վաղաժամ քաղաքական մահը: Այնպես չէ, որ դա արդեն իրականություն չէ, պարզապես խնդիրն այն է, թե երբ է փաստացի արձանագրվելու, այսինքն՝ զուտ ժամանակի խնդիր է՝ ո՞ւշ, թե՞ շուտ: Կամ՝ ինչքա՞ն ուշ և ինչքա՞ն շուտ: Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, ավելին՝ նա ուղղակի չի էլ կարող լինել։ Նա դա բոլորից լավ է հասկանում: Բայց նա նաև հասկանում է, որ ինքը վարչապետի աթոռին կառչած կմնա այնքան ժամանակ, մինչև ընդդիմադիր հարթակը հանրության մոտ չգեներացնի համընդհանուր և հստակ պահանջմունք՝ Հայաստանն առանց Նիկոլի: Ազնիվ լինենք՝ այս պահին այդ պահանջմունքը համընդհանուր չէ: Դա խորքային մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկի մասին քանիցս խոսել ենք՝ դա նիկոլիզմն է, որը խոր արմատներ ունի մեր հասարակության մեջ:
Հաջորդը՝ ընդդիմադիր հարթակի կազմն ու բովանդակությունն է: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնց համար Նիկոլի հեռացումը առաջնահերթություն է համարվում, որևէ քաղաքական պրոցեսի չեն մասնակցում ընդդիմադիր հարթակի կազմի ու բովանդակության նկատմամբ վերաբերմունքի պատճառով: Դրա պատճառներն էլ են խորքային: Այդուհանդերձ, նոյեմբերի 10-ից հետո հարթակը մի շատ կարևոր խնդիր լուծել է՝ հանրային ընդվզումը ստացել է քաղաքական տեսք ու բովանդակություն։ Եվ հավաքական ընդդիմադիր օրակարգը գերազանցապես իրացվում է այդ առանցքի շուրջ: Սակայն ընդդիմադիր հարթակը չկարողացավ քաղաքական կուլմինացիայի հասնել, որովհետև չկարողացավ ժամանակի պահանջներին համահունչ քայլել։ Մի կարևոր արձանագրում կա, որի հետ շատ վերլուծաբաններ համաձայն են՝ ընդդիմադիր շուրջ երկու տասնյակ ուժերը միասին այլևս արժեք չեն ստեղծում։ Սա քաղաքական տեսանկյունից նորմալ է:
Որևէ մեկը չէր ակնկալում, որ այս ուժերը տարիներով պետք է սինխրոն առաջ գնային: Ամենևին, բայց այն, ինչ նրանք արեցին, շատ կարևոր սկիզբ էր հետագա քաղաքական պրոցեսների գեներացման համար: Հիմա խնդիր կա, ու դրա մասին գիտեն թե՛ ընդդիմադիր լիդերները, թե՛ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, փաստ է, որ Նիկոլին հաջողվեց ժամանակի ընթացքում խաղաղ գոյակցության բալանս ստեղծել իր և ընդդիմության միջև: Այդուհանդերձ, փետրվարի 20-ին հրավիրված է հանրահավաք: Բոլորն արդեն հասկանում են, որ հարթակից պետք է կոնկրետ ծրագիր, ճանապարհային քարտեզ ներկայացվի, մարդիկ պետք է տեսնեն վաղվա օրը: Այլ ճանապարհ պարզապես չկա: Ընդդիմադիր հարթակն ունի տեսանելի ապագայում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները, ի հեճուկս տարաբնույթ խնդիրների։ Պարզապես անհրաժեշտ է «Հայաստանն առանց Նիկոլ» օրակարգը գեներացնել և քաղաքական կուլմինացիայի հասցնել նոր գործիքակազմով, նոր բովանդակությամբ և նոր մարդկանցով:
Ի դեպ, ասածիս մեջ ոչ մի հակաքաղաքական և հակաքաղաքագիտական բան չկա: Որպես քաղաքական պրոցեսի բևեռ՝ ընդդիմադիր հարթակը կարող է ժամանակ առ ժամանակ ձևափոխությունների ենթարկվել: Լճանալն է աննորմալ: Ամփոփենք: Մեր հասարակությունը ճաշակել է պոպուլիզմի դառը պտուղները: Որպեսզի ժողովուրդը նորից չընկնի դրա ճիրանները, ընդդիմությունը պետք է վազանց կատարի Նիկոլ Փաշինյանին՝ իհարկե, լավ իմաստով: Նկատի ունեմ, որ ոչ թե ընդդիմադիրներն էլ սկսեն պոպուլիզմով զբաղվել, այլ Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմին հակադրեն դժգույն իրականությունը թվերով և փաստերով: Նիկոլն արդեն սկսել է՝ 44-օրյա պատերազմական ստից հետո, սկսել է ստի հաղթարշավ՝ տնտեսության թեմայով։
Մարդը հիմնովին քանդել է երկրի տնտեսությունը, ձևի համար մի գործարանի բացման ժապավեն չի կտրել, ժամանակին կտրածներն էլ արագ փակվել են դեռ չբացված, բայց կառավարության վերջին նիստերը վերածել է շոուի՝ հազարավոր աշխատատեղերի և միլիոնավոր դոլարների ներդրումների մասին տեղեկատվություն է հրապարակ նետում, խոսում է տնտեսական վերելքի մասին։ Չէ, չենք զարմանում, նա կարող է հանրությանը կերակրել ստերով ու կհաջողի, որովհետև լռում է հարթակը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում