Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից. այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավարություններ, բնականաբար, ձեռք բերված պայմանավարվուծությունները չեն կարող ապահովել դրանց կիրառման մեխանիզմներ: Երեկվա հանդիպումներում կարևորն այն է, որ Ադրբեջանն ինքը համաձայնություն տվեց սահմանագծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վստահության մեխանիզմների դնելուն, ինչը տարիներ շարունակ մերժում էր: Սակայն ընդունելն ու կյանքի կոչելը բավականին տարբեր բաներ են, մենք պետք է հավաստիանանք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը գտնվում է հրադադարի պահպանման ներքո»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ֆոնին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են տալիս, որ կարող ենք սահմանագծում ունենալ միջազգային հանրության կողմից ճանաչված և ընդունված համապատասխան մեխանիզմներ: «Այդ մեխանիզմների ներդրմամբ հնարավոր կլինի վերահսկել հրադադարի ռեժիմի խախտումները, իրականացնել հետաքննություն և անել նաև քաղաքական հայտարություններ: Սա կարող է Ադրբեջանի համար լինել զսպող մեխանիզմ, որպեսզի ագրեսիան և սահմանային լարվածությունը թուլանան»,- նշեց նա:
Ըստ Զաքարյանի՝ առանց Ղարաբաղի մասնակցության բանակցությունները վերջնարդյունք ունենալ չեն կարող: Պատգամավորը նշեց, որ կարևոր փուլում ԼՂՀ-ն կմտնի բանակցային գործընթացի մեջ: Կարևոր փուլ ասելով` նկատի ունի բոլոր ձեռք բերված համաձայնությունների լիարժեք կատարումը և վերջնական փաստաթղթի պատրաստումը:
«Հայաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ համաձայնություններ, բայց մինչև որ պաշտոնական Ստեփանակերտն իր վերջնական համաձայնությունը չտա, մենք չենք կարող ասել, որ կյանքի ենք կոչում այս կամ այն փաստաթուղթ»,- նշեց Զաքարյանը` հավելելով, որ «երեկ դեռ վաղ էր խոսել այս մասին, քանի որ այսօր բանակցությունների սկսման ցանկություն է, ոչ թե բանակցություն»: