կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 23:39
Արցախ

Այս մտածողությամբ նման բյուջե ընդունելն անընդունելի է ՀՅԴ համար

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը ԱՀ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ.

«Հարգելի գործընկերներ,

2021 թ. պետական բյուջեի մասին օրենքն, ինչպես ամեն տարի քննարկվում է խորհրդարանում, սակայն այս անգամ մի փոքր տարբերությամբ: Այս քննարկումները դասական ձևով չպիտի լինեին, մեր միակ առաջարկությունը քննարկումների ժամանակ դա է եղել: Պետք է հաշվի առնվեին նաև ներկա իրողությունները: Համարյա նույն 2020 թ. բյուջեի ծախսերն են, ծախսային մասերը, անգամ պետական նպատակային ծրագրերը համարյա նույնն են, որն անընդունելի է:

Ամեն երկրի պետական բյուջեն ցույց է տալիս այդ երկրի տվյալ տարվա զարգացման հիմնական սոցիալ-տնտեսական, անվտանգային և այլ ոլորտներում պետության վարվող քաղաքականությունը: Համահունչ է արդյո՞ք այսօրվա ներկայացված պետական բյուջեի նախագիծը մեր ներկա իրողությունների, մեր ապագա զարգացման տեսլականի հետ թե ոչ: Իմ կարծիքով՝ ոչ:

Եվ այդ է պատճառը, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը թե առաջին, թե երկրորդ ընթերցման ժամանակ որևէ առաջարկություն չի արել, քանի որ ընդհանրության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք պետնախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել ենք նախորդ տարվա բյուջեն չընդունել՝ հաշվի առնելով, որ օբյեկտիվ պայմաններով ժամանակի խնդիր ունենք և թե գույքագրման և թե տարբեր առաջնահերթությունների քննարկման խնդիր ունենք: Առաջարկել ենք շարունակել նախորդ տարվա բյուջեի համամասնություններով շարունակել հատկացումները, ինչպես արվել է հունվար ամսին և մի քանի ամիս հետո ներկայացնել նախագծիը: Այդ դեպքում հնարավոր կլիներ հիմնական մարտահրավերները ֆիքսել և այդ մարտահրավերները պետք է անպայման տեղ գտնեին պետական բյուջեի մասին օրենքում: Առաջարկը, ցավոք սրտի, չի ընդունվել:

Իսկ առաջնահերթությունները հետևյալն են: Մեր թիվ մեկ մարտահրավերն այն է, որ աղետից հետո կարողանանք մեր ժողովրդին պահել ԼՂՀ-ում հնարավորինս մեծ քանակով, իսկ դա անելու համար մի քանի պայմաններ կան: Անշուշտ սոցիալական բաղադրիչը կարևոր պայման է և այս բյուջեում դա արտահայտված է, բայց սա պայմաններից մեկն է և ոչ ամենագլխավորը:

Այսօր մեր ազգաբնակչության թիվ մեկ խնդիրը անվտանգության խնդիրն է, երկրորդը՝ քաղաքական կարգավիճակից բխող անորոշությունն է, որ պետք է հաղթահարվի և իհարկե, սոցիական բաղադրիչը, որը որոշ չափով տեղ է գտել պետական բյուջեում:

Կարծում եմ մարտահրավերները շատ են, բայց եթե ընդհանրացնելու լինենք այս երեք հիմնական խնդիրներն են: Անվտանգության որևէ բաղադրիչ ներկա բյուջեում արտահայտված չէ: Իհարկե, խաղաղապահների առկայությունը կարևոր է Արցախի հանրապետությունում, բայց չպետք է մոռանալ, որ դա միակ երաշխիքը չպետք է լինի: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մեր ՊԲ-ն թողել է իր ամրաշինական բոլոր բնագծերը և տեղավորվել է նոր բնագծերում, չկահավորված և այլն: Պետական բյուջեի մասին օրենքում որևէ ձևով ամրագրված չեն այդ ուղղությանբ հատկացվող ծախսեր: Մենք պետնախարարի հետ քննարկման ժամանակ մի քանի օրինակ բերել ենք: Այսօր կան ստրատեգիական կարևոր խնդիրներ, Բերդաձորի ենթաշրջանը իր ստրատեգիական կարևորությամբ, խոսքը միջանցքի մասին է: Որևէ հատուկ ծրագիր կա՞: Չկա: Եվ այսպիսի տասնյակ խնդիրներ:

Քննարկման ժամանակ ասել ենք, որ օբյեկտիվ պատճառները հասկանալով իրոք կառավարությունը պատրաստ չէ:

Պետական բյուջեում սոցիալական առումով որոշակի ողջունելի կետեր կան, օրինակ առողջապահության ոլորտի, սոցիալական ոլորտի ծախսերի ավելացումը: Սակայն սոցիալական ոլորտը կարևոր է, բայց ոչ բավարար:

Այդ է պատճառը, որ մենք անիմաստ ենք գտել որևէ առաջարկություն ներկայացնել:

Պարզապես զարմանալի է. մենք կորցրել ենք մեր տարածքի 75%-ը, բայց նախագահի, կառավարության աշխատակազմի ծախսերում ոչինչ չի փոխել: Մեր համար ինչ-որ բան փոխվել է և գտնում ենք, որ այս մտածողությամբ, այս ձևի բյուջե ընդունելը անընդունելի է ՀՅԴ համար:

Եվ բնականաբար, դեմ ենք քվեարկելու նախագծին»: