Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի որոշմամբ` նոյեմբերի 29-ին ստեղծվել է Դիլիջանում կրթական կլաստեր ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի անդրանիկ նիստն այսօր անցկացրել է աշխատանքային խմբի ղեկավար` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Քննարկմանը ներկա էին միջգերատեսչական խմբի անդամներ` ՀՀ մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալները, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցել է ծրագրի նախաձեռնության հեղինակ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, IDeA և Scholae Mundi հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Ողջունելով մասնակիցներին`ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգում արդեն լուրջ ներդրում ունեցող IDeA հիմնադրամն այժմ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ` նպատակ ունենալով Դիլիջանում ստեղծել կրթական նոր կլաստեր: Նախարարի խոսքով, իր տեսակի մեջ կլաստերի այս գաղափարը դեռևս եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, քանի որ այն իր մեջ ներառելու է կրթության բոլոր աստիճանները, մշակութային ոլորտը, իսկ հետագայում արդեն նաև գիտության բաղադրիչը:
«Այն լուրջ հնարավորություններ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է Դիլիջանում արմատապես իրավիճակ փոխել: Այս գաղափարը շատ մեծ է, հեռանկարային, ծավալուն և տարիների աշխատանք պահանջող: Այն մեր պետության համար առաջնահերթություն համարվող ծրագրերից մեկը կարող է լինել: Այժմ մեր խնդիրն է աշխատանքների կազմակերպման առաջին փուլում գործընթացը ճիշտ հունի վրա դնել, մշակել կոնկրետ մեթոդաբանություն, ապահովել իրավական դաշտը, այնուհետև անցնել ծրագրի պիլոտային մասի կազմակերպմանը: Որպես կրթության նախարար ես չափազանց հետաքրքրված եմ այս նախաձեռնությամբ»,-նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ պետությունը, սահմանելով իր չափորոշիչները, պետք է բաց լինի կրթական նորագույն գաղափարների և նախաձեռնությունների համար:
Երկրում գործող գերազանցության կենտրոնները պետք է լոկալ չգործեն, այլ նպաստեն պետության ընդհանուր կրթական համակարգի զարգացմանը:
«Ես ուրախ եմ, որ մեր բարերարները 21-րդ դարի մտածողության կրողն են և իրենք են ցուցաբերել այս նախաձեռնությունը, որը մեր կողմից մեծ աջակցություն կստանա»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները` UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ Հայաստանում իրենց կողմից իրականացվող բոլոր կրթական ծրագրերը ծառայում են երկիրը կրթական կլաստեր դարձնելու նպատակին: «Այդ նպատակները շատ հավակնոտ են, և դրանց կարելի է հասնել միայն ջանքերը միավորելու դեպքում: Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր բոլոր ծրագրերը իրականացնել մասնավոր կամ ինստիտուցիոնալ գործընկերների հետ միասին»,- նշել է նա` տեղեկացնելով, որ արդեն այս ծրագրով որոշակի ներդրողների և բարերարների կողմից մեծ հետաքրքրություն կա:
Քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կրթական կլաստերի ստեղծման համար իրավական հիմքերը և միջգերատեսչական հանձնախմբին կներկայացնի համապատասխան եզրակացություն նախաձեռնություն կյանքի կոչելու համար:
ՀՀ ԿԳՆ