կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 13:38
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխող խմբակն ուզում է, որ ասենք՝ օօօ՜, մեր Բենամուկին եկավ ու ասաց, որ արևն այսօր վեր է կենում արևմուտքում․ Սերգեյ Չամանյան

Մեր իշխող կուսակցությունը, երևի, ուզում է, որ մենք էլ կանգնենք ու ասենք՝ օօօ՜, մեր Բենամուկին եկավ ու ասաց, որ արևն այսօր վեր է կենում արևմուտքում և ոչ արևելքում, և մենք պիտի հավատանք, որովհետև դա միակ հավաստի աղբյուրն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց  «Մեդիա Պաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանը՝ մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության առաջարկը՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում կատարելն արգելելու նպատակով։

«Մենք տեսնում ենք ցույցի ընթացքում ընկած լրագրողի ու լրագրողները ձեռք չեն մեկնում, մենք տեսնում ենք, որ մեր լրագրողներին հակաօրինական ձևով, լկտիաբար արգելում են մուտքը և գրանցումը ԱԺ, բայց լրագրողական համայնքը լռում է, լռում են կազմակերպությունները, որոնք կոչված են պաշտպանելու լրագրողների շահերը, խոսքի ազատությունը, քաղաքացիների շահերը ինֆորմացիոն դաշտում։ Դա շատ մտահոգիչ է։ Արդյո՞ք գրանտներն են պակասել կամ դերերն են պատրաստ և ամեն ինչ գոհացնում է, արդյո՞ք օրակարգն է փոխվել․․․»,-նշեց նա։

Սերգեյ Չամանյանը կոչ է անում, որ լրագրողները, օպերատորները, ֆոտոնկարիչները համախմբված դուրս գան ու պահանջեն։

«Մենք պետք է սովորեցնենք մեր ընթերցողին՝ ո՛նց են իրեն խաբում, ո՛նց են իր ընտրած պատգամավորները մսխում գումարները և կրճատում իր ազատությունները»,-ասաց Սերգեյ Չամանյանը։

Նա հիշեց ասացվածքը․ երբ գալիս էին հրեաների հետևից՝ ես լռում էի, երբ գալիս էին ցիգանների հետևից՝ ես լռում էի, իսկ հիմա եկել են իմ հետևից, և ոչ մեկը ձայն չի հանում, որովհետև ես մնացել եմ միայնակ։

«Եկեք այնպես անենք, որ չմնանք միայնակ․ թույլ չտանք, որ մեզ որակավորում տան մարդիկ, որոնք իրենց համարում են ազգի ընտրյալ, բայց այդպիսին չեն հանդիսանում, որովհետև ազգն իրենց չի ընդունում այլևս»,-ասաց նա։

Սերգեյ Չամանյանը նշեց, որ, ըստ օդից կախված լուրերի, մեր քայլող իշխանությունը սերտորեն կապված է սոցիական ցանցերի հետ՝ իրենք եկել են իշխանության սոցիալական ցանցերով, առայսօր իրենց ռեյտինգները չափում են սոցիալական ցանցերի միջոցով՝ լայվերի, ֆեյքերի քոմենթների միջոցով և ուզում են ունենալ մենաշնորհ սոցցանցերում։  Բայց քանի որ սոցցանցերում նրանք կորցնում են իրենց դիրքերը, ըստ օդում կախված լուրերի, իրենք այդ նոր օրինագծով փորձում են հարվածել հենց սոցցանցերին, որոնք չեն կարողանում կառավարել՝ օրինակ, Տելեգրամ ալիքներին, որտեղ բավականին շատ լրատվական ալիքներ կան արդեն և աճում է հիմնականում այնպիսի մասսան, որը փորձում է զտել իրական ինֆորմացիան։

«Փորձը ցույց է տվել, որ մեր օրենքը աշխատում է ոչ թե քաղաքացու համար, այլ իշխող ուժի համար։ Անցյալ տարի 60-ից ավելի ադմինիստրատիվ գործեր են հարուցվել, երբ իշխանության ներկայացուցիչները դատի են տվել ԶԼՄ-ներին, լրագրողներին, մյուս քաղաքացիներին՝ զրպարտության, սուտ տեղեկությունների տարածման և վիրավորանքի համար։ Այդ գործերի 80 տոկոսը ավարտվել է ի օգուտ քաղաքացիների, ԶԼՄ-ների և լրագրողների, մնացած 20 տոկոսն է  հօգուտ հայցվորների վճռվել։ Բայց այդ ժամանակը, որ ծախսում են լրագրողները, ԶԼՄ-ները, քաղաքացիները այդ քաշքշուքի վրա, մարդկանց ստիպում են հեռու մնալ և զգուշորեն տարածել ինֆորմացիան, կամ ընդհանրապես չտարածել այդ ինֆորմացիան և հանգիստ մեկնել Հայաստանից»,-ասաց նա։

Նա կարևորում է, որ մեր լրագրողական համայնքը համախմբվի, քանի որ, նրա համոզմամբ, լրագրողական համայնքը այն եզակի ինստիտուտներից է, որը կայացել է բանակի, բանկային համակարգի հետ համատեղ, բայց հիմա ստացվում է, որ՝ ոնց որ ապտակ կերած համայնք լինի։

Սերգեյ Չամանյանը մանրամասնել է նաև, թե ինչով է վտանգավոր ԶԼՄ մասին օրենքում փոփոխության՝ իշխանական թիմի առաջարկը։

Մանրամասն՝ տեսանյութում․