կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-03 16:31
Քաղաքական

Չեմ բացառում Սերգեյ Ներսիսյանի՝ փոխքաղաքապետ չընտրվելու հավանականությունը. «Իմ քայլը»-ում նրա հանդեպ կա հակառակ տրամադրվածություն․ Անի Խաչատրյան

Չեմ բացառում Սերգեյ Ներսիսյանի՝ փոխքաղաքապետ չընտրվելու հավանականությունը. «Իմ քայլը»-ում նրա հանդեպ կա հակառակ տրամադրվածություն․ Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը վստահ է՝ ավագանու՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստը բավականին թեժ կանցնի, քանի որ ամիսների դադարից հետո ընդդիմադիր խմբակցությունների անդամների շրջանում մի շարք հարցեր են հասունացել։ Yerkir.am-ի թղթակիցը զրուցել է ավագանու անդամի հետ նիստի օրակարգում ներառված խնդրահարույց հարցերի մասին։

 - Տիկի՛ն Խաչատրյան, սեպտեմբերի 8-ին կայանալու է Երևանի ավագանու նիստը։ Մամուլը գրում է, որ ավագանու նիստի օրակարգում մի շարք խնդրահարույց հարցեր կան։ Խոսքը, մասնավորապես, ավագանու նիստերի անցկացման կարգում փոփոխությունների մասին է։ Ի՞նչ խնդրահարույց կետեր կառանձնացնեք։

- Ինձ թվում է՝ սա խնդրահարույց է իշխանությունների համար, որովհետև խնդրի առաջ գործադիր իշխանությունն է կանգնելու, ոչ թե ընդդիմադիր կամ իշխանամետ ավագանին, քանի որ այդ փոփոխություններով նախատեսվում է երկու ամիսը մեկ հարց-պատասխան անել, իսկ անցած տարի «Լույս» խմբակցությունը նախագիծ էր բերել, որ այն ամեն ամիս լինի։ Հիմա հետ է փոխվում ձևաչափը՝ նորից երկու ամիսը մեկ, բայց փոխարենը միջանկյալ ամիսներին, երբ հարցուպատասխան չկա, ավելանում է ելույթների հնարավորությունը, այսինքն՝ մենք կարող ենք վեր կենալ, ելույթ ունենալ ինչի մասին ուզում ենք, բայց պատասխանող կողմ չի լինելու։ Վերջինս, ըստ էության, պաշտպանվելու կամ պատասխանելու հնարավորություն չի ունենա։ Ինձ համար զարմանալի է, որ այս նախագիծը մեծամասնություն կազմող իշխանական ավագանին է բերել, որովհետև սա ի վնաս իրենց է։

Էապես փոխվում է նաև արտահերթ ելույթի հնարավորությունը։ Եթե մինչ այս խմբակցության ղեկավարներն էին արտահերթ ելույթի հնարավորություն ունենում, ապա հիմա, խմբակցության ղեկավարի որոշմամբ, արտահերթ ելույթ կարող է ունենալ ավագանու ցանկացած անդամ։ Բավականին ընդդիմադիր նախագիծ է։ Մի քանի կետ կա, որոնց հետ համաձայն չենք, խմբակցությունում դեռ չենք քննարկել, թե ինչպես ենք քվեարկելու նախագծին, բայց այս նախագիծը, իմ պատկերացմամբ, ավելի շատ ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացվելու նախագիծ էր, քան՝ իշխանության, դրա համար էլ ասում են, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից գործադիր իշխանությանը թիկունքից հարվածող հերթակա նախագիծն է։

-Այդ դեպքում ինչո՞ւ է նման նախագիծ ներկայացվում ավագանիում մեծամասնություն կազմող խմբակցության կողմից։

-Չեմ կարող ասել։ Նրանք պատճառաբանում են, որ նիստերը երկար են տևում, բայց այս ֆորմատով էլ նիստերը նույն տևողությամբ են լինելու։ Մինչ օրս հարցուպատասխանի հերթականությունը հետևյալն էր՝ «Լույս»-ից, ԲՀԿ-ից և «Իմ քայլը»-ից հարցերը հերթով տալիս էինք, ու քանի որ թե′ մենք, թե′ ԲՀԿ-ն փոքր խմբակցություններ ենք, մեր հարցերը շատ արագ էին սպառվում և մենք լքում էինք դահլիճը՝ չմնալով մինչև վերջ։ Իսկ նախագծի փոփոխություններից մեկը ենթադրում է, որ հիմա գրանցումը պարտադիր էլեկտրոնային եղանակով պիտի լինի, ու եթե, օրինակ, «Լույս» խմբակցության որևէ անդամ լինի վերջին հարցը տվողը, նա պիտի մնա մինչև վերջ։ Նրանց հիմնական նպատակն է, որ մենք շուտ չավարտենք և մինչև վերջ մնանք նիստերին։      

- Օրակարգում է նաև փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանի ընտրության հարցը։ Այս մասով ի՞նչ որոշում ունեք։

-Կարծում եմ՝ շատ բարդ է լինելու փոխքաղաքապետի այդ թեկնածուի համար աշխատելը, որովհետև, շրջանառվող լուրերի համաձայն, որոնք, կարծում եմ, սխալ չեն, «Իմ քայլը» խմբակցությունում նրա հանդեպ կա հակառակ տրամադրվածություն, քանի որ «Իմ քայլն» իր ներսում ուներ նախընտրելի թեկնածու, բայց դա քաղաքապետի լիազորությունն է, և նա է որոշում՝ ում առաջադրել, իսկ ավագանին միայն ընտրում է։ Ամեն դեպքում՝ ինֆորմացիան այնպիսին է, որ «Իմ քայլը»-ում լարված են։ Մենք քվեարկության մասով դեռ չունենք որոշում։ Մոտակա օրերին խմբակցության նիստ կանենք, բայց ինքս քվեարկելու եմ կողմ, կարծում եմ՝ խմբակցության մյուս անդամները՝ նույնպես։

-Այսինքն՝ չե՞ք բացառում, որ «Իմ քայլը» կարող է դեմ քվեարկել  Ներսիսյանի թեկնածությանը։

-Այո, չեմ բացառում, նույնիսկ չեմ բացառում այդ թեկնածուի չընտրվելու փաստը, որովհետև Երևանի ավագանու դահլիճում ամեն ինչ հնարավոր է։

-Ասացիք, որ «Իմ քայլը» ունեցել է իր ցանկալի թեկնածուն, կարո՞ղ եք նշել, թե ում մասին է խոսքը։

-Չեմ կարող ասել։ Ներքին մեկ կամ երկու թեկնածուների մասին էր խոսքը, բայց ես անուններ չգիտեմ։

-Եթե ամփոփելու լինենք նախորդ գումարման ավագանու աշխատանքները, ապա ո՞րն էր, ըստ Ձեզ, ամենամեծ ձախողումը, որը եղավ ավագանու աշխատանքներում։ Կայի՞ն այնպիսի նախագծեր, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։

-Մենք ինքներս անցած գումարման ավագանիում թերացել ենք նախագծեր բերելուց։ Երևի համաճարակային իրավիճակը փոխեց մեր՝ նախագծեր բերելու որոշումները։ Գիտեք՝ շատ բան կար, որ պիտի կյանքի կոչվեր ու չի կոչվել։ Առաջիկայում կունենանք նախագծեր։ Ինքս մի քանի նախագիծ նախապատրաստում եմ։

Առաջիկա նիստը, կարծում եմ, բավականին թեժ կանցնի։ Մի քանի ամիս դադար է եղել, նիստի վերջում հարցուպատասխան կա, մեր՝ ընդդիմադիր ավագանիներիս մոտ, բավական հարցեր են առաջացել։ Ինչպես գիտեք, մեր հարցուպատասխանները երբեք հանգիստ չեն անցնում՝ աղմուկ-աղաղակ է բարձրանում։  

 

Վարդուհի Ստեփանյան