կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 12:54
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր օրինագիծը, ստիպելով բացահայտել աղբյուրը, նրա հանդեպ ռեպրեսիաների կամ բռնության վտանգ կառաջացնի․ Սերգեյ Չամանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, շատ վատ նախագիծ է, քանի որ սահմանափակում է ոչ միայն քաղաքացիների իրավունքը՝ լինելու ինֆորմացված, լրագրողների իրավունքը՝ աշխատանք ունենալու և աշխատելու, ԶԼՄ-ի իրավունքը՝ լինելու մասնակից և 4-րդ իշխանություն, և, իհարկե, պետության շահերից դուրս է, քանի որ մեր պետությունը գլորվում է դեպի քաղաքական անդունդ, որը կոչվում է «բռնապետություն»․ այս դիրքորոշումը հայտնեց «Մեդիա Պաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում կատարելն արգելելու նպատակով։

Սերգեյ Չամանյանը վստահ է, որ այդ պարագայում, եթե լրատվամիջոցը ստիպված լինի բացահայտել աղբյուրը, վտանգի տակ կդնի աղբյուրը, որը կարող է կա՛մ ռեպրեսիաների ենթարվել «ներկա դավաճան ռեժիմի» կողմից, կա՛մ ծեծի ենթարկվել՝ ֆիզիկական, հոգեկան, քաղաքական և այլ բռնությունների ենթարկվել, և այդ աղբյուրը շատ մեծ հավանականությամբ չի տա այն ինֆորմացիան, որը կարող էր տալ՝ մնալով անանուն։ Այսինքն, մեր սպառողը կզրկվի այն ինֆորմացիայից, որն ինքը մինչ այդ ստանում էր։

«Օրինագիծը հակասահմանադրական է, հակասում է մարդու իրավունքների հիմնադիր օրենքներին․ մարդը իրավունք ունի լինելու ինֆորմացված։ Անձանց մի խմբակ, որը 2018 թ-ին եկել է իշխանության հենց այդ ալիքի վրա՝ ժողովրդավարական արժեքներ, խոսքի, հավատքի ազատություն, որի 90 տոկոսը կազմում են նախկին լրագրողներ կամ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ պայքարում էին խոսքի ազատության համար, մարդու իրավունքների համար, հենց հասան աթոռի և փոքր կնիքի, որոշեցին, որ կարող են այս կամ այն ձևի սահմանափակել հայ քաղաքացու՝  ինֆորմացված լինելու իրավունքը»,-ասաց  Սերգեյ Չամանյանը։

Նա վստահ է, որ այս փոփոխությունից կտուժեն նաև լրագրողները, որովհետև ինֆորմացիան կդառնա տխուր, կդառնա նույնանման և կդառնա սանրված ցենզուրայով՝ պետական և նոր կարգով սանրված։

«Եթե բոլոր լրատվամիջոցները լինեն նույնանման՝ կշահեն այն լրատվամիջոցները, որոնք ունեն այս կամ այն գերիշխող դիրքը դաշտում։ Եթե փոքր ԶԼՄ-ն, որն ունենում էր աղբյուրներ պետական, ուժային մարմիններում, բայց չէր բացահայտում այդ աղբյուրները, և ինքն ապրում էր դրա հաշվին, որ ունենում էր էքսկլյուզիվ նյութեր, որոնք վերատպվում էին գերիշխող ԶԼՄ-ներում, այժմ այդ հնարավորությունը կկորի և կկորի այդ ԶԼՄ-ն։ Այսինքն, մենք կունենանք նաև զտում»,-ասաց «Մեդիա պաշտպանի» ղեկավարը։

Մանրամասն՝ տեսանյութում․