կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 13:16
Տարածաշրջան

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում մետաղական ուրանի արտադրության մեկնարկը

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանում մետաղական ուրանի արտադրության մեկնարկը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել. հայտնում է Associated Press- ը:

Նրա խոսքով՝ փետրվարի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են մետղական ուրանի արտադրությունը Սպահան քաղաքի հաստատություններում: Նշվում է, որ ուրանն արտադրվել է փոքր քանակությամբ՝ 3.6 գրամ:

Ընդգծվում է, որ մետաղական ուրանը կարող է կիրառվել ատոմային ռումբ արտադրելու համար: Իրանը նախկինում չի արտադրել մետաղական ուրան, սակայն հունվարին Թեհրանը հայտարարել էր այս ոլորտում հետազոտություններ իրականացնելու մտադրության մասին:

Փետրվարի 2-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել էր, որ Միացյալ Նահանգները սահմանափակ թվով հնարավորություններ ունեն վերադառնալու JCPOA: Նա նշել էր, որ Բայդենի վարչակազմը պետք է պահպանի միջուկային գործարքի նախնական պայմանները:

2018 թվականին ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն որոշում էր կայացրել դուրս գալ պայմանագրից և վերականգնել Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները: Ընտրված նախագահ Ջո Բայդենը խոստացել է վերադարձնել ԱՄՆ–ը Իրանի միջուկային գործարքի պայմանագրին: