կարևոր
3727 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 10:12
Քաղաքական

Սպառնացող նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում նման պառակտումը՝ կտրականապես անընդունելի և դատապարտելի է․ «Կամք»

Սպառնացող նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում նման պառակտումը՝ կտրականապես անընդունելի և դատապարտելի է․ «Կամք»

Կամք նախաձեռնության հայտարարությունը Հայ֊Ռուսական հարաբերությունների վերաբերյալ․

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Թուրք Ադրբեջանական ճակատի կողմից սանձազերծված 2022թ սեպտեմբերի 13 ի ներխուժման ձախողված փորձից հետո Հայաստանի շուրջ տեղի ունեցան աշխարհաքաղաքական գործընթացներ:

Այդ գործընթացների նկատմամբ մեր հասարակությունը կրկին վերաբերվեց պառակտվածությամբ: Սպառնացող նոր պատերազմի սպառնալիքի պայմաններում նման պառակտումը՝ կտրականապես անընդունելի և դատապարտելի է:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը կոչ է ուղղում համայն հայությանը լինել սթափ եւ առաջնորդվել բացառապես հայության հավաքական շահերով:

Աշխարհաքաղաքական առումով, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության նկատմամբ աշխարհի մի շարք երկրների սկզբունքային վերաբերմունքը բնականաբար ողջունելի է, եւ համոզված ենք, նման հակազդեցությունը կարեւոր գործոն կլինի Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար: Այս իսկ տրամաբանությամբ, մեծապես կարեւորվում է Հայության կողմից միջազգային հանրության հետ դիվանագիտական եւ լոբբիստական գործունեության ակտիվացումն ու արհեստավարժ մոտեցումը:

Սակային Կամքի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայ ժողովրդի անվտանգությունն արդեն ավելի քան մեկ դար արմատացած է եւ կմնա երեք կարեւորագույն գործոնների վրա դրանք են՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, Հայկական Պետականության ու նրա բանակի կայացումն ու հզորացումը, եւ Հայ֊Ռուսական դաշնակցային հարաբերությունները:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը մեծապես մտահոգված է Հայ-Ռուսական հարաբերությունների ներկա վիճակով, եւ կոչ է ուղղում՝ Հայ֊Ռուսական անվտանգային համագործակցությունը չպայմանավորել միայն ՀԱՊԿ-ով, եւ հայ եւ ռուսական ջանքերով օր ու գիշեր կազմակերպել Հայկական բանակի վերահզորացման եւ հայկական ռազմարդյունաբերության կտրուկ զարգացման գործընթաց: Հայ֊Ռուսական անվտանգության հրամայականն անշրջանցելի է երկու ազգերի կայուն զարգացման ցանկացած հեռանկարում:

Վերջապես պահանջում ենք, համահայկական ուժերով ոչ միայն Հայաստանում նաեւ Ռուսաստանում բացահայտել եւ օրենքի շրջանակներում պատժել բոլոր այն ազգադավ ու հակապետական մարդկանց, կլինի հայ, ռուս թե այլ ազգի ներկայացուցիչ, ովքեր Թուրք֊Ադրբեջանական ֆինանսների հաշվին փորձում են թուլացնել հայ եւ ռուս դարավոր բարեկամությունը:

Հայ-Ռուսական ռազմավարական դաշինքը չունի այլընտրանք, այն արմատացած է Հայաստանի վերածնունդի եւ հզորացման ակունքներում եւ անշրջանցելի նախապայման է կայուն եւ բարգավաճ Կովկասի կայացման համար: