կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 09:51
Առանց Կատեգորիա

Իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­ցա­կա­նի տակ են դնում Հա­յաս­տա­նի՝ իրա­վա­կան պե­տու­թյուն լի­նե­լու հան­գա­ման­քը. «Փաստ»

Իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­ցա­կա­նի տակ են դնում Հա­յաս­տա­նի՝ իրա­վա­կան պե­տու­թյուն լի­նե­լու հան­գա­ման­քը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. « Դեռևս անցած տարվանից քննարկումներ են ծավալվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու շուրջ, որն արդեն գործնական փուլ է մտնում, քանի որ օրերս ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: 

Հայտնի են հանձնաժողովում խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացված անդամների, ինչպես նաև Արդարադատության նախարարության կողմից ընտրված իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների անունները: 

Այնուամենայնիվ, հանրության համար այդպես էլ չեն բերվել համապատասխան հիմնավորումներ, թե սահմանադրական փոփոխությունները ինչով են իրականություն դարձնելու հանրության մեծամասնության ակնկալիքները, կամ ինչով է պայմանավորված այդ փոփոխությունների հապշտապ անցկացնելը, մանավանդ, որ վերջին սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը 5 տարի առաջ։ 

Սա արդյոք նախադեպ չի՞ ստեղծում, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ և ՀՀ գլխավոր օրենքը համապատասխանեցնել իր քաղաքական շահերին։ 

Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում բացառեց կառավարման համակարգի փոփոխությունը և սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը համարեց դատական համակարգի բարեփոխումները:

Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը գլխավորապես պայմանավորված է իշխանությունների՝ ՍԴ-ն կազմալուծելու և ՍԴ դատավորներից ազատվելու մտադրությամբ։ 

Սակայն գործող Սահմանադրությամբ ՍԴ-ին է վերապահված այն լիազորությունը (հոդված 168, 2-րդ կետ), որ մինչև սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ 

Եվ քանի որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում փորձում են մեկուսացնել ՍԴ-ին, ակնհայտ ոչ սահմանադրական ճանապարհ են ընտրել, և սրա մասին անընդհատ բարձրաձայնում են իրավաբանները։ 

Խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվել է արտահերթ նիստով քննարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ 

Եվ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է կատարվում իբր «հիմնավորել», թե Սահմանադրության՝ «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:

Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը որոշելու համար պարտադիր պայման չէ ՍԴ-ին դիմելը, և, ըստ էության, այդ հարցը կարող է որոշվել ըստ Ազգային ժողովի հայեցողության, որը կցանկանա, կդիմի ՍԴ, չի ցանկանա, չի դիմի: Ավելին՝ իշխանությունները նախատեսում են, որ եթե անգամ Ազգային ժողովը դիմի ՍԴ, սակայն ստանա բացասական եզրակացություն, ապա դա որևէ ազդեցություն չի ունենա: 

Բայց այս դիրքորոշումը ևս հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ նախատեսվում է, որ եթե ՍԴ-ի եզրակացությունը բացասական է, ապա հարցը դուրս է գալիս իրավասու մարմնի քննությունից (հոդված 170 6-րդ կետ): 

Այն, որ իշխանությունները պարզապես գնում են ՍԴ-ն մեկուսացնելու ճանապարհով, խոստովանեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»,-երեկ ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ նախաձեռնել են արտահերթ նիստ։ 

Ինչպես տեսնում ենք, իշխանությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցում օրենքով չնախատեսված գործելակերպ են որդեգրել, և շատ հավանական է, որ շատ հարցեր ևս մեկնաբանեն իրենց հայեցողությամբ, այլ ոչ թե հիմք ընդունեն ՀՀ Սահմանադրությունը։ 

Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ գնահատականներ են հնչում, որ սրանով հարցականի տակ է դրվում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու հանգամանքը»: